«Արև երեխաներ» ՀԿ-ն հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ողջունեց «Արև երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը և անդրադարձավ հասարակության մեջ Դաունի համախտանիշով երեխաների ներգրավվածության, նրանց իրավունքների պաշտպանվածության և առկա կարծրատիպային պատկերացումներին: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձ կատարեց նաև ներառական կրթության համակարգին՝ նշելով, որ մինչ այս համակարգին անցնելը նախ անհրաժեշտ է հասարակությանը պատրաստել: Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին այն բոլոր խնդիրները, որոնց առնչվում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները:

Դաունի համախտանիշով մարդկանց վերաբերյալ իրազեկման պակասից առաջ եկած խնդիրները բավականին խորն են նախ բուժհաստատություններում, ինչի մասին խոսեց «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգեբան Սոնա Գրիգորյանը՝ նշելով, որ ծնողը խարանի ու խտրականության է հանդիպում երեխայի ծնված իսկ օրվանից: Իսկ «Արև երեխաներ» ՀԿ-ի անդամ, արև երեխայի ծնող Արմինե Բաբախանյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց հանդիպում են ծնողները ինչպես առողջապահական, այնպես էլ կրթական ոլորտներում: Նա նշեց, որ շատ անգամ ծնողները, սոցիալական ծանր վիճակից ելնելով, ստիպված են լինում իրենց երեխային մանկատուն հանձնել: Այս խնդրին անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը և քննարկվեց խնամատար ընտանիքների ու պետության կողմից նրանց վարձատրման կարևորության մասին:

«Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պրն. Թաթոյանին՝ Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրների համատեղ լուծման համագործակցության համար: Տեր Հայրը մատնանշեց, որ առաջնային աջակցության կարիք ունեն մանկատներում ապրող Դաունի համախտանիշ ունեցող երեխաները և անդրադարձավ, որ այսօր մեր երկրում Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրներով զբաղվող մասնագետների պակաս է զգացվում, չկա համապատասխան գրականություն հայերեն լեզվով և առաջին գիրքը հայերենով հրատարակել է «Արև երեխաներ» ՀԿ-ն: Տեր Հայրը կարևորեց իրազեկման միջոցով հասարակության մեջ առկա կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո պրն. Թաթոյանը և երեխաների իրավունքների պաշտպանության աշխատակազմը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում հանդիպեցին արև երեխաներին և նրանց ծնողներին: Արև երեխաները արևային և ջերմ տրամադրությամբ էին համակել բոլորին: Նրանք ծանոթացան պրն. Թաթոյանի հետ, ջերմ զրույցի բռնվեցին,

նրա կողմից նվերներ ստացան՝ իրենց իրավունքներին վերաբերող գրքույկ և գրենական պիտույքներ: Արև երեխաների ծնողներին ևս ոգևորել էր Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումը, քանի որ իրենք առիթ ունեցան իրենց հուզող հարցերի շուրջ պաշտպանի հետ զրուցել:

Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2006 թ-ին՝ Միջազգային և Եվրոպական «Դաուն-սինդրոմ» ասոցիացիայի նախաձեռնությամբ: Օրը և ամիսն այս իրադարձության պատահականորեն ընտրված չեն, դրանք խորհրդանշաբար արտահայտում են համախտանիշի ծագման բնությունը: Համախտանիշը կրում է այն բացահայտողի՝ անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունի անունը: Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այլ գենետիկ վիճակ, այն ծագում է գենետիկական անոմալիայի արդյունքում, ինչ պատճառով օրգանիզմում 46 քրոմոսոմի փոխարեն ի հայտ է գալիս 47-ը: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր 700-րդ երեխան լույս աշխարհ է գալիս Դաունի համախտանիշով: Գենետիկական շեղումը, որի արդյունքում ծնվում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ կախված չէ ծնողների կենսակերպից, առողջական վիճակից և ազգությունից:

 

Կարինե Սուգիկյան

21.03.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․