25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Թէ ոչ ապաշխարիցէք, ամենեքեան նոյնպէս կորնչիջիք: Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկաս 13:5):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօրվա ավետարանական ընթերցումը անչափ կարևորվում է մերօրյա տեսանկյունից արժևորելու համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է ապաշխարության մասին: Նա պատմում է իր ժամանակի հայտնի դեպքերի մասին, թե ինչպես գալիլիացիները սպանվեցին Պիղատոսի հրամանով, և Սիլովամի աշտարակի փլուզման պատճառով մահացան մարդիկ: Դրան անմիջապես հաջորդում է մի առակ, որը հանդիպում է միայն Ղուկաս Ավետարանչի մոտ: Մի մարդ, երեք տարի անընդմեջ գալով, իր այգու թզենու ճյուղերին պտուղ չի գտնում և այգեգործին պատվիրում է կտրել այն՝ իբրև անպիտան: Այգեգործը խնդրում է իր տիրոջը մեկ տարի ևս սպասել և արդյունք ակնկալել: Ավետարանական առակների տրամաբանությամբ՝ նախ այս երկու իրողությունները վերագրվում են հրեա ժողովրդին, ինչպես Հիսուս Քրիստոսն է ասում, եթե չապաշխարեք, նույն կերպ մեռնելու եք: Երեք տարի Քրիստոս քարոզեց նրանց մեջ, բժկշություններ արեց և հրաշքներ գործեց, սակայն նրանց սրտի աչքերը չբացվեցին՝ տեսնելու և ընդունելու իրենց հայրերի Աստծուն: Այս ամենը ընկալելու և հասկանալու համար մեզ օգնում է մեր քրիստոնեական գիտակցությունը: Մենք ապրում ենք աղոթքներով և սրբերի բարեխոսությամբ, քանի որ մեզ պտղատու և բարեբեր քրիստոնյաներ տեսնելու երկնքի և երկնայինների հույսը չի մարում: Ժամանակ է տրված ապաշխարելու, դարձի գալու և բարիք գործելու: Ի՞նչ է անպտուղ թզենին, եթե ոչ այն մարդը, որը չի արդարացնում իրեն իր առաքելության մեջ: Ժամանակը գործում է հօգուտ և ի վնաս մեզ: Ժամանակն անցնում է, իսկ մենք դեռ ապրում ենք աշխարհային ձգտումներով և տենչերով՝ մոռացության մատնելով երկնքի մասին մեր հիշողությունը: Հարկավոր է բորբոքել մեր մեջ Երկնային Արքայության մեծ ընտանիքին արժանանալու և միավորվելու ջանադրության կրակը: Մենք՝ քրիստոնյաներս, սիրում ենք հոգևոր կյանքում շեշտադրում կատարել ապաշխարության վրա՝ ընկնելով ծայրահեղությունների մեջ: Մի կողմից ապաշխարությունը համարում ենք հոգևոր ճանապարհի սկզբնական և անցյալ փուլ, մյուս կողմից՝ ապաշխարության վրա կենտրոնանալով մոռանում ենք սիրո և ուրախության մասին, որն ավանդել է մեզ Տեր Հիսուս: Ապաշխարությունը անցյալ լինել չի կարող. այն անընդհատ նորոգվող ապրում է, զգացում և գիտակցություն: Մենք մեր կյանքի ողջ ընթացքում ապաշխարում ենք, քանի որ անընդհատ ընկնում ենք, անընդհատ մեղանչում ենք: Մենք մշտապես զգում ենք ապաշխարության կարիք, այսինքն՝ ինքնաքննության, զղջման անհրաժեշտություն: Որպեսզի Աստված ցույց տա, որ մեր կյանքի ընթացքին ուշիուշով հետևում է և ցանկանում բարի պտուղներ տեսնել, այս առակն է պատմում, որ մարդու կամքի վրա երբեք չի բռնանում՝ թողնելով, որ մարդն իր ազատ կամքով պայքարի Երկնքի Արքայության մեջ իր տեղը գրավելու համար: Մեր Ծնողի համար բերկրանք է մեր ընթացքին հետևելը, մեր անկումներին ու վերելքներին մեր իսկ տված գնահատականը: Քրիստոնյայի համար մեղքն այնքան սարսափելի չէ, որքան մեղքը չգիտակցելը: Աստված կամենում է մեզանից յուրաքանչյուրի փրկությունը: Կամենում է մեզանից յուրաքանչյուրի զղջումն ու ապաշխարությունը: Ապաշխարությունը քրիստոնյայի համար մի գեղեցիկ ընթացք է, որով նա ընդունում է սեփական մեղավորությունը իր Արարչի և Աստվածադիր պատվիրանների առջև: Անառակ որդին է, որ ասաց. «Մեղա երկնքի և Քո առջև»: Եվ կամ, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, «մեղան» «մեծ փառքի զարդ է, որով նույն Ինքն Աստվածությունն է պսակվելով բարգավաճում [մեր մեջ]: Քանզի ով էր, որ դիմելով բռնեց այս սուրբ սեղանի եղջյուրներից և, իսկույն ազատվելով պատժից, չարդարացավ» (Բան ԻԷ): Ողջ Աստվածաշունչը խոսում է Աստվածակենտրոն կյանք ապրելու մասին, որի առանցքը կազմում են ապաշխարությունը, մեղքի գիտակցումը և այնուհետև սերն ու ողորմածությունը: Սակայն ապաշխարությունը չպետք է խոչընդոտ դառնա սիրով, խաղաղությամբ և երջանկությամբ ապրելու համար: Ապաշխարությունը մի գեղեցիկ հոգեվիճակ է, որով մարդ վեր է կանգնում մեղքից ու աշխարհայինից, և Երկնային Արքայության լույսը՝ որպես փարոս, այդ ընթացքում առաջնորդում է իրեն: Քրիստոսի ցանկությունը հոգիներ շահելն է և ոչ թե կորցնելը, ուստի՝ մեր խնդիրն է դառնում մարդկանց սիրով և ուրախ ներկայանալ, քանի որ Քրիստոսի սերը առկա է մեր հոգում: Պողոս առաքյալը «Հոգու պտուղները» թվարկելիս կարևորում է խնդությունը՝ ուրախությունը (Գաղատացիներին 5:22): Մեղքի գիտակցմամբ ու ապաշխարությամբ հոգևոր մի խաղաղություն և ուրախություն ենք վայելում մենք: Ու այդ խաղաղությանը և ուրախությանը բաժնեկից ենք դարձնում մեր նմանին: Քրիստոսավանդ այս պատմությունն ուսուցանում է մեր կյանքը ապրել՝ Աստծո պատգամները անսալով և այդ պատգամները կյանքի կոչելով: Ինչպես որ այգեգործը տիրոջը խնդրեց ժամանակ թզենու համար՝ հուսալով, որ թզենին պտուղ կտա, այնպես էլ մեր Տերը տվել է մեզ ժամանակ՝ հուսալով, որ մենք պտուղ կտանք, բարի պտուղ: Մենք ամեն օր ու ամեն ժամ պիտի պատրաստ լինենք Տիրոջը դիմավորելու, ընդառաջ ելնելու մեր Տիրոջը սիրով, ուրախությամբ ու աներկյուղ: Քանի որ սիրո մեջ երկյուղ չկա: Մշտապես խոկանք մեր հոգու մասին, մշտապես աղոթենք Աստծուն, մշտապես փառաբանենք Նրան, որ է մեր կոչումը: Ապաշխարենք, սիրենք Աստծուն, սիրենք միմյանց, բարիք գործենք: Երկնային Արքայության հույսով ենք ապրում մեր կյանքը և պետք է ապրենք այնպես, որ Երկնային Արքայությունը ժառանգենք իբրև մեր հավատքի և ապրած կյանքի վարձատրություն: Երկնային Արքայությունը երազողի համար խորթ չէ սիրո զգացումը, խորթ չէ մեղքի դեմ պայքարելը: Քրիստոս ասում է. «Մի՛ երկնչիր, այլ միայն հավատա՛»: Բարի ու արդյունավոր գործերով պտուղ տալը քրիստոնյայի հավիտենական կյանքի գրավականն է: Քրիստոսի խոսքը մեր մտքի մեջ ունենալով՝ մենք չենք վախենում ո՛չ փորձությունից, ո՛չ մահից, այլ ապրում ենք՝ մեր կյանքի յուրաքանչյուր օրը արժևորելով, իմաստավորելով՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ: Սիրելինե՛ր, չկորչենք այն գալիլիացիների նման, այլ իսկական քրիստոնյայի նման հարատևենք մեր կյանքում: Թող Տիրոջ սերն ու օրհնությունը ուղեկից և առաջնորդ լինեն ձեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան