Եգիպտոսում ոմն իշխանի մասին ասում էին, թե աշխատեցնում էր եղբայրներին և նրանց հնձի վարձը չէր տալիս, և բոլորը փախչում էին նրանից: Ոմն մեծ ծեր լսեց այդ մասին, վերցրեց իր աշակերտին և գնալով նրա մոտ՝ ասաց. «Ուզո՞ւմ ես՝ հնձենք քեզ համար»: Իսկ նա ուրախացած ասաց` այո՛: Եվ նրանց ուղարկեց դաշտ, որ հնձեն, բայց կերակուր չէր տալիս նրանց, այլ իրենց կերակուրը նրանք ուրիշներից էին փոխ վերցնում: Եվ երբ ավարտեցին հունձը, ծերը նրան ասաց. «Տո՛ւր մեզ վարձը»: Իսկ նա սկսեց նեղել նրանց, և նրանք գնացին` ոչինչ չստանալով նրանից: Մյուս տարի դարձյալ եկան նրա մոտ, իսկ նա ծաղրանքով ասաց. «Ահա դարձյալ եկավ անմիտ ծերը»: Եվ նախորդ տարվա պես վարվեց նրա հետ. հինգ տարի այդպես հնձում էր ծերը և վարձ չէր ստանում: Եվ դրանից հետո Աստծո բարկությունը եկավ իշխանի տան վրա, և բոլորը հերթով մեռնում էին: Իր անձի վրա զգալով Աստծո բարկությունը` իշխանը հինգ տարվա վարձն ամբողջովին տարավ Սկյութիա և հանձնեց ծերին, աղաչեց նրան, որ աղոթի իր վրա, և դրանից հետո բժշկվեց նրա ողջ տունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016