Անաստվածության պատճառները

Անաստվածության պատճառները | Anastvatsutyan Patcharnery

Հնարավոր չէ իմանալ ներկա պահի դրությամբ աշխարհում ապրող աթեիստների թիվը ճշտությամբ, սակայն համացանցում որոշ պաշտոնական կայքէջեր նշում են, որ նրանց թիվը շուրջ մեկ միլիարդ է:    

Անաստվածություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է վարդապետություն, որը մերժում է Աստծո գոյությունը: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու բժիշկ - քահանա Մաթա Բադին ասում է արաբերեն լեզվով իր գրքում՝ «Իսկապես մենք հավատում ենք», որ գոյություն ունի․

  1. Ուժեղ աթեիզմ (Strong Atheism): Նշանակում է, որ Աստված գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։
  2. Թույլ աթեիզմ (Weak Atheism): Նշանակում է Աստծու գոյությանը չհավատալ, սակայն այն չի ժխտում Նրա գոյությունը։

Ֆրանչեսկո Անյոլի ասում է իր գրքի հայերեն՝ «Ինչու չենք կարող լինել Աթեիստ»  թարգմանության մէջ. «Աթեիստը անհավատ չէ, այլ այլահավատ: Աթեիստը  բացարձակ կերպով ժխտում է Արարիչ Աստծո գաղափարը»:

Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ անաստվածության պատճառներին,  աստվածաշնչական, տրամաբանական, հոգեբանական և այլ մոտեցումներով, որպեսզի մեր հավատքը Աստծո գոյության նկատմամբ միշտ լինի անսասան:

Անաստվածության պատճառներից են՝

Սատանան: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ավագ սարկավագ դոկտոր Միխայիլ Մաքսի Իսկանդարն իր «Հավատուրացության խնդիրներ և ժամանակակից աթեիզմ» արաբերենով գրքում ասում է. «Սատանան աթեիզմի և հավատուրացության տարածման հիմնական աղբյուրն է: Նա պայքարում է՝ կասկածի տակ դնելով Աստծո և Նրա մարգարեների խոսքերը, ինչպես նա արեց Ադամի և Եվայի հետ». «Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք ... Ամենևին էլ չեք մեռնի, այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը» (Ծննդ. 3: 1, 4-5):

Սատանային գլխավոր նպատակը հեռացումն է՝ հեռացնել արարածին Արարչից, մարդուն՝ Աստծուց, մեղավորին՝ Ամենասրբից, որպեսզի անաստված մարդը իր ֆիզիկական մահով կորցնի Երկնքի արքայությունը՝ Հավիտենական կյանքը, այլ խոսքով՝ դատապարտվի հավիտյան տանջանքի:

Մարդիկ: Այստեղ մարդիկը կարող են լինել՝

1. աթեիստ քարոզիչներ, որոնք տեսա-լսողական միջոցներով քարոզում են անաստվածություն աշխարհի տարբեր ցամաքամասերում: Նրանք փորձում են քիչ և մակերեսային գիտական տվյալներով, ինչպես նաև աթեիստ մտավորական մարդկանց խոսքերի մեջբերումներով փաստել Աստծո չգոյությունը,

2. աթեիստ ծնողներ, որոնք չեն հավատում Աստծո գոյությանը: Ընտանիքը յուրաքանչյուր նորածնի առաջին դպրոցն է: Ընտանիքում մանուկը իր ծնողներից ստանում է ոչ միայն մտային գիտելիքներ և ֆիզիկական սնունդ, այլ նաև հոգևոր սնունդ: Տրամաբանական մոտեցումով, ինչպե՞ս մանուկը արագընթաց պիտի հավատա Աստծո գոյությանը, երբ բազմիցս լսած է իր ծնողներից, որ չկա Աստված,

3. կրոն արհամարհող ուսուցիչները, որոնք պնդում են, որ Հիսուս Քրիստոսը պատմական դեմք չէ, Աստվածաշունչը լոկ հեքիաթ է, հրաշքները զուտ հոգեբանական երևույթների արտացոլումն են և այլն,

4. անպարկեշտ ղեկավարները, որոնց դաժան բռնակալությունն ու անարդար վճիռները պատճառ հանդիսացան, որ որոշ մարդիկ կորցնեն իրենց հավատքը Ամենախնամող Աստծո նկատմամբ,

5. Աստծո մասին ծաղրանքով խոսող մարդիկ՝ լինեն նրանք գիտնականներ, փիլիսոփաներ, բանաստեղծներ, դերասաններ և այլն, որոնք իրենց բանավոր խոսքերի և գրությունների միջոցով անարգում են Ամենասուրբ Աստծուն,

6. աթեիստ ազգականները, հարևաններն ու բարեկամները,

7. և այլ մարդիկ:

Տպագրություն: Անաստվածությունը կարող է մեղրի մեջ թույնի նման լինել, լուռ ու մեղմ ձևով ներթափանցել ընթերցողի մեջ՝ հասնելով նրա մտքին գրականության միջոցով: Այստեղ տեղին է նշել, որ Սովետական Միության տարիներին, պետական աթեիզմի քաղաքականության շրջանակներում հրատարակվել են բազմաթիվ աթեիստական գրքեր և իրականացվել են կրոնի դեմ ուղղված աթեիստական քարոզչական միջոցառումներ: Այդ բոլորի նպատակն էր մարդկանց հոգու մեջից արմատախիլ անել Աստվածապաշտության ծառը կամ փչացնել Աստվածասիրության սերմը: Օրինակ՝ կարդում ենք «Բանականության Սիմֆոնիա» գրքում. «Աստծուն հավատալը արդի հասարակության մեջ պահպանված վայրի ու բարբարոս ժողովուրդների հայեցակետն է» (Ի. Ի. Սկվորցով - Ստեպանով), իսկ «Գիտա-աթեիստական գիտելիքները մասսաներին» գրքում. «Այն՝ կրոնը, շարունակում է մթագնել սովետական որոշ մարդկանց գիտակցությունը և խանգարել նրանց ստեղծագործական ակտիվ աշխատանքին»:

Համացանց: Համացանցում գոյություն ունեն աթեիստական կայքէջեր, օրինակ՝ https://atheists.org –ը, https://atheistalliance.org –ը, https://arabatheistbroadcasting.com –ը, և մինչև իսկ Դիմատետրի վրա կան հայ աթեիստներ, որոնք աշխատում են, որ աշխարհի բոլոր մարդիկ լինեն աթեիստներ:

  Կյանքի դեպքեր: Մարդ արարածը իր երկրավոր կյանքում բնականաբար դիմագրավում է բազմաթիվ հակասական իրավիճակների՝ ուրախության և տխրության, հաջողության և ձախողման, սիրո և ատելության, հույսի և հուսահատության, հաղթանակի և պարտության, հանդիպման և բաժանման, առողջության և հիվանդության, խաղաղության և պատերազմի, ծննդյան և մահվան, և այլն։  

Կյանքում պատահած ցավալի դեպքերը կարող են հոգեբանականորեն շատ ծանր ազդեցություն ունենալ, որ մինչև իսկ որոշ մարդիկ, իրենց ազատ կամեցողությամբ  կորցնեն իրենց հավատքը Աստծո նկատմամբ: Օրինակ՝ քաղցկեղից տառապած մոր կյանքն ու մահը կարող է պատճառ հանդիսանալ, որ նրա երեխան լինի աթեիստ, ինչո՞ւ, որովհետև Աստված չկատարեց իր փափագը՝ բուժել մայրիկին:  Անաստվածության պատճառներից մեկը կարող է լինի խնդրո անձը: Օրինակ, մի երիտասարդ ուսանի աստղագիտություն աշխարհի լավագույն համալսարանում, լինի հռչակավոր աստղագետ, ներկա գտնվի համաշխարհային գիտաժողովներում, մեծածավալ և խորածավալ ձևով դասախոսի աստղերի խմբերի, գույների, հեռավորությունների, արագությունների, չափերի և ջերմաստիճանների մասին և այլն, իսկ ավարտին երիտասարդի ներսի աշխարհում աճի մեծամտության որոմը՝ ես ունեմ հսկա գիտություն, չկա Աստված: Կամ մի երիտասարդուհի որոշ ժամանակ անց  հիմնի փոքր ընկերություն, հաջողություն գտնի, սրընթաց ձևով ընդարձակվի իր ընկերությունը տարբեր երկրներում, հարստանա, ունենա պալատներ, հյուրանոցներ, ճաշարաններ, մեքենաներ, նավ, օդանավ, վարորդներ, սպասավորներ, պահակներ և ավարտին ասի. «Աստվածը դրամն է»:  

 Ինչ ասացին որոշ գիտնականներ և մտավորականներ Աստծո մասին

 «Աստված կանգնած է տիեզերքի, բնության և կյանքի յուրաքանչյուր երևույթի հետևում» (French mathematician, astronomer, and physicist Simon Laplace):

«Ես հաստատ գիտեմ, որ Աստված գոյություն ունի, ճիշտ այնպես, ինչպես գիտեմ, որ իմ ընկերները գոյություն ունեն։ Ես նրա գոյությունը ապացուցելու կարիք չունեմ, ինչպես որ կարիք չունեմ ապացուցելու իմ ընկերների գոյությունը» (British astronomer Arthur Eddington):

«Գիտության ոլորտում իմ գործունեությունն ամրապնդեց հավատս Աստծու հանդեպ՝ այն դարձնելով ավելի ուժեղ և հիմնավոր, քան նախկինում էր» (American chemist Andrew Conway Ivy):

«Ես հավատում եմ Աստծուն։ Ես հավատում եմ գերբնական Աստծուն, ով ստեղծեց երկինքն ու երկիրը» (Irish mathematics John Lennox):

Միշտ հիշենք, որ Աստված գոյ է, անկախ նրանից, թե մենք հավատում ենք Նրա գոյությանը կամ ոչ:

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

 

05.08.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․