13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ․ 13։3)։
Սիրելի՛ եղբայրակիցներ ի Տեր Հիսուս Քրիստոս,
Սուրբ Պատարագների, քարոզխոսությունների հաճախող յուրաքանչյուր ուշադիր հոգի անպայմանորեն պարբերաբար լսում է «ապաշխարություն» բառը և ապաշխարելու անհրաժեշտության մասին։ Եկեղեցին ունի ապաշխարության խորհուրդ և ապաշխարողների կարգ։ Ավետարան ընթերցողն առաջին իսկ էջերում կրկին հանդիպում է այս «խորհրդավոր» հասկացությանը, առանց որի, կրկին ըստ Ավետարանի, անհնար է մարդու փրկությունը։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը՝ Քրիստոսի նախակարապետը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն ամբողջ ժողովրդին (Մրկ․ 1։4)։ Քրիստոս Իր ավետարանական քարոզչությունը սկսում է ապաշխարության կոչով (Մրկ․ 1։15)։ Ապաշխարության կոչով են սկսում իրենց գործունեությունը նաև առաքյալները (Գործք․ 2։38, 3։19)։ Եվ ամեն պատեհ առիթով, ինչպես որ այսօրվա ընթերցվածքի գալիլիացի ուխտավորների ու Սիլովամի աշտարակի փլուզման հետևանքով տասնութ հոգու մահվան պարագան է, Քրիստոս առանց հոգնելու կրկնում ու շեշտում էր ապաշխարելու կարևորության մասին։
Արդ, ի՞նչ է ապաշխարությունը, առանց որի չկա փրկություն։ Ինչպե՞ս կարող ենք ապաշխարել և արդյո՞ք կարող ենք մենք՝ մեղքի մեջ այսչափ թաթախվածներս։ Վերջին հարցին միանգամից պատասխանեմ՝ այո՛, միանշանակորեն կարող ենք՝ սուրբ Պետրոս առաքյալը, սուրբ Մարիամ Մագթաղենացին, սուրբ Մարիամ Եգիպտացին, աջակողմյան ավազակն ու դարձի եկած ու սրբացած բազում այլ մեղավոր մարդիկ ձեզ վկա։ Ուրեմն նրանց բարեխոսությամբ ու Տեր Հիսուս Քրիստոսի ամենակալ զորությամբ կարող ենք նաև մենք, միայն թե դրա համար անհրաժեշտ հավատ ու հաստատակամություն ունենանք։
Սիրելի՛ հավատացյալներ, հոգևոր պայքարի ընթացքում, որի մասնակիցն է ձեզնից յուրաքանչյուրը, որ աստվածնմանության ու փրկության է ձգտում, մենք երբեմն-երբեմն ունենում ենք թուլության պահեր, երբ հերթական անկումից հետո ուզում ենք հրաժարվել հետագա ընթացքից՝ մտածելով, որ այլևս չարժի պայքարել, քանի որ միևնույն է ոչինչ չի ստացվում։ Մենք լարվում ենք, մեր կարողացածի սահմաններում ճգնում, հոգնում ու երևելի արդյունքի չհասնելով՝ սկսում ենք հուսահատվել։ Սա սպասելի արդյունք է մարդկային տկար բնության համար, առավել ևս, երբ չարն էլ իր հերթին անընդհատ շշնջում է մեր ականջին, թե իբր մենք անշնորհք, անկարող ու անուղղելի մեղավոր ենք։ Սակայն դա ճիշտ չէ։ Մի՞թե մենք այդքան թույլ, անկամ ու փափկասուն ենք։ Ես համոզված եմ, որ ոչ։ Չարի նպատակը հայտնի է մեզ՝ մոլորեցնել, ընկճել ու հեռացնել ապաշխարության փրկարար ճանապարհից։ Սակայն երբևէ պետք չէ տրվել նրա ու նրա արբանյակների սադրանքներին, քանի որ գիտենք՝ ամեն ինչ հնարավոր է Աստծով և գիտենք նաև, որ ապաշխարությունը մեկ օրվա բան չէ, այլ աստվածահաճո ապրած մեր յուրաքանչյուր օրը, մեր կայացրած յուրաքանչյուր ճշմարիտ որոշումը պիտի դառնան այդ ճանապարհը կառուցող սալաքարերը։
