Ամենաթանկ նվերը

Մի ծեր իմաստուն քայլում էր ճանապարհով, նայում բնությանն ու հիանում գարնանային վառ գույներով: Հանկարծ մի տղամարդու տեսավ, որն անասելի ծանր բեռ էր տանում ուսերին դրած: Նկատելի էր, թե նրա ոտքերն ինչպես են ծալվում նման ծանրության տակ:

- Ինչո՞ւ ես քեզ այդպիսի տառապանքի մատնում,- հարցրեց ծերունին:

- Ես տառապում եմ, որպեսզի երեխաներս ու թոռներս երջանիկ լինեն,- պատասխանեց խեղճը,- իմ նախապապն իրեն ծանր աշխատանքի է մատնել հանուն պապիս, պապս՝ հանուն հորս, հայրս՝ հանուն ինձ, իսկ ես հանուն իմ երեխաների պիտի տառապեմ:

- Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվեց իմաստունը:

- Դեռ ոչ, բայց իմ երեխաներն ու թոռները երևի կլինեն,- երազկոտաբար բացականչեց տղամարդը:

- Ցավոք, անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը երբեք արծիվ չի դաստիարակի,- հոգոց հանեց ծեր իմաստունը,- Նախ ինքդ պետք է սովորես երջանիկ լինել, և միայն այնժամ կկարողանաս երեխաներիդ էլ սովորեցնել: Հենց դա էլ քո ամենաթանկ նվերը կլինի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

13.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․