25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ. գուցե թե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այդ» (Ղուկ. 13:6-9)։
Սիրելի´ հավատացյալներ,
Այսօրվա առակը, որին պետք է անդրադառնանք, պահպանվել է միայն Ղուկասի ավետարանում, և մինչ փորձենք հասկանալ առակի բուն իմաստը, պետք է մի փոքր հետ գնանք և տեսնենք, թե ինչ դեպքեր նախորդեցին սրան, որոնք էլ պատճառ եղան, որ Հիսուս Քրիստոս պատմի այս առակը:
Եվ այսպես, Հիսուսին մոտեցան մարդիկ և պատմեցին զոհ մատուցող այն գալիլեացիների մասին, որոնց սպանել էին Պիղատոսի զինվորները (Ղուկ. 13:1): Նրանք ցանկանում էին իմանալ Քրիստոսի կարծիքն այս հարցի մասին, քանի որ կարծում էին՝ սպանվողները մեղավոր էին, որովհետև ապստամբել էին Պիղատոսի դեմ, որն այդ ժամանակ կուսակալն էր, և հարուցել էին նրա զայրույթը ողջ հրեա ժողովրդի դեմ, և դրա համար էլ Աստված պատժել էր նրանց:
Հիսուս Քրիստոս չժխտեց այն փաստը, որ նրանք մեղավոր էին, բայց և չասաց, թե նրանք տուժեցին, քանի որ կենդանի մնացածներից ավելի մեղավոր էին։ «Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծո՞ւմ եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։ (Ղուկ. 13:2,3): Ինչպես նաև բերեց այն տասնութ հոգու օրինակը, որ մահացել էին Սիլովամի աշտարակի փլուզման հետևանքով`ասելով. «Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:4,5):
Երբ մեզ հետ որևէ դժբախտություն է պատահում, կամ ծանր փորձության ենք ենթարկվում, ակամա հարց ենք տալիս մեզ, թե ինչո՞ւ արժանացանք սրան: Կամ եթե դա մեկ ուրիշի հետ է պատահում, շատերը մտածում են, որ ուրեմն նա ծանր մեղք էր գործել և արժանացավ Աստծու պատժին: Ճիշտ է, որոշ դեպքերում պատահածները Աստծու արդար զայրույթի պատճառ են, սակայն Տերը զգուշացնում է մեզ ընդհանուր առմամբ այսպես մտածելուց և դատելուց, նախ` քանի որ բոլոր մարդիկ էլ մեղք գործում են, և հետևաբար բոլորն էլ անխտիր պատժի են արժանի, և երկրորդ` գիտենք, որ շատ ու շատ սրբեր ու նահատակներ նույնպես զրկանքներ են կրել ու չարչարվել, հետևաբար ոչ միշտ է, որ դժբախտությունը գործած մեղքի հետևանք է: Աստծու սերը հեռատես է, իսկ գութը` ամենատես և համբերող մեր` մեղավորների նկատմամբ: Աստված մեզ միշտ էլ առիթներ է տալիս զղջալու և ապաշխարելու: Տեր Հիսուսն էլ զգուշացնում է մեզ` ասելով. «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Նման դեպքերում էլ միակ կոչն ապաշխարությունն է: Միակ ճանապարհը` մեղավորների փրկության:
Այս դեպքերից հետո է, որ մեր Տերը պատմում է այն հարուստ մարդու մասին, որը շատ գեղեցիկ այգի ուներ, և այդ այգում նաև աճում էր մի թզենի, որը, սակայն, պտուղ չէր տալիս: Ամեն անգամ հարուստ այգետերը գալիս էր` այդ ծառից թուզ քաղելու, սակայն ամեն անգամ` վերադառնում հուսախաբ և ձեռնունայն: Այսպես երեք տարի սպասելուց հետո պարտիզպանին ասում է, որ կտրի անպետք ծառն ու փոխարենը նորը տնկի: Սակայն պարտիզպանը, որն այդքան ժամանակ խնամել ու հոգ էր տարել ծառի մասին, աղաչում է նրան, որ ևս մեկ հնարավորություն տա` հավելյալ միջոցներով մի տարի ևս խնամելու ծառը, և եթե այդքանից հետո էլ ծառը պտուղ չտա, այն ժամանակ կհատի այն:
Սիրելի՛ հավատացյալներ, հարուստ այգետերն այս առակում, անշուշտ, խորհրդանշում է Հայր Աստծուն, պարտիզպանը` Հիսուս Քրիստոսին, իսկ անպտուղ թզենին` այն ժամանակների հրեա ժողովրդին, որ անտարբեր մնաց Քրիստոսի քարոզչությանը, իսկ այժմ` նաև մեզ: Նախ պարզաբանենք, որ Հրեաստանում այն ժամանակ թզենու հատուկ այգիներ չկային, և ուղղակի կարելի էր թզենի տնկել այգու մի հատվածում: Հենց այսպես էլ վարվել էր առակի Պարտիզպանը: Եվ մեզանից ամեն մեկն էլ այս թզենու նման տնկվել է Աստծու այգում, այսինքն` Եկեղեցու հովանու ներքո, և ինչպես Այգետերն է պտուղներ ակնկալում ծառից, այնպես էլ Աստված մեր մեջ պիտի փնտրի այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և Իր Եկեղեցի բերեց:
