Ամփոփվեց գրաբարի 2016թ. օլիմպիադան. հայտնի են հաղթողները

Հունիսի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, թեմական խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

Գլխավոր մրցանակին արժանացավ Քրիստինա Մուրադյանը Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցից: Աշոտ Մկրյանը թիվ 2 ավագ դպրոցից զբաղեցրեց երկրորդ, իսկ Արփինե Մուշեղյանը Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցից՝ երրորդ տեղը:

Կրտսերների խմբում հաղթող ճանաչվեց Աշխեն Պետրոսյանը թիվ 107 միջնակարգ դպրոցից: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Անահիտ Նալթակյանը (թիվ 87 միջնակարգ դպրոց), և Գոհար Առաքելյանը (թիվ 190 ավագ դպրոց) արժանացան խրախուսական մրացնակների` գրականության տեսքով:

Օլիմպիադայում հաղթած պատանիներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվեցին համակարգիչներով ու պլանշետներով: Մրցանակները սահմանել էր «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը:

Շնորհավորելով մրցանակակիրներին Նավասարդ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Երկնքից լուսաշող գծերով կերպավորված հայոց այբուբենը ճառագայթեց երկնակամարում, և աղոթքից ծնված ու տեսիլքով տրված հրաշքը հայացրեց հայոց աշխարհը: Ապա գրվեց Ոսկեդարը Հայի պատմության: Եվ հայերեն առաջին տառերը դաջվեցին մագաղաթների մեջ: Աստված խոսեց հայերեն. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց Ա:1): Հայն աղոթեց հայերեն. «Հայր մեր, որ յերկինս ես…»: Ոսկյա գրաբարն իրապես կոչվեց աղոթքի լեզու: Կորյուն Սքանչելին գրով վկայեց այդ իրողությունը. «Երանելի, ցանկալի և անպայման սքանչելի եղավ աշխարհս Հայոց»: Աստվածաշունչը դարձավ պաշտամունք, գիրը՝ ազգի պահպանման, վերընձյուղման և գուրգուրանքի առարկա:

Սիրելինե՛ր, Վեհափառ հայրապետի օրհնությամբ երկու տարի առաջ կյանքի կոչվեց «Գրաբարյան օրեր» հայրենաշեն ծրագիրը: Եվ այդ ժամանակահատվածում պատվելի ուսուցիչների անլուր ջանքերի շնորհիվ հայոց հոգևոր և իմացական ժառանգությունը սերմանվում է մեր երիտասարդների հոգիների անդաստաններում: Նրանք մեր վաղվա սերմնացաններն են և բուռ-բուռ տարածելու են հունդերը մեր ոսկեղենիկ ժառանգության: Քրիստոսադրոշմ հոգեկերտվածքով դառնալու են ոսկեդարյան քերթողների արժանավոր հետնորդները, քանզի գիտեն «հիշատակ հարգել և չմոռանալ հայ գրիչների երախտիքը» (Ն. Աղբալյան): 

Մեր հատուկ շնորհակալությունը և երախտագիտությունն ենք հայտնում Կրթության և գիտության նախարարության նախկին և ներկա նախարարներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանին, ով նաև մեր թեմական խորհրդի ատենապետն է, և Գևորգյան հոգևոր ճեմարանին՝ իրենց անմիջական աջակցության համար, Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնին, «Ծիրանի» մշակութային հանգույցին: 

Շնորհավորում ենք գրաբարի վսեմությունն ու լույսն իրենց մեջ ամբարած մեր երիտասարդներին նաև ծնողներին և ուսուցիչներին՝ նրանց հայեցի դաստիարակելու և կրթելու համար: Որպես վերջաբան կցանկանայինք հնչեցնել երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի պատգամ-հորդորն՝ ուղղված մեր ազգի զավակներին. «Հաւատա՛, հայ ժողովուրդ, հավատա՛ քո անցեալին, քո պատմութեան, քո հայրերի Աստծուն, նրանց անմահ եւ կենդանի հոգուն, եւ դու չե՛ս մեռնի… Հավատա՛, թէ պիտի ապրի՛ս, եւ այդ հաւատով գործի՛ր, աշխատի՛ր, տքնի՛ր, յուսա՛… Լեզուի, կրօնի, գրականութեան, արուեստի, մշակոյթի պահպանութիւնն ու պաշտամունքը գիտակցական կենդանութեան աղբիւրն է. եւ՝ հիւանդութեան, մահ պատճառող հիվանդութեան, դեղն ու դարմանը: «Մի՛ երկնչիր, բայց միայն հաւատա՛»: Ամեն:

Գրաբարի օլիմպիադան կազմակերպվել է Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում, որը 2014թ.-ից իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 

Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը, խրախուսել ուսուցումը: Այն շարունակական բնույթ է կրում, և առաջիկայում նախատեսվում են նաև ուխտագցություններ, հայագիտական ճամբար, ինտելեկտուալ խաղեր ուսուցիչների ու աշակերտների համար:

Միջոցառման ընթացքում Երևանի թիվ 2 ավագ դպրոցի սաները գրաբարով ներկայացրին Փ. Բյուզադի «Հայոց պատմությունից» մի հատված: Ապա՝ Ս. Ներսես Շնորհալու հանելուկներով ստուգեցին հանդիսատեսի գրաբարյան գիտելիքները: Պատասխանները կռահող բոլոր պատանիներն արժանացան նվերների: Ուսուցչուհի Գայանե Սարգսյանը, շնորհակալության հայտնելով և ընդգծելով ծրագրի կարևորությունը, խոսեց «Գրաբարյան օրեր» ծրագրր մասին, որից ոգևորված 2015թ. սեպտեմբերից գրաբարը պարտադիր դասավանդվում է իրենց դպրոցում:

Երախտիքի խոսք ասաց նաև Երևանի Գ. Գուլբենկյանի թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Լուիզա Սարգսյանը: 

Առաջնորդարանի նախասրահում Երևանի թիվ 87 դպրոցի վեցերորդ դասարանցիները ցուցադրում էին իրենց ձեռքի աշխատանքները. նրանք փորձել էին Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» արտագրել՝ ծաղկելով և նկարազարդելով: Պատանիներն աշխատանքը կատարել էին իրենց հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

04.06.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․