Ողորմության առաքինությունը թույլ է տալիս մարդուն դուրս գալ իր սահմանից և մոտենալ ոչ միայն կարիքի մեջ գտնվող անձին, այլ նաև Աստծուն: «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Ս. Հովհան Ոսկեբերան):
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և անհատ բարերաներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում են գործել ողորմության առաքինության անեզր ասպարեզում: Սեպտեմբերի 12-ին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը 1-ին խմբի զինհաշմանդամ Պողոսյան Հովհաննեսին (22 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հովհաննեսն ապրիլյան քառօրյա պատերազմին երկու անգամ վիրավորվել է, առաջին անգամ՝ ոտքից, իսկ երկրորդ՝ ավելի ծանր հրազենային վնասվածքի հետևանքով գանգուղեղային սալջարդ է ստացել: Նա մոտ մեկ ամիս կոմայի մեջ է գտնվել, այժմ Հովհաննեսը վերականգնողական բուժման փուլում է գտնվում. սեպտեմբեր ամսվա վերջին նա չորրորդ անգամ կվիրահատվի: Պողոսյան ընտանիքը բնակվում է վարձակալությամբ Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղ. 47 շ. 57 հասցեում: Զինհաշմանդամի մայրը՝ Ասատրյան Գայանեն (47 տ.), տասնչորս տարի միայնակ է խնամում իր չորս զավակներին: Հովհաննեսը նշեց, որ իր փոքր եղբորը մի քանի տարով ազատել են բանակից՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով, իսկ մեծ եղբայրը չի կարողանում աշխատել, քանի որ զբաղված է իրենց վերականգնողական բուժման ընթացքով: Պողոսյան ընտանիքում միայն Հովհաննեսի քույրն է աշխատում: Հովհաննեսն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Ողորմած մարդու համար Տիրոջ առջև բարեխոս են իր իսկ բարի գործերը: Որ չափով, որ մարդ ողորմում է իր մերձավորին, նույն չափով էլ Աստված կողորմի նրան՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Տվե՛ք, և Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնիբերան, զեղուն առատությամբ: Ինչ չափով, որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի» (Ղուկաս 6:38):
Կարինե Սուգիկյան