Գրքեր

Առաջնորդող մանուկը

Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, այլ ջանացեք այն դժոխքի չվերածել: Մեղքի հետևանքով անիծված երկիրը (Ծննդ. 3.17-18) շարունակում է իր փլուզման ընթացքը, մինչդեռ մենք շարունակ ձգտում ենք կատարելություն փնտրել այդ փլուզվող իրականության մեջ, որը դառնում է հոգու բեռ և աշխարհի տրտմություն՝ կլանելով հոգսաշատ երկրային ծովի ալիքների մեջ և սահմանափակելով հոգու թթվածինը՝ աղոթքը: Մարդուն տրված կառուցելու ունակությունը՝ իր տունը, ընտանիքը, երկիրը, բազմերանգ, իմաստավորում է նրա կյանքը գեղեցիկ գույներով, որտեղ իր ուրույն, անկրկնելի դերն ունի, անշուշտ, ընտանիքը: Ընտանիք կազմող երիտասարդները կապույտ երկնքի ներքո գծագրում են իրենց կյանքի համատեղ և երջանիկ ուղին, սակայն մեր պատկերացումները և իրականությունը հաճախ կարող են չհամընկնել ու մեր առջև այնպիսի մարտահրավերներ ծառանան, որոնք քննության են ենթարկում երիտասարդներին, թե հետագայում ինչպիսի քայլեր պիտի կատարեն, երբ նեղություններն իրենց դուռը թակեն: Մարտահրավերներից  մեկն էլ կարող է լինել ընտանիքում լույս աշխարհ եկած երեխայի ծնունդը: Մի առակում ասվում է, թե մի բարեպաշտ բուժքույր մտնում է ծննդատուն և տեսնում, որ մի նորածին երեխայի շուրջ հավաքված ծնողներն ու հարազատները ցնծում, ուրախանում են, իսկ նրանց հետևում կանգնած հրեշտակներն արտասվում են: Նկատում է, որ մեկ ուրիշ նորածին երեխայի շուրջ հավաքված ծնողներն ու հարազատները լուռ ու տրտում են, իսկ նրանց հետևում կանգնած հրեշտակները ցնծում և ուրախանում են:

Հրեշտակներից մեկը մոտենում է և ասում.

- Ինչո՞ւ ես զարմացել: Այն մանուկը, որի ծնողները ցնծում են իրենց առողջ ու գեղեցիկ նորածնի համար, իսկ հրեշտակներն արտասվում, երբ նա մեծանա, իր ծնողներին դառնություն ու ցավ է պատճառելու և նրանց ունայնության ու կորստյան ճանապարհով է առաջնորդելու: Իսկ այն մանուկը, որի ծնողները տխրել ու տրտմել են հիվանդ ու վտիտ նորածնի համար, իսկ հրեշտակները ցնծում են, երբ նա մեծանա, իր հիվանդության պատճառով իր ծնողներին դեպի Աստված է ուղղելու և հավիտենական փրկության ճանապարհով է առաջնորդելու: 

