28 Նոյեմբեր, Եշ
Մինչ Հիսնակաց պահքի շրջանը, իրենց սրտում ունենալով Տիրոջ հետևյալ պատգամը, թե՝ գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ (Ղուկաս 6:36), Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում, այս անգամ որպես թիրախ-խումբ ընտրեց Կենտրոն վարչական շրջանի ութ բազմազավակ, անապահով ընտանիքներ:
Կարճ ժամանակահատվածում համայնքի կողմից պատրաստվեցին սննդի և հագուստի փաթեթներ և նոյեմբերի 18-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Տեր Գրիգորի գլխավորությամբ և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ՝ Էվելինա Եղիազարյանի հետ միասին այցելեցին այս բազմազավակ ընտանիքներին: Փաթեթները հանձնելուց հետո Տեր Հայրը տնօրհնեքի կարգ և բժշկության աղոթք կատարեց այդ ընտանիքներում: Փոխանցեց Սրբազան Հոր օրհնությունը և ավելի մոտիկից ծանոթանալով այս ընտանիքների առջև ծառացած խնդիրներին, նրանց կարիքներին ու սպասումներին՝ խոստացավ հնարավորինս հաճախակի դարձնել նման այցելությունները:
«Ուրախալի է տեսնել համայնքի պատրաստակամությունը և համախմբվածությունն այն բոլոր աստվածահաճո գործերում, որ ձեռնարկվում են Տիրոջ փառքի համար: Եվ շղթայաձև իրականություն է դառնում նաև ավետարանական հետևյալ խոսքը՝ եթե մարմնի մեկ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ թե մեկ անդամը պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները»,- ասաց Տեր Հայրը և ավելացրեց, որ առաջիկայում թե՛ այս ընտանիքներից և թե՛ համայնքի առավել կարիքավոր ընտանիքները կներառնվեն սոցիալական այն ծրագրերում, որ իրագործում է համայնքը: Նախատեսվում է նաև այդ ընտանիքների չմկրտված երեխաների մկրտություն:
Նման բարեգործությունները, ըստ եկեղեցու հայրերի, հարստացնում են աշխարհը բարիքով. նրան, ում օգնում է մարդը, ստանում է բարիքի մի մասը, մնացածը ստանում է նա, ով տալիս է, քանի որ հոգին դրանից առավել է պայծառանում:
Կարինե Սուգիկյան