26 Դեկտեմբեր, Եշ
Երկրորդ Համաշխարհայինի տարիներին գերմանացիների գրաված Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում մի կիրակի լյութերականները հավաքվել էին իրենց եկեղեցում: Պատարագի ժամանակ հանկարծ մի քանի հարբած էսէսականներ մտան եկեղեցի: Նրանցից մեկը կրակեց առաստաղին և ընդհատեց պատարագը: Քանի որ լյութերականները չեն ընդունում սրբապատկերները, նրանց եկեղեցիներում պատկերներ չկան: Սակայն այդ եկեղեցու պատին Փրկչի պատկերով մի նկար էր փակցված:
Որոշելով զվարճանալ, էսէսականներից մեկը պոկեց պատից նկարն ու նետեց հատակին:
- Լսե՛ք, քրիստոնյանե՛ր, այժմ բոլորդ դուրս կգաք եկեղեցուց, սակայն մինչ այդ ձեզնից յուրաքանչյուրը կմոտենա այս պատկերին և կթքի Քրիստոսի վրա: Ով չթքի՝ փամփուշտ կստանա ճակատին:
Ատրճանակի փողի դիմաց կանգնած մարդիկ մտածում էին. «Մենք բողոքականներ ենք և համարում ենք, որ Աստծու պատկերները կուռքեր են, որոնք պարտավոր չենք պաշտել: Բայց մյուս կողմից՝ ախր Քրիստոսն է այնտեղ պատկերված և դրանից ոչ մի տեղ չես փախչի: Եկեղեցում էլ հավաքվել ենք Նրան աղոթելու համար: Դեռ մի րոպե առաջ Նրա ողորմածությունն էինք խնդրում և վստահեցնում, որ անսահման սիրում ենք Նրան և երախտապարտ ենք: Իսկ այժմ ողջ մնալու համար պիտի թքենք Նրա վրա, Ում քիչ առաջ այդքան սիրում էինք»:
Սակայն ատրճանակը խիստ ծանրակշիռ պատճառ էր, որպեսզի այնուամենայնիվ թքեին: Եվ նրանք գնացին: Անցնում էին ու թքում Քրիստոսի պատկերին:
Այն առավոտ աղոթողների մեջ տասներկուամյա մի աղջնակ կար: Երբ նրա հերթը հասավ, նա ծնկի իջավ, զգուշորեն սրբեց թքածներն ու համբուրեց Քրիստոսի պատկերը: Նույն վայրկյանին էսէսականը կրակեց, և աղջիկը՝ պատկերն իր արյամբ ներկելով, մնաց եկեղեցու հատակին պառկած:
Դրանից հետո էսէսականներն արագ հեռացան: Իսկ եկեղեցում մնացին մեծահասակները, որ ազատվել էին իրենց կյանքի ամենագլխավոր ընտրությունը կատարելու անհրաժեշտությունից:
Իսկ ի՞նչ կպատահի, եթե մի օր հանկարծ թշնամին մեր եկեղեցի մտնի պատարագի ժամանակ և դրանից ողջ դուրս գալու այդ միակ պայմանը դնի: Ինչպե՞ս կվարվենք: Այդ հիմա կարող ենք քաջ ձևանալ և կուրծք ծեծել, իսկ իրականում ինչպե՞ս կվարվենք: Միգուցե առաջինը հենց դու թքես: Եվ քանի դեռ ինքդ ծնկի չես իջել ատրճանակի փողի առջև, և չես սրբել ուրիշների թուքը, չհամարձակվես դատել նրանց, որոնք այն օրը եկեղեցում էին:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը