Գրքեր

Անհնար է լինել քրիստոնյա՝ առանց սիրելու Քրիստոսին

Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք գիտենք Մարկոս ավետարանչի պատմությունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի և ժամերի մասին: Պատմությունը սկսվում է այն դեպքերի նկարագրությամբ, թե ինչպես, երբ Հիսուս հյուրասիրության էր հրավիրված մեկի տանը, մի կին եկավ Նրա մոտ և ազնիվ յուղ լցրեց Նրա ոտքերին: Այդժամ աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, ասաց. «Այդ յուղը ինչո՞ւ այսպես պիտի կորչեր. կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի եւ տալ աղքատներին» (Մարկոս 14:3 - 7; Հովհ. 12:4 – 8):  Մյուս ավետարանիչը պարզաբանում է, որ նա  այդպես ասաց ոչ այն պատճառով, որ մտահոգվում էր աղքատների համար, այլ որովհետև գող էր և իր մոտ էր պահում դրամներով գանձարկղը, որից, ըստ երևույթին, ժամանակ առ ժամանակ ծախսում էր սեփական կարիքների համար: Բայց եթե նույնիսկ այդ ժամանակ նա մտահոգված լիներ աղքատների համար, միևնույն է, աշակերտները Տիրոջից կլսեին նույն պատասխանը, և այդ խոսքերը ոչ միշտ կարող են հասկանալի լինել ընթերցողին. «Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք»: Այդ խոսքերը նշանակում են, որ քրիստոնեական կյանքի առանցքում կանգնած է Քրիստոսի անձը, և մնացած ամենը դառնում են երկրորդական՝ այդ անձի նկատմամբ, այդ թվում՝ նաև բարի գործերն ու աղքատների մասին հոգածությունը, այն ամենը, ինչ մենք պետք է անենք՝ ըստ Քրիստոսի պատվիրանների: Մեր հոգևոր հայացքն առաջին հերթին պետք է ուղղված լինի անձամբ Քրիստոսին, Նրա դեմքին, Նրա երկրային կյանքի պատմությանը, մեր մեջ Նրա ներկայությանը: Աշխարհում շատ ուսուցիչներ են եղել, որոնք ճիշտ խոսքեր են ասել, սովորեցրել են մարդկանց սիրել մեկ-մեկու, հոգ տանել աղքատների մասին և կատարել մի շարք այլ բարի և օգտակար գործեր: Մեր Տեր Հիսուս Քրիստոս նույնպես շատ բաներ սովորեցրեց Իր աշակերտներին և նրանց միջոցով էլ՝ մեզ, սակայն քրիստոնեության մեջ ամենակարևորը ոչ այնքան Հիսուսի ուսմունքն է, որքան հենց Ինքը՝ Քրիստոս: Մենք երբեք չենք կարողանա Քրիստոսի աշակերտը լինել, եթե օգտվենք միայն Նրա ուսմունքից, բայց շրջանցեք Նրա անձը:

Եղել են և կան մարդիկ, որոնք քրիստոնեության մեջ առաջին հերթին տեսնում են բարոյագիտական ուսմունք, օրինակ՝ Լև Տոլստոյը, որն իրեն ճշմարիտ քրիստոնյա էր համարում, քանի որ համոզված էր, որ հետևում է Հիսուս Քրիստոսի բարոյագիտական ուսմունքին: Սակայն, միևնույն ժամանակ նա չէր ընդունում, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, չէր հավատում Հիսուսի Հարությանը, չէր հավատում այն բոլոր հրաշքներին, որոնք նկարագրված են Ավետարանում: Պարզվում է, որ եթե քրիստոնեությունից թողնենք միայն դրա բարոյական կեղևը, այն կկորցնի իր յուրօրինակությունը և կվերածվի այս կամ այն չափով իրար նմանվող բարոյական ուսմունքներից մեկին:

Իհարկե, Ավետարանում մենք կարող ենք տեսնել այն, ինչ իսկապես նոր է, օրինակ՝ սիրո մասին պատվիրանը: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ,- ասում է Նա,- որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք» (Հովհ 13:34): Սակայն ի՞նչն է, այնուամենայնիվ, այդ պատվիրանում նորը: Մի՞թե մյուս մարգարեները, փիլիսոփաները սովորեցրել են մարդկանց ատել միմյանց: Ո՛չ, նրանք նույնպես խոսել են սիրո մասին: Նորը կայանում է Հիսուսի խոսքերում. «Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք»: Այդպիսով այստեղ, ինչպես և թանկարժեք յուղի վատնման մասին ափսոսանք հայտնած աշակերտին տրված Հիսուսի պատասխանում, առաքյալների ուշադրությունը կենտրոնացվում է Տեր Հիսուս Քրիստոսի վրա:

Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի և ժամերի մասին ավետարանական նկարագրությունը հանգուցալուծում է բոլոր հարցերը: Եթե մինչ այդ Տերը մարդկանց սովորեցնում էր խոսքերով, ապա այստեղ Նա սկսում է սովորեցնել Իր սխրանքով և Իր լռությամբ: Քանզի Նա պատահական չէր լռում դատարանում, պատահական չէր լռությամբ դիմակայում հայհոյություններին և ամբաստանություններին: Նա չէր արդարանում, մահապատժից ազատում չէր փնտրում, քանի որ ինքնակամ էր գնացել մահվան: Նա Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը և անմեղ լինելով՝ տառապեց:  

Աստվածամարդ Հիսուս Քրիստոսի հենց այս սխրանքն եղավ ամենագլխավոր դասը, որը Նա տվեց ամբողջ մարդկությանը՝ բոլոր ժամանակների համար: Հանուն այս սխրանքի Նա եկավ երկիր. ո՛չ նրա համար, որ վայելի երկրային կյանքը և օգտվի դրա բարիքներից, այլ որպեսզի դառնա մեզանից մեկը՝ ոչ միայն Իր մարդկային բնույթով, այլև՝ տառապանքների այն փորձառությամբ, որոնք Նա կրեց:

Ավետարանն ընթերցելիս, մենք մեր մտապատկերում պետք է առաջին հերթին ունենանք Հիսուսին, մեր հոգևոր և առօրյա կյանքում պետք է նախևառաջ կենտրոնանաք Քրիստոսի անձի վրա: Եթե Հիսուս Քրիստոսն ապրի մեր սրտում, ապա բոլոր բարիքները, բարի գործերը՝ ներառյալ աղքատների և կարիքավորների մասին հոգատարությունը, ինքնաբերաբար կկատարվեն, քանի որ մեզ շրջապատող բոլոր մարդկանց մեջ կտեսնենք Հիսուսին: Իսկ եթե մենք մեր սրտում չունենանք Հիսուսին, ապա դժվար կլինի տեսնել Նրան ուրիշների մեջ ևս:

Ինչո՞ւ էին վանականները, և նաև շատ աշխարհիկներ, դարեր շարունակ իրենց գլխավոր սխրանքը համարում Հիսուսի աղոթքն արտասանելը. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմյա ինձ՝ մեղավորիս»: Այս խոսքերը կրկնում էին տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անգամ, և աղոթքն այդ չէր ձանձրացնում նրանց: Ավելին՝ շատ հոգևորականներ աստվածպաշտական արարողությունը փոխարինում էին այս աղոթքի արտասանությամբ և համարում էին, որ այն հանդիսանում է վանական կյանքի առանցքը: Թվում է ի՞նչ օգուտ կարող է լինել անհաշվելի անգամ միևնույն աղոթքը կրկնելուց, միգուցե ավելի լավ կլիներ այդ ժամանակը նվիրել այլ աղոթագրքեր ընթերցելուն կամ, օրինակ՝ բարի գործեր կատարելուն: Մի՞թե վանականը կամ աշխարհիկ մարդը զուր չեն վատնում իրենց ժամանակը՝ սրբապատկերի առաջ երեք ժամ շարունակ կանգնելով, երկրպագություն կատարելով և հարյուր կամ հազար անգամ Հիսուսի աղոթքն արտասանելով: Մարդկային տրամաբանության տեսանկյունից՝ այդ ժամանակն անօգուտ է ծախսված: Իսկ եթե հիմնվենք հոգևոր կյանքի փորձառության վրա, որն արտահայտված է սուրբ հայրերի ու հատկապես ասկետների ու ճգնավորների գրքերում, ապա կտեսնենք, որ հնարավոր է՝ այդպիսի աղոթքը, որն իրենց ներկայացում է անմիջական հանդիպում Քրիստոսի հետ, հանդիսանում է ամենագլխավոր երևույթը, հանուն ինչի արժե ապրել: Այս աղոթքում կարևորագույնը ո՛չ թե արտաբերման քանակն է, այլ ա՛յն, որ արտասանելով այդ աղոթքը՝ մարդն իր սրտում պահում է Անձամբ Քրիստոսին: Եվ եթե Անձամբ Հիսուս Քրիստոսն է մեր մեջ, ապա մնացյալ ամենն ինքնին հարթվում է. այդ պատճառով էին սուրբ հայրերն ասում, որ Հիսուսի աղոթքում ամփոփված է ողջ Ավետարանը:

Երբ մենք ընթերցում ենք Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի և ժամերի մասին, ապշում ենք, թե որքան շատ մարդ կար Նրա շուրջը և որքան քիչ էին նրանց մեջ այնպիսիք, որոնք սիրում էին Նրան, հետևում, որոնք պարզապես ուշադիր էին Նրա հանդեպ: Կար մի ամբոխ, որին քահանայապետերն ու օրենսգետները սովորեցրել էին, որ նրանց առջև ոչ թե մարգարե է, այլ՝ օրինազանց մեկը: Քահանայապետերն ու օրենսգետները իրենք էլ չկարողացան Տիրոջ արարքների ետևում բացահայտել Քրիստոսի անձը, իսկ Նրա կատարած գործերը չէին տեղավորվում առաքինության մասին ունեցած իրենց պատկերացումներում:  Կար հռոմեական կուսակալ, որը հասկանում էր, որ Հիսուսին նախանձի պատճառով են դատել, բայց այդուհանդերձ ոչինչ չարեց Նրան մահից ազատելու համար, չնայած, որ դա իր իրավասությունների սահմանում էր: Բայց եղան և այնպիսի մարդիկ, որոնց անսպասելի կերպով բացահայտվում էր Աստվածային ճշմարտությունը: Մարկոսի Ավետարանում ոչինչ չի խոսվում խելամիտ ավազակի մասին: Իսկ Ղուկասի Ավետարանում կարդում ենք այն մասին, որ Նրա հետ միաժամանակ խաչ բարձրացված չարագործներից մեկը հավատաց Քրիստոսին: Եվ Տերն ասաց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43): Ավետարանում մենք ընթերցում ենք նաև այն հարյուրապետի մասին, որը, տեսնելով, թե ինչպես է մահանում Քրիստոս, հավատքի եկավ և ասաց. «Իրոք այս մարդը Աստծու Որդի էր» (Մարկոս 15:39): Նա չէր կարող լսած լինել Փրկչի քարոզները, չէր եղել Նրա կյանքի և գործունեության ականատեսը, բայց ինչ-որ շատ զորեղ բան դիպավ զորականի սրտին, երբ տեսավ Նրա մահը:

Երբ մարդիկ Ավետարանը վերցնում են և փորձում են այնտեղ կարդալ ոչ միայն կյանքին վերաբերող այս կամ այլ հորդորներ, այլ ավետարանական տողերի արանքում տեսնում են Իրեն՝ Քրիստոսին, այդ ժամանակ է նրանց համար սկսվում ճշմարիտ քրիստոնեության ուղին: Անհնար է լինել քրիստոնյա՝ առանց սիրելու Քրիստոսին: Անհնար է կանգնել քրիստոնեական սխրանքի ուղու վրա՝ առանց լցվելու սիրով և հիանցմունքով մի Մարդու հանդեպ, Ով Աստված է, և ավետարանական յուրաքանչյուր պատմություն բացահայտում է մեզ այդ Մարդուն: Քրիստոսի Չարչարանքների մասին պատմող ամեն մի էջ, հատկապես այստեղ հիշատակված հատվածը, ասում է մեզ այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մարդը՝ հոգևոր և բարոյական կատարելության գագաթին: Ոչ ոք չի կարող ասել, որ Քրիստոսն այդ կերպ վարվեց, քանի որ Աստծո Որդին է: Բայց եղել են և նահատակներ, որոնք կրկնել են Նրա սխրանքը՝ լինելով ամենահասարակ մարդիկ, որոնք մինչև վերջ անցել են ինքնազոհաբերման այդ ճանապարհով՝ այդպիսով նմանվելով Քրիստոսին: Այդ ճանապարհն անցնելու համար նրանք ուժ են ստացել Անձամբ Հիսուս Քրիստոսից, և այդ սխրանքը նրանք կատարել են ոչ թե ինչ-որ ինտելեկտուալ կամ բարոյագիտական պատկերացումներով առաջնորդվելով, այլ որովհետև սիրում էին Քրիստոսին ամբողջ սրտով, սիրում էին կյանքից առավել և կարող էին Պետրոս առաքյալի հետ ասել. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ. 1:21):

Եկե՛ք ավելի հաճախ մեր հայացքն ուղղենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եկե՛ք վերընթերցենք Քրիստոսի Չարչարանքների մասին Ավետարանական պատմությունները: Եկե՛ք մեր սրտերում անվերջ կրկնենք Հիսուսի աղոթքը՝ աղաչելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Նա բնակվի մեր սրտում, վերափոխի մեր կյանքը, օգնի միշտ հիշել Իր մասին: Եթե Քրիստոս միշտ լինի մեր հոգևոր հայացքի առջև, եթե Նա լինի մեր սրտում, ապա մնացյալ ամենը կհաղթահարվի: Ամեն:

 

Միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեև

 

Ռուսերենից թարգմանեց Անի Բրուտյանը

21.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․