6 Հոկտեմբեր, Կիր
Աստծու հետ հաղորդակցվելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է կենդանի՝ բարի գործերով արտահայտված հավատք ունենալ: Քրիստոսահիմն եկեղեցին ուսուցանում և օգնում է իր անդամներին ապրել՝ ճշմարիտ հավատի համաձայն, որ նրանք բոլորը կապված լինեն միմյանց սիրով և այդ սիրո միությամբ էլ միավորվեն եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին: Եկեղեցու անդամները, փրկության հասնելու համար, օգնում են միմյանց ՝ աստվածահաճո կյանք ապրելով, քանի որ մարդու համար լավագույն դասը կյանքում լավ օրինակն է։ Առաջին քրիստոնյաների կյանքի սրբությունը, ինչպես հայտնի է, ուժեղ ազդեցություն ունեցավ հեթանոսների վրա և մեծապես նպաստեց նրանց մեջ Քրիստոսի ուսմունքի տարածմանը։ «Հավատքը բացահայտում է այն, ինչ ճշմարիտ է, և անկեղծ հավատքից է սեր ծնվում, քանի որ նա, ով իսկապես հավատում է Աստծուն, երբեք չի հեռանա սիրուց»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Նոյեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում, Հարությունյան Սոնյային (47տ.) փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Սոնյան իր ամուսնու և երեք զավակների հետ բռնի տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի վարչական կենտրոնից՝ Մարտունի քաղաքից: Սոնյայի ամուսինը՝ որպես զինծառայող, մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Ընտանիքի կրտսեր զավակը Դաունի համախտանիշ ունի: Այժմ բռնահանված ընտանիքը բնակվում է Էրեբունի Խաղաղ Դոնի 1, բն. 160 հասցեում:
«Տեսե՞լ եք ծառի վրա չոր ճյուղ, այն չորացել է, որովհետև հյութ չունի, որ կենդանացնի այն: Իսկ քրիստոնյան դառնում է չորացած ճյուղ, եթե չունի կենդանի հավատք, որն իր կենսունակությունը ցույց է տալիս սիրո և այլ պտուղների միջոցով: Այդպիսին ոչ մի բաժին չունի Քրիստոսի հետ, որ «ճշմարիտ որթատունկ» է (Հովհ. 15:1), և ճշմարիտ քրիստոնյաների հետ, որ Նրա մարմնի անդամներն են (Եփես. 5:30): Նրան խորթ է հավիտենական կյանքի հույսը, քանի դեռ նա այդպիսինն է: Աստված նման մարդուն սպառնում է Իր դատաստանով. «Կացինն ահա պատրաստ է՝ կտրելու ծառերն իրենց արմատներից: Այն ծառը, որ բարի պտուղ չի տա, պիտի կտրվի և կրակը գցվի» (Մատթ. 3:10)»,- ասել է եկեղեցու հայրերից սբ. Տիխոն Զադոնացին:
Կարինե Սուգիկյան