Անառակ գեղեցկուհին

Ապաշխարության ձգտող հոգու վիճակը աբբա Հովհաննեսը հետևյալ առակի միջոցով էր ներկայացնում:

Մի քաղաքում մի անառակ գեղեցկուհի էր ապրում, ով շատ սիրեկաններ ուներ: Իշխանը նրան առաջարկություն արեց.

- Խոստացիր առաքինի կյանքով ապրել և ես համաձայն եմ, որ կինս դառնաս:

Նա խոստացավ: Իշխանն ամուսնացավ նրա հետ ու իր տուն տարավ: Նախկին սիրեկաններն, այս մասին իմանալով, այսպես խորհրդակցեցին միմյանց հետ. «Իշխանը նրան կնության է առել ու իր տուն տարել: Եթե ուղիղ նրա տուն գնանք, ապա իշխանը մեզ չարչարանքների կենթարկի: Ահա, թե ինչ կանենք. տան ետնամասը կգնանք ու կսուլենք նրան: Նա կճանաչի մեր սուլոցն ու դուրս կգա և այդժամ մենք մեղավոր չենք լինի»: Եվ այդպես էլ արեցին: Սակայն կինը, սուլոցը լսելով, ականջները փակեց, վազեց ներքին սենյակն ու իր ետևից դուռը փակեց:

Աբբան հետևյալ կերպ էր բացատրում առակը. անառակ կինը հոգին է, նրա սիրեկանները՝ կրքերը, իշխանը՝ Քրիստոս, ներքին սենյակը՝ հարատև հավատքն է, սուլող սիրեկանները՝ դևերը: Եթե հոգին մշտապես Աստծուն ապավինի, ապա դևերն ու կրքերը վախենալով կհեռանան նրանից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

20.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․