23 Դեկտեմբեր, Բշ
Սբ. Զատկի տոնին հաջորդող 50 օրերի ընթացքը՝ Հինանց շրջանը, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին անվանում է հարության օրեր: Հարության այս օրերից մեկին՝ մարտի 29-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հանդես եկավ Սբ. Հարությանը նվիրված ներկայացմամբ, որը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Ներկայացմամբ երիտասարդները ցավալի մի խնդիր վեր հանեցին, այն է, որ այսօր մարդկանց մի մասն անտարբեր է իր հոգու և հոգևորի հանդեպ: Հայ քրիստոնյան այս տարի արդեն նշել է հինգ տաղավար տոներից երկուսը՝ Սբ. Ծնունդ և Աստվածհայտնությունն ու Սբ. Զատիկը: Իսկ ինչպե՞ս է նշել այս տոները, վերապրե՞լ է տոների խորհուրդներն ու ուրախությունը, ի՞նչ մտորումների և նոր անելիքների պատճառ են հանդիսացել քրիստոնյա անձի համար քրիստոնեական հիմքը և հաղթանակը հանդիսացող այս տոները: Այս մտորումներն ու խնդիրներն էին բեմից հնչեցնում երիտասարդները: Նրանցից մեկը Սբ. Ծննդյան ուրախ ավետիսը փոխանցում է իր ծանոթներին ու ընկերներին և ցավալիորեն հինգից միայն մեկն է արձագանքում իր ուրախությանը: Մյուս չորսն, անհետաձգելի ու շտապ գործեր ունենալով, անտարբերություն են ցուցաբերում աշխարհին փրկություն պարգևող տոնի ուրախությանը:
«Զորավոր» երիտասարդաց միության նորաստեղծ երգչախումբը գեղարվեստական ղեկավար և միության անդամ Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ ներկայացումը լիացրեց Սբ. Պատարագի հատվածներով, Սբ. Ծննդյան և Սբ. Հարության շարականներով:
«Քրիստոս ծնաւ» շարականի երգեցողությունից հետո, հանդիսատեսի առջև բացվեց Քրիստոսի Հարությանը նախորդող իրադարձությունները՝ խորհրդավոր ընթրիքը, ոտնլվան, առաքյալների դեպի Աստված տանող ճանապարհի որոնումները և Քրիստոսի պատգամներն ու քաջալերանքը նրանց՝ քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին (Հովհաննես 17:33):
Հավատում եմ ես Հզորիդ խոսքին ու հաստատում այն,
Լսի՛ր, Տե՛ր Հիսուս, լռության սրտիս,
Որ մեծահառաչ ու երկարագոչ հնչումն է առ Քեզ:
Տեսարանն ընդմիջվեց Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» վերոհիշյալ խոսքերով սկսվող 53-րդ գլխի աղոթքով:
«Հրեշտակային» շարականի երգեցողությունից հետո հանդիսատեսը հայտնվեց Գեթսեմանիի այգում՝ ականատես լինելով Քրիստոսի աղոթքին և առաքյալների քնով անցնելուն, ինչին Տերն ի պատասախան ասաց. «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է» (Մատթեոս 26:41):
Ապա հանդիսատեսն ունկնդրեց «Ո՞ւր ես մայր իմ» շարականը և Սբ. Գրիգոր Նարեկացու Քրիստոսի չարչարանքների, փրկագործության, Նրա անսահման սիրո ու ողորմածության մասին պատմող ի խորոց սրտի Տիրոջն ուղղված խոսքերին (Բան ՀԷ, ԻԸ):
Հրեշտակը յուղաբեր կանանց հայտնում է Քրիստոսի Հարության ավետիսը, առաքյալները մեծ ուրախություն են ապրում, տեսնելով Քրիստոսին, իսկ թերահավատ Թովմասին Տերն ասում է. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՛. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու» (Հովհաննես 20:29):
Հիսուս Պետրոսին, իր ուրացումների թվի համապատասխան, հետևյալ հարցն է տալիս՝ Սիմոն՝ Հովնանի որդի, սիրում ես Ինձ: Պետրոսն երեք անգամ էլ պատասխանում է՝ այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ և նույնքան անգամ էլ Քրիստոսից լսում է՝ արածացրո՛ւ Իմ ոչխարներին:
Հարության ուրախությունն ապրող քրիստոնյան ցանկանում է իր ուրախությունը կիսել իր միջավայրի հետ, ցավոք երբեմն հանդիպում է քար անտարբերության: Այս անգամ ևս Սբ. Հարության ավետիսը փոխանցող երիտասարդին միայն մեկ հոգի՝ մի աղքատ է ուրախությամբ արձագանքում՝ ասելով՝ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ աւետիս:
«Քրիստոս յարեաւ» շարականն ևս մեկ անգամ ազդարարեց Հարության ուրախությունը:
Ներկայացման ավարտին «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը, Սբ. Հարության ողջույնը փոխանցելով ներկաներին, ասաց. «Սբ. Հովհաննես առաքյալի միմյանց սիրելու պատգամն այսօր մենք տեսանք մեր երիտասարդների սրտերում և հոգիներում: Այդ սիրով է, որ իրենք զորացած, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության իրողությունը կարողացան հրաշալի կերպով ներկայացնել: Վստահաբար, յուրաքանչյուր երիտասարդ իր հոգևոր ապրումն ու զգացումն արարքի էր վերափոխել՝ ապրելով այն բոլոր ճշմարտություններն ու իրողությունները, ինչը պատկերացնում էր իր իսկ հավատով: Հետաքրքիր մի ընթացք ապրեցինք, Քրիստոսի Ծննդյան ավետիսն ոչ բոլորն ընդունեցին, այնինչ Քրիստոս աշխարհ եկավ Իր փրկագործ առաքելությամբ: Ապա Սբ. Գրիգոր Նարեկացու հետ վեր հանեցինք մեր մեղքերը՝ ինքնամաքրումի ընթացք ապրելով: Այնուհետև Քրիստոսի հրաշափառ Հարության ժամանակ նորից ականատես եղանք անտարբերությանը: Թող մեր սրտում և մեր կյանքում մշտապես զորեղ լինեն Սբ. Ծննդյան և Սբ. Հարության ավետիսները»:
Միջոցառման շեշտադրումը, ինչպես նշեց բեմադրության հեղինակ և միության անդամ Քրիստինե Այվազյանը, ուշադրություն, սեր և երկյուղածություն ընծայելն է Աստծուն և մեզանից է կախված, թե ինչպե՞ս կարձագանքենք և ինչպիսի՞ ուշադրություն կընծայենք Աստծո Որդու Հայտնությանն ու Հարությանը՝ չմոռանալով, որ մինչև մեր սիրելը, Նա սիրեց մեզ: Ապա հավելեց. «Աստծո Որդին հանձն առավ խաչի չարչարանքները, և մենք անտարբեր չենք մարդկության փրկագործության երկնային ծրագրին»:
«Զորավոր» երիտասարդաց միության ատենապետ Հրաչյա Բեգլարյանը, ով Քրիստոսին էր մարմնավորել, ասաց. «Միայն խոսքերն անգիր սովորելը և դերասանական շարժում սովորելը բավական չէր ինձ համար, այլ փորձեցի մեծ պատասխանատվությամբ և սիրով մոտենալ այն յուրաքանչյուր խոսքին, որ հնչել է Քրիստոսի կողմից»:
Թե՛ Սբ. Ծննդյան, թե՛ Սբ. Հարության կամ մյուս եկեղեցական տոները մի հրավեր են յուրաքանչյուրին դեպի Աստված գնալու, իսկ այդ հրավերը փրկության հրավեր է, որ ուղղված է բոլոր մարդկանց անխտիր: Այս խոսքերը հաստատում է Սբ. Պողոս առաքյալը. «Մեր Փրկիչն ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն Ինքն Իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2:4-6): Սբ. Պետրոս առաքյալը վկայում է, որ Աստված հենց դրա համար կանչեց ձեզ, որպեսզի դուք էլ օրհնություն ժառանգեք (Ա Պետրոս 3:9):
Կարինե Սուգիկյան