Հրեաստանում շատ սուղ էր բերրի հողը, և մարդիկ շատ թանկ էին գնահատում դրա ամեն կտորը: Այդ պատճառով էլ այգու Տերն իրավամբ տարակուսում է, թե թզենին ինչո՞ւ պիտի զբաղեցնի այդքան թանկագին հողը, ստանա արևի կենարար լույսը, կլանի հողի օգտակար հանքանյութերն ու խոնավությունը, բայց պտուղ չտա: Սակայն հոգատար Պարտիզպանն իսկապես ի սրտե սիրում ու խղճում էր այդ անպտուղ ծառը, ուստի և աղերսում է այգու Տիրոջը ևս մեկ տարի էլ սպասել` խոստանալով ավելացնել թզենու խնամքը, պարարտանյութերով ավելի հարստացնել հողն անգամ այն դեպքում, որ սովորաբար թզենին հավելյալ պարարտանյութի կարիք չի զգում: Հետևաբար Պարտիզպանը պատրաստ էր նույնիսկ արտակարգ միջոցների դիմելու, որ թզենուն օգներ պտղաբերել` այդպիսով ապահովելով նրա հետագա գոյությունը: Այդպես է վարվում նաև Քրիստոս: Նա պատրաստ է մարդու համար ստեղծել հոգևոր աճի բոլոր անհրաժեշտ պայմանները: Միայն թե մարդն ուղղվի ու սկսի հավատի պտուղներ տալ:
Իսկ որո՞նք են այն պտուղները, որ Աստված ակնկալում է մեզանից, սիրելինե՛ր: Անշուշտ դրանք քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծու և մարդկանց հանդեպ, գթությունը, արդարամտությունը, խոնարհությունը, մեծահոգությունը, ողորմածությունը և այլն, որոնց ձգտում է Քրիստոսին նմանվել ցանկացող յուրաքանչյուր հոգի: Եվ Տերն անասելի ուրախանում է, երբ տալիս ենք այս պտուղները: Երկնային գթառատ Տերը պատրաստ է համբերել և սպասել նույնիսկ այն ժամանակ, երբ քիչ պտուղ ենք տալիս, սակայն երբ ամենևին դադարում ենք բարի պտուղներ տալուց, հարցնում է Որդուն, թե ինչու է այդ անպտուղ մարդն իզուր տեղ զբաղեցնում երկրի երեսին: Ավելի լավ չէ՞ այդ տեղն ազատել մեկ ուրիշի համար, որը բարի պտուղներ կբերի: Սակայն մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոս, որ մարդացավ և մահացավ` մարդկության փրկության համար, միշտ մեր բարեխոսն ու միջնորդն է Երկնավոր Հոր առջև և ամեն միջոցի դիմում է՝ Հորը համոզելու, որ քիչ էլ համբերի: Նա աղաչում է Հորը սպասել, մինչև Ինքը բոլոր պայմանները ստեղծի, որպեսզի մարդն ուղղվի, ապաշխարի և սկսի բարի պտուղներ տալ:
Այսպիսին են Տիրոջ հարաբերությունները մեզանից յուրաքանչյուրի հետ: Այսպիսին է Նրա սերը և՛ արդարների, և՛ մեղավորների հանդեպ: Բարեգութ Աստված միշտ էլ ականջալուր է Որդու, Ամենասրբուհի Մարիամ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսություններին և «անպտուղ ծառերն» անմիջապես չի կտրում, այլ բոլորին էլ ժամանակ ու հնարավորություն է ընձեռում` մեղքերը գիտակցելու, զղջալու և ապաշխարելու: Եվ քանի որ մեղքը գործվում է երեք մակարդակով` մտքով, խոսքով և գործով, և ամեն ինչի սկիզբը միտքն է, հետևաբար, եթե ուզում ենք ուղղվել, սրբվել մեղքերից, պիտի նախ մաքրենք, փոխենք մեր միտքը: Իսկ ապաշխարության համար միայն զղջումն ու խոստովանությունը բավարար չեն, պետք են նաև բարի գործեր: Հենց դրա համար էլ Աստված մեզ ժամանակ է տալիս, որ ինքներս մեզ հարցնենք, թե արդյոք ինչ բարի գործեր ենք անում, ինչ բարի պտուղներ ենք բերում:
Աստված շատ բարեգութ է նրանց հանդեպ, ովքեր սայթաքում ու վայր են ընկնում, սակայն նորից ոտքի են կանգնում, բայց չենք կարող հուսալ, որ Նա անվերջ հաբերատար կլինի մեր անօրենություններին ու անպտուղ կյանքի հանդեպ, և առակն էլ հստակ ցույց է տալիս, որ դա չի կարող անվերջ շարունակվել. Աստված տալիս է վերջին հնարավորությունը. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ. գուցէ թե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այդ» (Ղուկ. 13:9): Մեր հոգատար Պարտիզպանը` Հիսուս Քրիստոս, ամեն ինչ արել է մեր փրկության ճանապարհը հարթելու համար, և հիմա միմիայն մեր հավատքից, մեր ապաշխարումից ու մեր «պտուղներից» է կախված՝ կգնա՞նք այդ ճանապարհով, թե ոչ:
Այսպիսով, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, մեզ երկրային կյանք է տրվել, որպեսզի Աստծուն մատուցենք արդարության և քրիստոնեական կատարելության պտուղներ: Այս նպատակը միշտ պետք է մեր առջև ունենանք և մեր առաքինի կյանքի պտուղներով ուրախացնենք Տիրոջը: Եվ այնժամ մեր Տերն էլ մեզ չի կտրի անպտուղ թզենու պես ու Ահեղ Դատաստանի ժամանակ կրակը նետի, այլ Երկնային Արքայությունում Իր հավերժ ուրախությանը մասնակից կանի: Ամեն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան