25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21):
Սիրելի հավատացյալներ. Մեր եկեղեցու հայրերը Մեծի Պահոց կիրակիների շղթան պատահական հաջորդականությամբ չեն սահմանել: Նրանք փորձել են մեզ ուսուցանել Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը՝ Արտաքսման կիրակիին հաջորդ կիրակի սահմանելով անառակ որդու պատմությունը: Արտաքսումը դրախտից՝ Աստծո ներկայությունից, մեծագույն մարդկային կորուստն է, որը մարդիկ երբեմն չեն գիտակցում: Մարդը գիտակցեց, թե ինչից զրկվեց միայն այն կորցնելուց հետո: Մինչ այդ՝ նա դրախտի, Աստծո հետ ապրելու երջանկության ըմբռնողությունը կարծես թե չուներ: Երբ կորցրեց, հասկացավ, որ այլևս չունի այն, ինչ ուներ: Անառակ որդու մասին պատմող առակով մեր Տեր Հիսուս Քրիստոս մի մեծ հեղաշրջում է կանխորոշում մարդկության և Աստծո միջև փոխհարաբերության: Մարդը երբեք բարձիթողի վիճակում չի եղել իր Արարչի կողմից: Առավել ևս Հիսուս Քրիստոսի գալստյամբ, Նրա քարոզչությամբ, Նրա բերած լույսով, մկրտությամբ, Սուրբ Հաղորդությամբ և Նրա բերած Ավետարանի միջոցով: Եվ ահա ավետարանական հերթական, սակայն, ուշագրավ այս առակը անառակ որդու մասին մեզ գալիս է պատմելու Տիրոջ ողորմածության և սիրո մասին: Այս առակն ազդարարում է Տիրոջ պատրաստակամությունը՝ սիրով և թևատարած իր բոլոր զավակներին ընդունելու մասին, այն բոլոր զավակների, որոնք իրենց հերթին ևս պատրաստակամ են խոնարհաբար և ողջամտորեն հայտնելու իրենց մեղավորությունը, իրենց անառակությունը իրենց Հոր հանդեպ: Ինչ է նշանակում «անառակ», այսօր այդ բառի առաջին իմաստը անբարոյականն է: Սակայն տվյալ դեպքում անառակությունը ոչ միայն կրտսեր որդու անբարոյական վարքագծով է պայմանավորվում, այլև խորհրդանշում է ողջ մարդկության մեղքերի ամբողջությունը: Այս ծայրահեղ օրինակով Տերը հռչակում է իր անսահման սերն ու ներողամտությունը մեր՝ մեղավորներիս հանդեպ: Տերը մեզ սիրում է մեր սիրելուց առաջ: Եվ դա հստակ երևում է այս առակի հոր աննկարագրելի մեծահոգությունից և վեհանձնությունից: «Եվ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց, վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»: Արդյո՞ք այսպիսի վերաբերմունքի հույս ուներ որդին: Ինչպես Հակոբոս առաքյալի թղթում է ասվում. «Տալիս է ավելի առատապես, քան ինչ խնդրում ենք և մտածում» (Հակոբ. 1:5): Անառակ որդին դարձավ համակ մեղքի ծառա: Տերն ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքի ծառա է» (Հովհ. 8:34): Խորասուզվեց զանազանակերպ մեղքերի մեջ՝ անձնավորելով ողջ մեղավոր մարդկությանը: Սակայն եկավ չքավորության և դառնության ժամանակը, երբ այլևս չկար մեղքերից հաճույք ստանալու բթացած զգացումը. այժմ միայն աղքատություն էր, թշվառություն և մեղքի քաղցրությունից հետո մնացած դառնահամը: Անառակ որդին մի կարևոր առավելություն ուներ. նա կարողացավ ճիշտ գնահատել իր կյանքի ժամանակը: Սկզբնապես կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար վատնեց, մսխեց իր պահանջածը, իր ունեցվածքը, իր կարողությունը: Սակայն, ամենակարևորը, վերջում ճիշտ կողմնորոշվեց, որ ամեն ինչ կորած չէ, որ ինքը դատապարտված չէ, որ դեռևս մի գեղեցիկ ելք կա իր համար. այն է՝ վերադառնալ հոր մոտ: Ահավասիկ մարդուց՝ երկնքում ակնկալվող արարքը, գնալ Տիրոջ մոտ, խոստովանել առաքինության մեջ հարատևելու սեփական տկարությունը և խոնարհաբար ասել. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ»: Աստված չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դարձն ու ապաշխարությունը. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ» (Մաղաք. 3:7), «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա Ձեզ» (Հակոբ. 4:8), «Դարձե՛ք Ինձ մոտ, և Ես կընդունեմ ձեզ» (Երեմ. 3:14): Աստվածաշնչի տարբեր համարներով մենք ականատես ենք լինում հիացման արժանի այն իրողությանը, որ Տերը գնահատում է անելանելի դրության ժամանակ փրկության ելքերի փնտրտուքների համար մարդու գործադրած հնարամտությունն ու խորագիտությունը, զորօրինակ՝ անառակ որդու խելամիտ խորհրդածությունն ու վերադարձը, այրի կնոջ համառությունը դատավորի՝ իր դատը տեսնելու կապակցությամբ, անիրավ տնտեսի հաշվարկած քայլերը: Եվ անառակ որդու գլխավոր առավելությունը նրա խոնարհությունն է, որը փաստվում է Հոր առաջ զղջացած սրտով կանգնելու և «մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» արտաբերած խոսքի իրողությամբ: Ահա թե ինչպես է նկարագրում իր գրչով Ս. Գրիգոր Նարեկացին «մեղայի» ողջ անտեսանելի և հրաշագործ խորհուրդը. «… Ահա արդարև օրհնյալ է սրտի հուսադրական այս բառը՝ «մեղան». սա պատվելի ավանդ է, անմոռաց պատվեր, հայրենական տուրք, նախահայրերի օրենք, … կենդանության կամուրջ, Վերնայինին՝ ախորժելի, սուրբերին՝ սիրելի, անխզելի կապ, հրաշալի բարբառ, անշրջելի պատճառ, բաղձալի աղերս, փափագելի սեղան, սրտաբեկ հնչում, անհնարների ճար, կարծրության վանիչ, աստվածպաշտների կանոն, հեթանոսների գիրք, վաղնջական օրենք, քրիստոնյաներին՝ հարազատ, Արարչությանը՝ հաղթող…» (Բան ԻԷ): Եվ տեսնում ենք հոր գթառատությունը, առանց որևէ կշտամբանքի և անցյալի հիշեցման, նա հրամայում է վերստին տալ նրա շքեղ հանդերձանքը և մորթել պարարտ եզը, որ է՝ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս: Մեծ է Հայր Աստծո ուրախությունը՝ Իր որդիների դարձն ու ապաշխարությունը տեսնելիս. «Որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Աստված ցանկանում է մարդու փրկությունը, որ իր զավակները դառնան դեպի Հոր բաղձալի գիրկը՝ միասին կորուսյալ դրախտ վերադառնալու, խնամքով և եղբայրաբար միմյանց սիրելու, ուրախանալու մեկս մյուսով, լուսավոր և ջերմ հարկի ներքո տոնախմբելու սիրո մեծ ընտանիքի միասնականությունը, երջանկությունը, սրբությունն ու խաղաղությունը: Թող Անառակ որդու կիրակին մեզ ցնծալու առիթ ընծայի, քանի որ այն ուրախության օր է, բերկրանքի օր է, այն հիշեցնում է մեզ, որ մենք հարուստ ենք և վերադարձել ենք ոչ թե հայրական հարստությանը, այլ հենց իսկ մեր Հոր մոտ, ճշմարիտ հայրական սիրուն՝ վայելելով Նրա անսահման սերն ու պաշտպանիչ Աջի օրհնությունը: Շնորհք, սեր, խաղաղություն լինի ամենքիդ հետ: Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան