Անոխակալության մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերանն  իր քարոզներից մեկում ասում է, թե երբ չարաբարո մարդկանցից ոմանք քարկոծել էին երանելի Կոստանդիանոս ինքնակալի պատկերը, և շատեր նրան հորդորում էին վրեժխնդիր լինել իր պատկերն անարգողներից և ոչնչացնել այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեցողներին, ավելացնելով նաև, թե կայսեր ամբողջ դեմքը քարերով չարաչար վիրավորվել էր,- նա ձեռքը դեպի երեսն էր տարել և ծիծաղելով ասել.

-Ո՛չ խոց եմ տեսնում երեսիս, ո՛չ էլ ցավ զգում, գլուխս առողջ է և երեսս՝ ողջ:

Նրանք էլ լսելով ամոթահար էին եղել և հրաժարվել իրենց չար խրատներից:

††† 

Սուրբ Հովհան Ողորմածը եղբորորդի ուներ, ով կռվելով մի պանդոկապետի հետ՝ նրա կողմից մեծագույն անարգանքի ենթարկվեց: Եվ քանզի այս բանը հայտնապես կատարվեց, այն էլ անարգ մարդու կողմից, ինքն էլ մանավանդ պատրիարքի եղբորորդին էր, այս պատճառով, խոցոտված սրտով, կարեվեր, սաստիկ լացով եկավ նրա սենյակ: Հեզահոգի պատրիարքը, նրան այսպիսի զայրույթի մեջ տեսնելով, կանչեց և հարցրեց նրա տրտմության պատճառը: Իսկ նա սաստիկ տրտմության պատճառով չէր կարողանում հայտնել, և մերձավոր մարդիկ ամեն ինչ հայտնի դարձրին պատրիարքին: Իսկ վերջինս, որպես ճշմարիտ բժիշկ, իր եղբորորդու բարկությունն սկսեց մեղմորեն հանգցնել` ասելով.

-Արդարև դա այդպես է. արդյոք հնարավո՞ր է, որ որևէ մեկը համարձակվի քո դեմ իր բերանը բացել: Հավատա՛, որդյա՛կ, այնպիսի գործ կանեմ այսօր, որ բովանդակ Ալեքսանդրիան  զարմանա:

Եվ նրան փոքր-ինչ հանդարտված տեսնելով և կարծելով, թե պանդոկապետը հայտնապես կպատժվի` գրկեց նրան և ասաց.

-Որդյա՛կ, եթե իսկապես իմ եղբորորդին ես, պատրաստի՛ր քեզ գանակոծության ու ամեն մարդու անարգանքին, քանզի ճշմարիտ ազգակցությունը ոչ թե արյունից ու մարմնից, այլ հարազատ առաքինությունից է ճանաչվում:

Ապա ուղարկեց ու պանդոկապանին կանչեց և նրան ազատեց բոլոր հարկերից, այնինչ ովքեր այս մասին լսեցին, զարմացան և հասկացան նրա ասածը, թե` «Այնպիսի գործ կանեմ, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա», քանզի ոչ միայն վրեժխնդիր չեղավ, այլև պատժի փոխարեն նրան շնորհներ արեց:

 

 

Հայելի վարուց

 

04.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․