Արդ, տեսնում ենք, որ հրեշտակներն ուրախանում են, որ տկարությամբ ծնված մանուկն իր ծնողների և մերձավորների համար հավիտենական փրկության առաջնորդող առաքելություն է իրականացնելու այս կյանքում և պատճառ է դառնալու իր հարազատների հավատքի զորացման համար: Յուրաքանչյուր մարդ, այս աշխարհ գալով, Երկնային Նախախնամության կողմից նախանշված նպատակ ունի գործելու՝ Աստծո փառքի համար: Հետևաբար, քրիստոնյա ծնողները, եթե օրինակ՝ դաունի սինդրոմով երեխա են ունենում, պետք է գիտակցեն, որ իրենց երեխան Աստծո կողմից տրված պարգև է, և որևէ բան պատահական չի լինում: Սուրբ Գրքում այդ մասին Աստված Մովսեսին այսպես է ասում. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին։ Մի՞թե ոչ ես՝ Աստվածս» (Ելք 4.11): Բայց ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց՝ մեծանում է մի վտանգ, երբ ծնողները նախօրոք իմանում են, թե ինչպիսի երեխա են ունենալու և դիմում են ոչ թե հոգևոր, այլ նեղություններից ու դժվարություններից ազատվելու քայլերի: Այս առումով գերմանացի բժիշկների կողմից մշակված նոր թեստը, որը թույլ է տալիս մեծ ճշտությամբ հայտնաբերել դաունի սինդրոմը սաղմի մեջ, կտրուկ քննադատության է ենթարկվել գերմանացի կաթոլիկ աստվածաբան Շոկենհոֆի կողմից: Նրա խոսքերով, թեստը մի մեթոդ է, որը շատ ընտանիքների կողմից կարող է օգտագործվել միայն մեկ նպատակով` աբորտի միջոցով դադարեցնել սաղմի զարգացումը, որը կրում է դաունի սինդրոմը: Բայց այդպիսի լուծումը մի՞թե ծնողներին ազատում է այդ խնդրից և այն պատասխանատվությունից, որը Երկնային Նախախնամության կողմից նրանց է տրվել: Մարդկային խիղճը արձանագրում է ամեն սխալ կամ ճիշտ արարք և խղճի գանձարանում անանց կերպով պահում դրանք, որպեսզի մարդուն հիշեցնի հավիտենական կյանքում... Մենք կարող ենք փախչել շատ իրողություններից և երևույթներից, սակայն մեր խղճից անկարող կլինենք փախչել..

Ընդհանուր առմամբ, քրիստոնյայի համար հասկանալի է, որ գենետիկական թերությունները և սինդրոմները, Ադամի և Եվայի մեղանչումից հետո մարդկային բնության անկման արդյունքն են, սակայն, այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, թե երեխայի դաունի սինդրոմը պատիժ է ծնողի որևէ մեղքի պատճառով, թեև սա շատ անհատական հարց է, թե ինչու է այդպես պատահում: Այդուհանդերձ, Ավետարանում կարող ենք հիշել մի դրվագ, երբ աշակերտները խորհում էին, թե ում մեղքն է, որ մի մարդ ի ծնե կույր է: Հիսուսը  պատասխանում է. «Ո՛չ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. 9.3): Հետևաբար, ծնողները պետք է հասկանան, որ Աստված նպատակ ունի այդ երեխայի միջոցով գործելու և հայտնելու Իր աստվածային փառքը: Մեզ միայն մնում է ճիշտ կերպով հասկանալ Երկնային Նախախնամությանը և արձագանքել Աստծո սիրառատ աջակցությանը՝ մասնակից դառնալով հոգևոր, աստվածահաճո նպատակին: Ռուս հոգևորական հայր Պետրոս Կոլոմեյցևը նշում է, որ դաունի սինդրոմով երեխաները կարող են շատ սեր, բարություն, լույս և հանդարտություն փոխանցել՝ այն ամենը, ինչ ժամանակակից հասարակությունում չափազանց պակասում է:

Երկրային այս կյանքի ճանապարհը հարթ ճանապարհ չէ, քանի որ ամեն մարդ իր կյանքի որևէ հանգրվանում մարտահրավերների է հանդիպում, որոնք պետք է հաղթահարել: Առանց Քրիստոսի՝ դրանք ծանր են և դժվարին, իսկ Քրիստոսով՝ թեթև և մշտապես հաղթահարելի, ինչպես Ավետարանում մեզ ասվում է. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ 11.28-30): Արդ, սիրով և խոնարհությամբ ընդունենք այն բոլոր դժվարությունները, մարտահրավերները և նեղությունները, որոնք տրվում են մեզ և մասնակից դառնանք Աստծու անվան փառաբանությանը:  

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

16.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․