Ղուկասի Ավետարանում Քրիստոս ասում է․ «Այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ․ 15։7)։ Սուրբ Հայրերն ասում են, որ ապաշխարությունը մեր փրկության հիմքն է, սուրբ ու անարատ կյանքի սկիզբը։ Սուրբ Եփրեմ Ասորին գրում է․ «Ապաշխարությունը մի մեծ հնոց է, որ իր մեջ է առնում պղինձն ու վերածում այն ոսկու, վերցնում է արճիճն ու տալիս արծաթ»։ «Ապաշխարություն» թարգմանված հունարեն «մեթանոյա» բառն էլ նշանակում է մտքի փոփոխություն։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա։ Դա մի լուրջ ու ժամանակատար գործընթաց է, որ վերաբերում է յուրաքանչյուրիս հոգուն անհատապես և չի կարող մի ակնթարթում կատարվել կախարդական փայտիկի օգնությամբ։ Անգամ մեկ օտար լեզվի տիրապետելու համար մարդիկ տարիներով սովորում են, էլ ուր մնաց, թե հնարավոր լիներ հոգու փրկության գիտությունը արագացված դասընթացով անցնել։
Ինչպես ասացինք՝ ապաշխարությունը դյուրին սխրանք չէ, քանի որ մարդուց գիտակցված փոփոխություն է պահանջում, որին անպայմանորեն պետք է մասնակցեն միտքը, կամքն ու սիրտը։ Մենք համարձակություն պիտի ունենանք տեսնելու մեր հոգևոր ախտերը և վճռական կամք՝ դրանցից հրաժարվելու, մեր կյանքը արմատականորեն փոխելու, Աստծուն դառնալու և նոր՝ ավետարանական հիմունքներով կյանք կառուցելու համար։ Սա մի ողջ կյանք տևող գործընթաց է, սիրելինե՛ր, որում ամենակարևորը սակայն ձեր սրտի տրամադրվածությունն է, ձեր հաստատակամ որոշումը, դեպի Աստված ուղղությունը, որով թեկուզ դանդաղ, թեկուզ սայթաքելով ու ընկնելով, բայց գնում եք։ Քանի որ սրտագետ Աստված հետևում է ոչ թե ձեր գործած մեղքերի քանակին, այլ ձեր զղջմանը, ձեր ուղղվելու, մաքրվելու անկեղծ ցանկությանը և այն փոքրիկ քայլերին, որ վճռակամությամբ անում եք այդ ուղղությամբ։
Սակայն մարդն այնքան է սերտաճել իր մեղքերին, սիրելինե՛ր, այնքան է հարազատացել դրանց, որ նախ՝ դժվարանում է դրանցից հրաժարվել, հրաժարվելիս էլ՝ մի մեղքից հետո հայտնաբերում է, որ կա նաև երկրորդը, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ ու թվում է, թե վերջ չկա այդ արատավոր շղթային։ Սակայն նորից եմ կրկնում, որ այս ամենը ընկճվելու ու հանձնվելու պատճառ չէ, քանի որ դրանով միայն ուրախացնում ենք թշնամուն և մեզանից հեռացնում մեր փրկությունը, այլ՝ Քրիստոսով, Ավետարանով ավելի զորանալու, իմաստանալու առիթ է, որպեսզի, եթե անգամ կես ճանապարհից հայտնվենք Տիրոջ գահի առջև, ապա Նա մեզ գտնի դեպի ապաշխարություն դարձած սրտով։ Իսկ դրա համար մեզ կօգնի խաչյալ Քրիստոս, սիրելի՛ հավատացյալներ։ Բավական է միայն հոգու աչքերով նայենք Գողգոթայի բարձունքին։ Նայենք տառապած, խոշտանգված, սարսափելի վերքերով պատված Աստվածորդու սուրբ Մարմնին և գիտակցենք վերջապես, որ այդ մեր՝ իմ ու քո մեղքերն են, որ խաչեցին Նրան։ Միայն ու միայն դրանց պատճառով խաչվեց Քրիստոս։ Եվ միայն այս գիտակցումով կկարողանանք ատել անգամ մեր ամենասիրելի մեղքերն ու մերժել դրաք։ Եվ բավական է միայն, որ ի սրտե զղջանք մեր գործած հանցանքների համար՝ արտասվելով ու ներողություն խնդրելով խաչյալ Քրիստոսից ու ողջ սրտով հաշտություն աղերսենք Աստծուց, միանգամից կստանանք Նրա շնորհի օգնությունը, որը և՛ կսրբի մեր արցունքներն ու կմխիթարի, և՛ կամոքի մեր հոգին մեղքերի խոցերից։
Չամաչե՛նք արտասվելուց ու չխեղդե՛նք մեր արցունքները, ապաշխարության սրբագործ ուղին բռնած սիրելի՛ հավատացյալներ։ Թո՛ւյլ տանք, որպեսզի դրանք մաքրեն մեր հոգին, ու միտքը միավորեն Աստծու հետ։ Որպեսզի դրանք մեր ուղղվելու առաջին աստիճանը դառնան և բոլոր բառերից ավելի ցայտուն վկայեն մեր բեկված սրտի, ապաշխարելու ցանկության ու փրկության հույսի մասին։
Անառակության մեջ բռնված ու Քրիստոսից ներում ստացած կնոջ օրինակը թող սրտապնդի ձեզ։ Փրկչի ոտքերն իր արտասուքով լվացող մեղավոր կնոջ օրինակը, որ գովեստի խոսքերի արժանացավ Տիրոջից, թող հույս պարգևի ձեզ։ Զորացե՛ք սուրբ Պողոս դարձած Սողոսի օրինակով, սիրելի՛ հավատացյալներ, և ձեր կամքին ենթարկեցրեք ձեր միտքը, սիրտը, զգայարանները, որոնք ձեզ մղում են մեղք գործելու, այլ ոչ թե դուք ենթարկվեք դրանց թելադրանքին։ Ինչպես ժամանակակիցներից մեկն է ասում՝ պետք է աչքերս ինձ ենթարկվեն, այլ ոչ թե ես՝ նրանց։ Այդ թշնամին է, որ գիշեր-ցերեկ համոզում է մեզ մեղանչել։ Արդ, չենթարկվենք նրան, այլ ընտրենք ապաշխարությունը, որ «մեղավորին արդար է դարձնում և մեղքով մեռածներին կենդանացնում Աստծու առաջ»։
Թող որ փոքր թվա ձեր ապաշխարությունը, թող որ դանդաղ լինի այն, բայց լինի, սիրելի՛ հավատացյալներ։ Թող որ ակնառու չլինի մարդկանց համար, բայց գնահատվի Աստծուց, որովհետև եթե անգամ գործերն ուշանում են կամ չնչին են թվում, ապա սրտի ու մտքի փոփոխությունը Աստված միանգամից նկատում է։ Այն վանականի օրինակի պես, որը շրջապատի աչքում հարբեցող ու կռվարար մեկն էր և մշտապես մարդկանց քննադատության էր արժանանում, սակայն մահվան ժամին արժանացավ հրեշտակների այցելությանն ու Աստծու թողությանը, քանի որ միայն Աստված էր, որ վկա էր նրա հոգևոր դաժան պայքարին ու մեծ սխրանքին, որի արդյունքում ճիշտ է նա չկարողացավ ամբողջապես հաղթահարել հարբեցողության ախտը, բայց կարողացավ երկար տարիներ իր համար սովորական դարձած օրական տասը բաժակը կրճատել՝ հասցնելով ընդամենը երկուսի։ Եվ Աստված գնահատեց դա՝ տեսնելով նրա ուղղվելու մեծ ցանկությունը, ճիգերն ու վճռականությունը։
Արդ մենք էլ հավատ, գործելու վճռականություն ու զորություն աղերսենք Ամենակալից, որպեսզի հաստատուն մնանք ապաշխարության փրկարար ուղու վրա և առանց հոգնելու ջանք թափելով ու աստիճանաբար հասունանալով հոգևորապես՝ հասնենք փոխվելու և այլևս հետ չդառնալու հստակ որոշմանը։ Ուշադիր հետևենք մեր մտքերին, որ դառնալու են խոսք ու գործ, որպեսզի թույլ չտանք չարին խորամանկությամբ իր չար սերմերը ցանել այնտեղ։ Զորանանք Աստծու կենարար Խոսքով ու հայրերի խրատներից սովորենք, աղոթենք մեր հոգու փրկության ու միմյանց համար։ Հետևենք դարձի եկած ու ապաշխարությամբ սրբված սուրբ Պողոս առաքյալի խրատին, և թող ողջ Երկինքը վկա լինի և ուրախանա յուրաքանչյուրիդ ու բոլորիդ դարձով․ «Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության: Մարդկայնորեն եմ ասում՝ ձեր մարդկային տկարության պատճառով. և ինչպես որ ձեր մարմնի անդամները տվեցիք անօրինությանը, որպես ծառաներ պղծության և անօրինության, նույնպես և այժմ ձեր մարմնի անդամները տվե՛ք սրբության համար՝ որպես ծառաներ արդարության.․․ քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ․ 6։18-23)․ ամեն։
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան