23 Դեկտեմբեր, Բշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, պահպանում և մասնակից է լինում այն բոլոր ավանդույթներին, որոնց կրողն է եղել Սիրիայում եկեղեցական համայնքային կյանքում: Մեծ պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, հոգևոր մեծ ուրախություն է սիրիահայերի համար Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից լինել Արևագալի ժամերգությանը՝ իրենց հատուկ երգեցողությամբ:
Հայաստանի և Սփյուռքի Հայ Առաքելական Սբ. եկեղեցում անցկացվող ժամերգությունների երգեցողությունները տարբեր են. Հայաստանում երգեցողությունը կատարվում է կոմպոզիտոր, երաժշտագետ Թաշչյանի մշակմամբ, իսկ սփռյուքում՝ երաժշտագետ Չիլինգիրյանի մշակմամբ:
Մարտի 4-ին սիրիահայերը հերթական Արևագալի ժամերգությանն մասնակցեցին՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ: Իրենց հոգուն հարազատ Չիլինգիրյանի մշակմամբ դպրաց դասը կատարեց ժամերգության շարականները: Ապաշխարության շրջանում Մանասե թագավորի ապաշխարության աղոթքով բոլորի խնդրանքն էր առ Տեր, որ Ամենակալը՝ երկնքի և երկրի Արարիչը, գթած, համբերող, բազումողորմ լինի մարդկանց չարիքների հանդեպ: Եվ ամենողորմ Տերը չբարկանա, չհիշի և կորստյան չմատնի մարդկանց իրենց անօրենությունների պատճառով, այլ, ըստ Իր առատ բարերարությամբ, անարժաններին մեղքերի թողության արժանացնի, քանի որ ապաշխարողների սրտից անդադար հնչում է այս «մեղա»-ն. «Մեղա՜, Տե՛ր, մեղա՜, իմ անօրենությունները ես ինքս գիտեմ. Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը»:
«Հրաժարիմք»-ից հետո ներկաները ձեռնամած ունկնդիր եղան «Ուղղափառ հավատքի դավանությանը», ապա «Զղջման» և «Արձակման» աղոթքներից հետո երգեցին «Տեր ողորմեա» շարականն ու «Տերունական աղոթք»-ը և արձակման օրհնությամբ էլ ավարտվեց Արևագալի ժամերգությունը:
«Մեծ Պահքի այս շրջանը հրաշալի մի առիթ է խորհելու ու լիովին գիտակցելու, որ մենք բոլորս Քրիստոսի Մարմնի մի մասն ենք: Աղոթքը խոսք է ոչ միայն Աստծո, այլև` ինքներս մեզ հետ, որպեսզի անընդհատ Տիրոջն աղոթելով` ճանաչենք նաև ինքներս մեզ: Եվ շարունակենք աղոթել Աստծուն և նաև մեր անձերի հետ խոսենք, որ Աստված լուսավորի մեր սրտերը, ուժ ու կարողություն տա, որ ուրիշների կյանքում ևս Աստծո ներկայությունը զգալի դարձնենք»,- ասաց Տեր Գրիգորը:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր, սիրիահայ Րաֆֆի սարկավագ Գույումջյանը (38 տ.) երեք ու կես տարի է, ինչ Հայաստանում է: Նա հինգ տարեկանից ծառայել է Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում: Րաֆֆի սարկավագը պատմեց, որ Մեծ պահքի ընթացքում Հալեպի հինգ եկեղեցիներում շաբաթվա հինգ օրերին թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սիրիահայերը մասնակցել են Արևագալի ժամերգություններին՝ ունկնդիր լինելով նաև Սրբազան Հոր քարոզխոսությանը: Ապա ավելացրեց. «Իսկ Մեծ պահքի վերջին Արևագալի ժամերգությունն անցկացվել է Հալեպի ազգային ծերանոցում՝ բոլոր հինգ եկեղեցիների համայնքների մասնակցությամբ: Իսկ դպրոցներում երեխաները մինչ Սբ. Զատկի տոնը, իրենց դասերը սկսել են «Տերունական աղոթք»-ով և Արևագալի ժամերգության «Յարեւելից» շարականի երգեցողությամբ»:
Սիրիահայ Անի Քաբիրյանի համար կարևոր է նաև ընդհանրական աղոթքին մասնակցելը. «Ածուխն առանձին-առանձին լինելու դեպքում այնպես չի այրվի, որքան, երբ ածուխի
հատիկները կողք-կողքի են: Նույնպես և Սբ. Հոգին սիրում է միավորություն, միասին աղոթելն այլ զորություն ունի, մեր Տերն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18:20)։
«Ի դէմս Հոգւոյն Սրբոյ» անցկացվող Արևագալի ժամերգության ողջ ընթացքում սիրիահայերն երգեցողությամբ, քարոզներով և աղոթքներով խնդրում էին Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսավորի իրենց հոգին իմանալի Արեգակի՝ Քրիստոսի լույսով:
Կարինե Սուգիկյան