22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ես այնպիսի հոգիներ եմ տեսել որոնք բարի մտքերով էին համբերում անարդարությանը, և Բարեշնորհությունը ողողում էր նրանց այս կյանքում՝ չնայած որ անարդարացի վերաբերմունքի էին արժանացել ուրիշների կողմից: Շատ տարիներ առաջ մի ակնածալից քրիստոնյա՝ պարզ ու բարի մի մարդ, այցելության եկավ ինձ: Նա ինձ խնդրեց աղոթել իր զավակների համար, որպեսզի Քրիստոս լուսավորի նրանց ու երբ չափահասության հասնեն՝ չդժգոհեն իրենց ազգականներից այն մեծագույն անարդարության համար, որ պատճառել են իրենց: Հետո պատմեց ինձ, թե բանն ինչումն է և ես հասկացա, որ նա իսկապես Աստծո մարդ է: Նա իր հոր հինգ զավակներից ավագն էր և հոր հանկարծակի մահվանից հետո՝ իր քույրերի ու եղբայրների համար ինքը հայր դարձավ: Այս պատասխանատվությունը ստանձնելով՝ շատ էր աշխատում, կարողացավ հողատարածքներ ու կարողություն ձեռքբերել և լիովին ապահովում էր ընտանիքը: Երկու քույրերին ամուսնացրեց, եղբայրներն էլ ամուսնացան և բոլոր լավ տարածքներն իրենց վերցրեցին, իսկ նրան անպետք ավազուտները թողեցին: Վերջիվերջո նա էլ ամուսնացավ ու երեք զավակ ունեցավ: Նա արդեն երիտասարդ չէր և մտածում էր, որ իր երեխաները, մեծանալով, կհասկանան, որ իրենց հետ անարդարացիորեն են վարվել ու կսկսեն բողոքել: «Ես չեմ վշտանում այդ անարդարության պատճառով,- ասաց նա,- որովհետև Սաղմոսներն եմ կարդում, մեկ գլուխ՝ երեկոյան և երկուսն՝ արևածագից առաջ: Համարյա անգիր գիտեմ բոլոր սաղմոսները և դրանցից ոչ մեկում չի ասվում, որ անարդար մարդիկ պիտի հաջողեն, բայց ասվում է, որ արդարների մասին Աստված է հոգ տանում: Հա՛յր Սուրբ, ես չեմ ափսոսում այն հողատարածքները, որ կորցրեցի, այլ իմ եղբայրներին եմ ափսոսում, որ կործանում են իրենց հոգիները»: Այդ օրհնյալ մարդը վերադարձավ իր տուն: Հաջորդ անգամ մոտ տասը տարի անց կրկին այցի եկավ: Շատ ուրախ էր և հարցրեց ինձ. «Հա՛յր, հիշո՞ւմ ես ինձ»: «Այո՛»,- պատասխանեցի ու հարցրեցի, թե ինչպես են գործերը: «Այժմ հարուստ եմ»,- պատասխանեց: «Եվ ինչպե՞ս ես հարստացել, եղբա՛յր»: «Ահա, թե ինչպես. այն անպետք ավազուտները, որ ունեի, շատ թանկացան, քանի որ ծովափին էին: Այժմ շատ փող ունեմ և քեզ մոտ եմ եկել, որ հարցնեմ, թե ինչ անեմ»: «Երեխաներիդ համար մի տուն կառուցիր,- ասացի,- և որոշ միջոցներ էլ պահիր նրանց ուսման համար, մինչև որ ոտքի կկանգնեն»: «Երեխաների համար գումար պահել եմ, բայց միևնույն է դեռ շատ փող կա»: «Այդ դեպքում աղքատներին օգնիր, նախ՝ ազգականներիդ, իսկ հետո՝ մյուսներին»: «Արդեն օգնել եմ, Հա՛յր, բայց միևնույն է դեռ շատ է մնում»: «Նվիրատվություն արա ձեր գյուղում եկեղեցի ու մատուռ կառուցելու համար»: «Դրա համար էլ եմ արել, բայց դեռ մնում է»: Ասացի, որ ուրեմն կաղոթեմ, որպեսզի Քրիստոս նրան ուղղորդի բարիք գործելու այնտեղ, որտեղ ամենաշատն է դրա կարիքը զգացվում: Հետո հարցրեցի. «Իսկ եղբայրներդ ինչպե՞ս են, որտե՞ղ են»: Նա արտասվեց ու արցունքների միջից ասաց. «Չգիտեմ, Հա՛յր, նույնիսկ նրանց հետքն է կորել: Իրենց ողջ ունեցվածքը վաճառել են և որտեղ են այժմ գտնվում՝ չգիտեմ: Նախ տեղափոխվեցին Գերմանիա, հետո՝ Ավստրալիա և այժմ նրանցից ոչ մի լուր չկա»: Չգիտեի, որ այդքան կտխրի եղբայրների պատճառով ու զղջացի, որ հարցրեցի նրանց մասին: Բայց հետո մխիթարեցի նրան ու խաղաղված տուն գնաց: Ասացի նրան. «Եկ միասին աղոթենք, որպեսզի նրանցից էլ ուրախ լուր ստանաս»: Հետո այս սաղմոսը մտքիս եկավ. «Տեսա ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպես Լիբանանի մայրիները: Ես մոտով անցա, և ահա նա չկար, փնտրեցի՝ ու նրա տեղը չերևաց» (Սղմ. 36:35, 36): Նրա դժբախտ եղբայրներին հենց սա էր պատահել:
Այսպիսով, անիրավությունից ավելի վատ բան չկա: Ուրեմն ջանացեք Աստծո օրհնությունն ունենալ այն ամենի համար, ինչ անում եք:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի