Արհեստական վիժեցման, փոխնակ մայրության և արհեստական ճանապարհով ծնված երեխաների մկրտության մասին

Հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելված չէ Հայաստանում: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը:

Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում հաստատված եկեղեցական կանոններն արգելում են արհեստական վիժեցումը: Բարսեղ Կեսարացու կանոններով արհեստական վիժեցումը կապվում է երկու մեղքի հետ` ինքնասպանության և մարդասպանության: Արհեստական վիժեցման գնացող կինը վտանգում է իր կյանքը, իսկ կյանքն Աստծո կողմից տրված պարգև է յուրաքանչյուր մարդու: Անգամ բժշկության զարգացած մեր դարում քիչ չեն դեպքերը, երբ կանայք, դժբախտաբար, մահացել են արհեստական վիժեցման պատճառով: Արհեստական վիժեցումը նաև մարդասպանություն է համարվում, որովհետև քրիստոնեական ընկալմամբ` ձևավորված սաղմն արդեն մարդ է և հոգի ունի, ինչպես ասում են եկեղեցական հեղինակները: «Նա, որ պիտի մարդ լինի, արդեն իսկ մարդ է»,- ասում է քրիստոնեության վաղ շրջանի եկեղեցական հեղինակներից Տերտուղիանոսը:

Հոգին առկա է մարդկային բեղմնավորված սաղմի մեջ, ինչպես որ կրակի մեջ առկա է նրան հատուկ լույսը: Դրա համար էլ արհեստական վիժեցումը դիտվում է նաև մարդասպանություն կամ մանկասպանություն: Եկեղեցական կանոններով այս քայլին դիմած կանանց արգելվում է եկեղեցի մտնել, նրանք զրկվում են Սուրբ Հաղորդություն ստանալուց, և այդպիսիներին միայն վերջին հաղորդություն է տրվում մահվան մահճում: Այս կանոնը մինչև այսօր խստությամբ պահպանվում է Կաթոլիկ Եկեղեցում, որի հավատացյալներից արհեստական վիժեցման դիմած կանայք զրկվում են եկեղեցում Սուրբ Հաղորդություն ստանալուց: Սակայն եկեղեցական այդ կանոնը ներկայումս չի գործադրվում մեր Եկեղեցում, այլ առավել չափով ներողամտություն է ցուցաբերվում` զուգահեռաբար դաստիարակչական, կրթական աշխատանքի կատարմամբ, որպեսզի կինը և տղամարդն առավել լավ հասկանան կրոնական մոտեցումը և մարդու գերագույն արժեքը: Մինչդեռ Կաթոլիկ Եկեղեցում վերստին շեշտվեց արհեստական վիժեցում կատարող կանանց Հաղորդությունից զրկելը, և անգամ Բենեդիկտոս 16-րդ Հռոմի պապը 2007թ. Հարավային Ամերիկա իր այցելության ժամանակ հատուկ կերպով հաստատեց այս տեսակետը` այդ քայլին դիմած կանանց Սուրբ Հաղորդությունից զրկելու դիրքորոշումով: Հռոմի ներկա պապ Ֆրանցիսկոսը, սակայն, քայլեր է ձեռնարկում եկեղեցական ժողովի միջոցով այդ մոտեցումը մեղմելու համար:

Քրիստոնեությունն ազատությունը սահմանափակող կրոն չէ: Իսկ մարդն ազատ է` իր մարմինը տնօրինելու: Ուրեմն, ինչո՞ւ է մեղք համարվում աբորտը` արհեստական վիժեցումը:

Արհեստական վիժեցումը կյանքի դեմ գործվող մեղք է համարվում: Մարդն ազատ է տնօրինելու իր մարմինը միայն իր անձի, իր մարմնի բարօրության, խնամքի համար, այլ ոչ թե վնասելու և սպանելու համար: Մինչդեռ արհեստական վիժեցումն անգամ կյանքին է վնաս բերում, առողջության դեմ գործողություն է: Բացի դրանից, չծնված երեխայի մարմինը, որ ձևավորման ընթացքի մեջ է, մոր մարմնի հետ նույնական չէ, և իր մարմինը տնօրինելու կնոջ իրավունքը չպիտի խախտի իր զավակի ապրելու իրավունքը և չպիտի վերաբերի զավակի մարմնին: Այսինքն` կինը, վիժեցման գնալով, միայն իր մարմինը չէ, որ տնօրինում է, այլև իր զավակի մարմինը, ինչն անթույլատրելի է:

Քրիստոնեական ազատության հասկացությունը տարբեր է ազատության աղճատված ընկալումներից, քանզի շատերը «ազատություն» հասկանում են որպես սանձարձակություն, ամեն ինչ անելու թույլտվություն: Մինչդեռ քրիստոնեության մեջ ազատությունը նախ և առաջ ազատություն է մեղքից ու չարից, իսկ մեղք գործելու թվացյալ ազատությունը մարդուն գերի է դարձնում հենց մեղքին և հպատակ` չարին: Պետրոս առաքյալը հակիրճ բացատրում է ազատության իրական գաղափարը` ասելով. «Ազատությունը չարիքի պատրվակ մի՛ դարձրեք» (Ա Պետ. 2:16): Ուրեմն, մարմինը տնօրինելու ազատությունը ևս պետք է դիտարկել այս գաղափարով:

Պետք է տեսնել նաև պատճառները, որոնք կանանց դրդում են արհեստական վիժեցման: Սովորաբար միայն կանանց չպետք է մեղադրել, որովհետև ընտանիքներում նաև ամուսիններն են մասնակից այս մեղքին: Արհեստական վիժեցման պատճառներից է անցանկալի հղիությունը, երբ զույգերի համար անսպասելի է լինում ապագա զավակի լույս աշխարհ գալու փաստը, և որոշում են ազատվել զավակից: Անմահության ձգտումը, այս աշխարհում սեփական գոյությունը չդադարեցնելու մահկանացու մարդու ցանկությունը բերում է սևեռուն միտքը տղա երեխա ունենալու, ով շարունակելու է իր արմատները, ազգը, սերունդը, իր տեսակը: Այդ իսկ պատճառով, երբ բոլորովին վերջերս բժշկական տեխնոլոգիաների զարգացումով մարդիկ կարողացան կանխատեսել երեխայի սեռը, ավելի շատացավ արհեստական վիժեցումների քանակը, քանի որ մարդիկ սկսեցին ազատվել չծնված աղջիկ զավակներից: Սա խնդիր դարձավ նաև Հայաստանում, որի առնչությամբ անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դիտողություն արեց Հայաստանին: Եվ այսօր մեր երկրում փորձում են համապատասխան օրենք սահմանել` չծնված երեխայի սեռը բժշկի կողմից ծնողներին բացահայտելն արգելելու համար, որպեսզի կանխվեն աղջիկ երեխաների սպանությունները: Կարծում եմ` մեր ժողովուրդը, որ ազգային ավանդույթների, բարոյական արժեքների կրողն է, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունողը, չպետք է հասներ այն վիճակի, որ դրսից մեզ դիտողություն անեին, և մենք էլ ուրիշների արած դիտողությամբ փորձեինք շտկել իրավիճակը: Այս փաստը պատշաճ չէ մեր ազգի համար: Հայաստանում կատարված մի ուսումնասիրության համաձայն` շատերն էլ ցանկանում են տղա ունենալ ոչ թե ազգի շարունակելիության համար, այլ այն նպատակով, որ իրենց ունեցվածքը, ողջ կյանքում աշխատածը չթողնեն փեսաներին, այլ իրենց արյունն ունեցող որդիներին: Այսպիսի մտածումներն են, որ խթանում են աբորտների կատարումը: Սակայն մեր ցանկությունն իրագործելուց առաջ պետք է փնտրենք կյանքը ստեղծող Աստծո կամքը և վարվենք Տիրոջ կամքի համաձայն:

Իսկ եթե արհեստական վիժեցման որոշում ընդունող կինը կամ ընտանիքը զուտ սոցիալական կամ առողջական խնդիրներ ունի և պարզապես չի կարող երեխային պահե՞լ:

Սոցիալական խնդիրները չեն կարող արդարացնել չծնված երեխաների սպանությունը: Այլապես մենք կարող ենք արդարացնել աղքատության պատճառով արդեն իսկ ծնված երեխաների, կամ մի քանի տարեկան մանուկների սպանությունը ծնողների կողմից: Հետաքրքրական է, որ սոցիալական պատճառներով իր նորածին երեխային սպանած մորը հասարակությունը, օրենքը դատապարտում են, իսկ դեռ չծնվածի սպանությունն առ ոչինչ է համարվում: Սա ցույց է տալիս, որ ընկալման սխալ կա, քանի որ բժշկության մեջ հայտնի են դեպքեր, երբ երեխաները վաղահաս են ծնվում և հատուկ պայմաններում պահվում են բժիշկների խնամքի ներքո հատուկ տարաներում, մինչև որ վերջնականապես ձևավորվում են և հանձնվում ծնողներին: Ուրեմն, սխալ հասկացողությունն այն է, որ մոր որովայնում գտնվելը մարդուն մարդ չի դարձնում, իսկ հիվանդասենյակում գտնվելը մարդու արժեք է տալիս, կամ` դեռ չծնվածը, մոր որովայնից դեռևս դուրս չեկածը մարդ չէ, իսկ հենց նոր ծնվածն արդեն մարդ է: Այս սխալ ընկալման դեմ է, որ պայքարում է եկեղեցական, քրիստոնեական դիրքորոշումը, քանի որ կենդանություն ունեցող մարդկային էակը մարդ է` լինի ծնված, թե դեռ չծնված:

Արհեստական վիժեցմանն առնչվող Աստվածաշնչի մի դրվագ կա, որում խոսվում է վիճող տղամարդկանց կողմից պատահաբար հղի կնոջը վնասելու մասին: Ըստ Սուրբ Գրքի` եթե պտուղը ձևավորված չէ, այսինքն` շատ վաղ հղիություն է, ապա վնասող մարդը պատժի ենթակա չէ, այլ պետք է տա այն, ինչ կնոջ ամուսինը հարմար գտնի, այսինքն` որևէ ունեցվածք կամ դրամական փոխհատուցում վնասի դիմաց: Սակայն եթե պտուղն արդեն ձևավորված է, ապա ձևավորված պտղին մահ պատճառելը համարվում է մարդասպանություն, և այդ արարքը գործած մարդը ենթարկվում է մահապատժի`«կյանքի դիմաց կյանք» Հին Կտակարանի սկզբունքի համաձայն (Ելք. 21:23): Բայց ամեն պարագայում պետք է հիշել, որ նման դեպքերում գործ ունենք ձևավորված կամ դեռևս չձևավորված, սակայն մարդկային էակի հետ:

Նոր Կտակարանում հիանալի պատմություն կա հղի Աստվածածնի մասին: Երբ նա հանդիպում է Եղիսաբեթին` Հովհաննես Մկրտչի մորը, ով նույնպես հղի էր, մանուկը խաղում է Եղիսաբեթի որովայնում Սուրբ Մարիամի ձայնից: Եվ Եղիսաբեթը մարգարեանալով` ասում է. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա. որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:42-44): Ճիշտ է, այստեղ խոսքը մանուկ Հիսուսի, Հովհաննես Մկրտչի պես մեծությունների մասին է, ովքեր պիտի ծնվեին, սակայն սա ևս ցույց է տալիս, որ երեխաները կապված են իրենց մոր հետ, դեռ վաղահաս շրջանում նույնիսկ ազդվում են այն ամենից, ինչ կատարվում է իրենց մայրերի հետ: Սա ապացուցել է նաև բժշկությունը, իսկ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության արհեստական ընդհատման ժամանակ պտուղները ջանում են հեռու փախչել և զգում են պատառոտվելու ու սպանվելու ցավը: Այնպես որ պետք է լավ մտածել արհեստական վիժեցում կատարելուց առաջ, քանի որ դեռ չծնված փոքրիկները նույնպես մարդ են, և նրանց սպանելը մարդասպանություն է: Այսօր շատ բժիշկներ կան աշխարհում, ովքեր, նորովի մտածելով մարդկային կյանքի մասին, երկար տարիների պրակտիկայից հետո արդեն հրաժարվել են արհեստական վիժեցում կատարելուց: Առողջական խնդիրների պատճառով մոր կյանքին սպառնացող վտանգի դեպքում եկեղեցական տեսակետով ոչ թե ճշմարտացի, այլ թույլատրելի է համարվում հղիությունն ընդհատելը` կնոջ կյանքը փրկելու համար:

Եթե կնոջը բռնաբարել են, և նա համարում է, որ պտուղը մեղքի արդյունք է...

Նման պարագաներում փոքրիկ երեխան չէ, որ պետք է պատժվի, այլ հանցանքը գործած անձը: Երեխան ինքնին անմեղ է և չի կարող պատասխանատվություն կրել իր ծնողի կամ ծնողների մեղքերի համար և պատժի կամ առավել ևս մահապատժի ենթարկվել: Ենթադրենք, որ կնոջն ինչ-որ պատճառով չի հաջողվել արհեստական վիժեցում կատարել և երեխան ծնվել է: Արդյո՞ք մենք այս դեպքում էլ կարող ենք պնդել, որ կինն իրավունք ունի սպանելու իր պտղին, քանի որ բռնաբարության հետևանք է: Իհարկե, ո՛չ: Հետևաբար, պետք է գիտակցել, որ արդեն ծնվելու ենթակա մարդկային էակը նույնպիսի մարդ է, ինչպես որ հենց նոր ծնված մարդը:

Կաթոլիկ Եկեղեցին մի քանի տարի առաջ Բրազիլիայում այս հարցի հետ կապված պայքարի մեջ էր բրազիլական կառավարության հետ: Այդ երկրի կին նախագահը, ով հավատացյալ կաթոլիկ քրիստոնյա է, նույնպես չի ընդունում արհեստական վիժեցումը, սակայն նա ցանկանում էր իշխանությունների հետ միասին օրենք ընդունել` հաստատելու կնոջ իրավունքը արհեստական վիժեցման դիմելու այն դեպքում, երբ հղիությունը եղել է բռնաբարության պատճառով: Օրենքն ի վերջո ընդունվեց` հակառակ Կաթոլիկ Եկեղեցու առարկությանը, և հավելվեց կյանքի փրկության համար արհեստական վիժեցում կատարելու թույլտվությունը սահմանող օրենքին: Այս դեպքերից բացի, Բրազիլիայում արհեստական վիժեցման կատարումը պատժվում է օրենքով` մեկից չորս տարի ազատազրկմամբ, թե՛ կնոջ և թե՛ բժշկի պարագայում: Բրազիլիայի օրենքում, ինչպես նաև սահմանադրության մեջ հաստատվում է մարդկային սաղմի ապրելու իրավունքը` հղիության առաջին պահից սկսած: Բացառություն է արվել նաև անենցեֆալիայի` գլխուղեղի բնածին բացակայությամբ սաղմի արհեստական վիժեցման համար: Օրենքով ևս այս դեպքի համար վիժեցումը թույլատրելի է նկատվում, ինչի դեմ, սակայն, հանդես են եկել կրոնական կողմորոշում ունեցող կազմակերպությունները` պնդելով, որ այդպիսի երեխաները նույնպես ունեն ապրելու իրավունք: Արհեստական վիժեցումն օրենքով արգելված է աֆրիկյան, Մերձավոր Արևելքի շատ երկրներում, հարավամերիկյան երկրներում` որոնցից են Բրազիլիան, Չիլին, Վենեսուելան, Նիկարագուան, Պարագվայը, Պանաման և այլն, Եվրոպայում` Իռլանդիայում, Մալթայում, Վատիկանում, իսկ եվրոպական և հյուսիսամերիկյան այլ երկրներում կան հզոր շարժումներ արհեստական վիժեցման դեմ:

Եկեղեցու կողմից անընդունելի է արհեստական վիժեցման կամ հղիության արհեստական ընդհատման ցանկացած դեպք, բացի կյանքի փրկության համար կատարված գործողությունից: Աստվածաշնչում նշվում է, որ Աստված հայրերի մեղքերի համար զավակներին, եթե մասնակից չեն մեղքերին, երբեք չի պատժում (Բ Օր. 24.16, Երեմ. 31.29-30, Եզեկ. 18.19-20): Եվ մարդիկ էլ պետք է աստվածանմանությամբ չպատժեն անմեղ փոքրիկներին հայրերի մեղքերի համար:

Ի՞նչ հետևանքներ, առողջական, հոգեբանական վնասներ կարող են հետևել արհեստական վիժեցմանը:

Արհեստական վիժեցմանն իրապես հաջորդում են առողջական և հոգեբանական խնդիրներ: Լավ է, երբ կանայք շուտ կազդուրվում են, սակայն հաճախ էլ առողջական բարդացումներ են լինում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քիչ չեն այն կանայք, ովքեր տարբեր բարդացումներով արհեստական վիժեցումից հետո նորից բժշկի են դիմում: Հոգեբանական զգացական խնդիրները ևս ակնհայտ են դառնում: Եթե ամուսինները հավատացյալ են, բայց սոցիալական կամ այլ պատճառներով դիմել են արհեստական վիժեցման, միևնույն ժամանակ իմանալով Եկեղեցու դիրքորոշումը, ապա այդուհետ ապրում են մեղքի մշտական գիտակցությամբ, դեպքը հիշելիս` ճնշված կամ տխուր զգացումներով: Դրա հետևանքով կարող են տուժել ամուսինների փոխհարաբերությունները, իսկ դրանից արդեն` իրենց երեխաների հանդեպ վերաբերմունքը:

Մեր Եկեղեցում աշխատանքներ են տարվում` պատրաստելու Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որն անդրադառնալու է նաև այսպիսի հարցերի: Կաթոլիկ, Ուղղափառ Եկեղեցիներն ունեն իրենց սոցիալական հայեցակարգը` տարբեր դեպքերի, հանգամանքների համար սահմանված պատասխաններով: Սակայն դրանցում բացասական երևույթ կա: Այդ պատասխանները հիմնված են եկեղեցական հեղինակների, Աստվածաշնչի դիրքորոշման վրա, բայց երբեմն սեղմ են և միայն ժխտական և ոչ` ուսուցողական բնույթի: Այդպես է պարագան նաև արհեստական վիժեցման առնչությամբ: Ասվում է, որ դա ընդունելի չէ Եկեղեցու կողմից աստվածաշնորհ կյանքի, ապրելու իրավունքի նկատառումով: Սակայն չի ասվում, թե ինչպե՞ս պետք է վարվեն ամուսիններն իրենց ամուսնական կյանքի ընթացքում: Ամուսնացյալ կինն ու տղամարդն ամեն օր չեն կարող ճգնավորի պես ապրել, բայց նաև տասնամյակների ամուսնության ընթացքում ամեն տարի չեն կարող երեխա ունենալ: Հայտնի է, որ կանայք երբեմն մինչև 50 տարեկան, իսկ տղամարդիկ մինչև 80-90 տարեկան ընդունակ են երեխա ունենալու: Կաթոլիկ Եկեղեցին վերջին տարիներին արհեստական վիժեցման դեմ խիստ դիրքորոշումը վերահաստատելուց հետո նաև արգելեց և դատապարտելի համարեց բեղմնավորումը կանխող միջոցների օգտագործումը, քանի որ դրանք նպաստում են անբարոյականության և սեռական անբուժելի հիվանդությունների, ինչպես օրինակ` ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների տարածմանը:

Արհեստական վիժեցման խնդիրներին վերաբերող եկեղեցական կանոնները հիմնականում հաստատվել են ամուսնական կյանքով չապրած, միջնադարյան եկեղեցական հեղինակների, գործիչների կողմից, ովքեր այդպես էլ մանրամասն չեն բացատրել ամուսինների կեցության և արհեստական վիժեցումից խուսափելու քայլերը` բերելով միայն արգելող կամ դատապարտող հայտարարություններ: Սա բավական չէ և ուղղորդող չէ ամուսինների համար: Հոգևորականները պետք է բացեն փակագծերը և բացահայտ ցուցումներ տան հավատացյալ ամուսիններին` հիմնված քրիստոնեական վարդապետության, Սուրբ Գրքի ուսուցման վրա: Եթե ասելիքը պատշաճ չէ կամ տեղին չէ հոգևորականի բառապաշարի համար, ապա Եկեղեցին ամուսինների դաստիարակությունը պետք է իրականացնի նաև հավատավոր բժիշկների միջոցով, ովքեր մասնագիտորեն խորհուրդներ կտան: Արհեստական վիժեցման խնդրի լուծումը մարդկային գիտակցության մեջ ամրապնդելն է մարդու կյանքի գերագույն արժեք լինելու գաղափարի, կյանքի աստվածաշնորհ լինելու և դեռ չծնված երեխայի արդեն իսկ մարդ լինելու և հաստատելու ընկալումն ապրելու իրավունքի մասին:

Անդրադառնանք փոխնակ` սուրոգատ մայրությանը: Մասնագետների գնահատմամբ` այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է, և այս տեսակետից փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է: Պետք չէ՞ այն դիտարկել որպես մարդասիրական քայլ և ի վերջո մեր երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Եկեղեցին ինչո՞ւ է դեմ փոխնակ մոր ինստիտուտին:

Փոխնակ մայրությունը կարող է լուծում լինել անպտղության խնդրի և բնակչության թվաքանակի բարելավման համար: Սակայն կան խնդիրներ, որոնք դրական լույսի ներքո չեն ներկայացնում փոխնակ մայրության երևույթը: Բեղմնավորված էմբրիոնները, որոնք կրոնական հասկացությամբ հոգի ունեցող մարդկային գոյություն են, ենթարկվում են փորձերի, և դրանցից միայն մեկն է տեղադրվում փոխնակ մոր օրգանիզմում, մյուսները ոչնչանում կամ ոչնչացվում են: Խախտվում է երեխայի իրավունքը` ծնվելու ամուսնական միությամբ իրար կապված ծնողներից: Ծագում են հոգեբանական լուրջ խնդիրներ հատկապես փոխնակ մայր հանդիսացած անձի մոտ: Այսինքն` կարող են բժշկական առումով խնդիրներ չլինել, սակայն ծագում են բիոէթիկայի խնդիրները: Փոխնակ մայրերին ներկայացվող պահանջներն են` տարիքը 20 – 35 տարեկան, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայություն, հոգեկան և սոմատիկ, այսինքն` մարմնական առողջություն: Ապագա փոխնակ մայրերը բժշկական քննություն են անցնում առողջության և հոգեկան վիճակի ստուգման համար: Սակայն մարմնական վիճակի և հոգեկան հավասարակշռության վերաբերյալ բժշկական քննությունից զատ պետք է նաև հոգեբանական խորը քննություն: Երեխայի հետ գենետիկական կապի բացակայությունը չի վերացնում երեխայի հետ փոխնակ մոր հոգեբանական և զգացական մեծ կապվածությունը: Բացի դրանից, նույնիսկ եթե հոգեբանական հավասարակշռվածությունը կամ չափավորված զգացմունքայնությունն ու բարձր ինքնատիրապետումը հաստատվում է, ապա միևնույն է, այդ քննությունը երբեք չի կարող ճշգրիտ լինել, քանի որ հղիության ընթացքում փոխվում են կնոջ հոգեբանությունն ու ընկալումները:

Այս իրողության լրջագույն խնդիր լինելն ակնհայտ դարձավ 1986 թ., երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Նյու Ջերսիում, փոխնակ մայրը, որը հղիության ընթացքում զգացականությամբ կապվել էր իր որովայնում կրող երեխայի հետ, հրաժարվեց երեխային տալ պատվիրատուներին: Դատական երկար գործընթացներ սկսվեցին, և ի վերջո` երեխան տրվեց կենսաբանական ծնողներին, իսկ փոխնակ մորը իրավունք վերապահվեց երեխային այցելելու: Այս խնդիրներից զատ` խնդիր է առաջանում սահմանելու, թե ինչ է մայրությունը. դեպքերից մեկում տատիկը ևս իր թոռնիկի մայրն է դառնում` կրելով և ծննդաբերելով իր դստեր երեխային: Մի քանի մայրեր ունենալու իրողությունն իր ծնվելու ձևի մասին իմացած երեխայի կամ պատանու մոտ ինքնագիտակցության ճգնաժամ է առաջացնում` «մայր» հասկացության հետ կապված: Փոխնակ մայրությունը որդեծնությունը վերածում է բժշկական տեխնիկական գործողության և առևտրի, քանի որ կարծես երեխա են արտադրում ու վաճառում, ինչպես որ խանութում արտադրված ապրանքներ են ծախում: Այս կարծիքը տեղին է, քանի որ փոխնակ մայրերը դրամ աշխատելու համար են դառնում ուրիշի երեխայի կրողներ, և այս երևույթի մեջ առևտրի առկայությունն առավել քան ակնհայտ է:

Եկեղեցու` փոխնակ մայրության դեմ լինելը նաև երևույթի ընկալման հետ է առնչվում: Այն, ինչ բժիշկը սահմանում է անպտղություն, Աստվածաշունչը բացատրում է որպես Աստծո օրհնության հապաղում: Աստվածաշնչում նշվում է, որ Հակոբի կին Ռաքելը դժգոհում էր ամուսնուց երեխա չունենալու համար, իսկ Հակոբը պատասխանում է. «Մի՞թե Աստծո փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց» (Ելք 30.12): Այսպես նաև Աբրահամի կին Սառան մինչև ծերություն երեխա չէր կարողանում ունենալ: Սակայն Աստծո օրհնությամբ, ասում է Սուրբ Գիրքը, և՛ Ռաքելն է զավակ ունենում (30.22-24), և՛ Սառան, ով սկզբում նույնիսկ ծիծաղեց այն մտքի վրա, թե այդ տարիքում մայր է դառնալու (Ծննդ. 18.11-15, 21.12): Նաև Սամուել մարգարեի մայր Աննան, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները երկար տարիներ զավակ չէին ունենում, բայց աղոթքով Աստված նրանց արժանացնում է այդ օրհնությանը (Ա Թագ. 1.9-13, 19-20): Եկեղեցում հանդիպում ենք ծնողների, ովքեր իրենց երեխաներին բերում են մկրտության կամ օրհնության` ուրախությամբ հայտնելով, որ մեկ և անգամ երկու տասնամյակից ավելի երեխա չունենալուց հետո Աստված իրենց զավակ է պարգևել: Իսկ փոխնակ մայրությանը դիմող շատ զույգեր ամուսնական կյանքի կարճ ժամանակից հետո արդեն զավակ ունենալու այլ տարբերակներ են փնտրում: Իհարկե, բժիշկներն ախտորոշում են կնոջ անկարողություն` զավակ ծննդաբերելու, կամ կնոջ և կամ ամուսնու առողջական խնդիր, որի պատճառով հնարավոր չէ զավակ ունենալ: Սակայն բժշկական հետազոտությամբ նույնպիսի ախտորոշում կլիներ նաև Սառայի, Ռաքելի, Աննայի, Սուրբ Աստվածածնի ծնողների պարագայում, ովքեր, սակայն, զավակներ են ունեցել:

Այսօր մեր հասարակության մեջ տարածված է անպտղության պատճառով ամուսինների բաժանումը` հիմնական մեղքը բարդելով կնոջ վրա: Սակայն Եկեղեցին, մի քանի դեպքեր նշելով ամուսինների բաժանման, չի պարտադրել զավակ ունենալու անկարողության պատճառով բաժանումը, քանի որ որդեծնությունն աստվածային օրհնությամբ է լինում, և այդ օրհնությունն ի վերջո զավակների ծննդյան ուրախությունը կբերի ընտանեկան կյանքում: Սա է փաստում տասը, քսան և ավելի տարիներ զավակներ չունեցած, բայց, ի վերջո, որդեծնության բերկրանքին արժանացած ամուսինների պատմությունը: Հղիության արհեստական ընդհատման պարագայում կնոջ կյանքի փրկության համար Եկեղեցին թույլ է տալիս արհեստական վիժեցման դիմել: Փոխնակ մայրության պարագայում էլ գուցե կարելի է հարցը խորը ուսումնասիրմամբ մի բացառություն կարգել` նկատի ունենալով և՛ ամուսնու, և՛ կնոջ անկարող լինելը որդեծնության համար: Այս հարցը դեռ քննարկելի է, իսկ մինչ այդ Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիներն իրենց դիրքորոշումներով արդեն հստակորեն անընդունելի են համարել փոխնակ մայրությունը: Եթե ամուսինները զավակներ չեն ունենում, ապա լուծումներից մեկը, որ համապատասխան կլինի քրիստոնեական ընկալումներին, նախ և առաջ գուցե որբ երեխա որդեգրելն է` մեկին ծնողական սեր և հոգածություն պարգևելը, այդ հնարավորությունից զրկված երեխային երջանկություն նվիրելը: Այս հիանալի բարեգործությունը մեծապես հաճելի և ընդունելի է Աստծո համար: Հիշենք Քրիստոսի խոսքը. «Ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, Ի՛նձ կընդունի» (Մատթ. 18.5, Մարկ. 9.36, Ղուկ. 9.48): Հայտնի են դեպքեր, երբ երեխաներ որդեգրած ամուսիներն իրենք են շուտով երեխաներ ունեցել:

Պետք է նշել, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ամերիկայի որոշ նահանգներում փոխնակ մոր ծառայություններ մատուցելն օրենքով արգելված է: Սակայն Հայաստանում 2002 թվականից փոխնակ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել: Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Եվրոպան, պատահում է, ավելի նախանձախնդիր մոտեցում է ցուցաբերում արդի երևույթների նկատմամբ, ինչպիսին է նաև Ֆրանսիայում Եհովայի վկաներ աղանդի պետականորեն գրանցման արգելումը: Մինչդեռ, ինչպես երևում է, եվրոպականացման ձգտող Հայաստանը թե՛ փոխնակ մայրության, թե՛ աղանդավորներին պետական գրանցում տալու և թե՛ այլ երևույթների հարցում ձգտում է եվրոպացուց ավելի եվրոպացի լինել, ինչը կարող է մեծ վնաս բերել մեր ժողովրդին` քրիստոնեական արժեքների ընկալման, բարոյականության հաստատման, հոգևոր կյանքի աղճատման տեսակետից:

Փոխնակ մայրության ճանապարհով ծնված մանկանը Եկեղեցին մկրտո՞ւմ է, համարո՞ւմ է իր համայնքի լիարժեք անդամ:

Եկեղեցին մկրտում է երեխաներին, քանի որ նրանք մասնակից չեն իրենց ծնողների մեղքերին և չի զրկում Աստծո շնորհներն ընդունելու, Երկնքի արքայության ժառանգորդ դառնալու հնարավորությունից: Երբ առաքյալներն արգելեցին երեխաներին Քրիստոսին մոտենալ, մեր Տերը` Քրիստոս, երեխաների մասին ասաց. «ՙԹո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև Երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19.13-14): Բացի դրանից Քրիստոս երեխաներին օրինակ բերեց բոլոր հավատացյալների համար` ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.3): Ուրեմն, Եկեղեցին հայրերի ու մայրերի մեղքերը չվերագրելով զավակներին` մկրտում է երեխաներին, որպեսզի Աստծո շնորհները սփռվեն երեխաների վրա, և նրանք դառնան լավ ու բարի մարդիկ, աստվածահաճո քրիստոնյաներ և արժանի լինեն փրկության ու հավիտենական կյանքի:

Կարծիք կա, որ այդ երեխաներին չպետք է մկրտել, որովհետև նրանց լույս աշխարհ գալը հակառակ է բնությանը, և հետևանք է աստվածային կամքին հակառակ գնալու ծնողների մեղքի: Ըստ այդ տեսակետի` եթե ամուսինները երեխաներ չեն ունենում, ապա դա նշանակում է, որ Աստված չէր ցանկանում նրանց երեխա ունենալը, քանզի զրկել էր որդեծնության օրհնությունից` միևնույն ժամանակ նրանց կարծես թե ուղղորդելով որբ երեխաների որդեգրության, սերն ու խնամքը ծնողազուրկ երեխաների վրա տարածելու: Սակայն միայն Աստծո չկամենալը որպես պատճառաբանություն բերելն իրողության ճշգրիտ արտացոլում չի լինի, քանզի այսօր զարգացել է բժշկությունը, և տարբեր վիրահատական, բժշկական այլ միջամտություններ են կատարվում` մարդկանց կյանքը փրկելու, կյանքը երկարացնելու, առողջացնելու համար: Վերոնշյալ տրամաբանությամբ կարելի էր ասել, որ Աստված չէր կամենում ծանր հիվանդության մեջ ընկած մարդկանց ավելի երկար ապրելը կամ որևէ տկարություն հաղթահարելը, դրա համար նրանց զրկել էր առողջությունից` հնարավորություն տալով ավելի շուտ ավարտելու այս երկրավոր, անցողիկ կյանքը և փոխադրվելու դեպի հավիտենություն: Բայց մենք ընդունում և ճիշտ ենք համարում գիտության, բժշկության նոր նվաճումներն ու ձեռքբերումները և դրանց կիրառումը մարդկային կյանքում, եթե դրանք լուրջ վտանգներ չեն պարունակում և հակառակ չեն մարդու, կյանքի վերաբերյալ աստվածաշնչյան վարդապետությանը, չեն հակադրվում աստվածային կամքին: Փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների պարագայում, սակայն, պետք է շեշտել ոչ թե Աստծո չցանկանալը երեխայի ծննդի, այլ ամուսինների հակառակ ընթացքը մարդկային բնությանը, ինչպես նաև ընտանեկան, ամուսնական փոխհարաբերությունների, որդեծնության քրիստոնեական գաղափարներին:

Փոխնակ մայրության խնդրին պաշտոնապես անդրադարձել է Ռուս Ուղղափառ Եկեղեցին և իր դիրքորոշումն ու տեսակետը հայտնել նախ 2000 թ. Եպիսկոպոսական հոբելյանական ժողովի կողմից հաստատված` Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սոցիալական հայեցակարգի հիմունքներում, ապա` 2013 թ. դեկտեմբերի 25-26-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդի նիստին ընդունված հատուկ փաստաթղթով: Քննարկվել է նաև սերմնաբջիջների դոնորության խնդիրը:

Ըստ Ռուս Եկեղեցու սոցիալական հայեցակարգի` սերմնաբջիջների դոնորությունը խախտում է ամուսնական հարաբերությունների բացառիկությունը` դրանցում երրորդ կողմի ներխուժում թույլ տալով, խրախուսում է անպատասխանատու հայրությունը կամ մայրությունը: Դոնորական նյութի օգտագործումը խաթարում է ընտանեկան փոխհարաբերությունների հիմքերը, քանզի բացի երեխայի «սոցիալական» ծնողներից ենթադրում է նաև «կենսաբանական» ծնողների առկայությունը:

Փոխնակ մայրությունը, այսինքն` բեղմնավորված ձվաբջջի կրումը մի կնոջ կողմից, ով ծննդաբերությունից հետո երեխային վերադարձնում է «պատվիրատուներին», հակաբնական է և բարոյապես անթույլատրելի է նույնիսկ այն դեպքերում, երբ իրականացվում է ոչ առևտրային հիմքի վրա: Այդ մեթոդիկան ենթադրում է ոչնչացումը խորը զգացմունքային և հոգևոր մերձավորության, որը հաստատվում է մոր և մանկան միջև արդեն հղիության ընթացքում: Այս ճանապարհով ծնված երեխան հետագայում կարող է ինքնագիտակցության ճգնաժամ ապրել:

Բարոյապես անթույլատրելի են նաև էքստրակորպորալ, այսինքն` արտամարմնային բեղմնավորման բոլոր տարատեսակները, ինչը ենթադրում է սաղմերի պատրաստումը, պահպանումը և «ավելցուկ» սաղմերի դիտավորյալ ոչնչացումը: Հատկապես նույնիսկ սաղմի պարագայում մարդկային արժանապատվության ընդունման վրա է հիմնված Եկեղեցու կողմից դատապարտվող արհեստական վիժեցման բարոյական գնահատականը:

Դոնորական սերմնաբջիջների գործածումով միայնակ կանանց բեղմնավորումը կամ միայնակ տղամարդկանց, ինչպես նաև այսպես կոչված ոչ ստանդարտ սեռական կողմնորոշում ունեցող անձերի «վերարտադրողական իրավունքի» իրացումը զրկում է ապագա երեխային հայր կամ մայր ունենալու իրավունքից: Աստծո կողմից օրհնյալ ընտանիքի շրջանակից դուրս վերարտադրողական մեթոդների կիրառումը դառնում է աստվածամարտության ձև, որն իրականացվում է մարդու ինքնավարության և անձի թյուրըմբռնված ազատության քողի ներքո:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սինոդի փաստաթուղթը, հիմնականում անդրադառնալով փոխնակ մայրության օգնությամբ ծնված երեխաների մկրտության խնդրին, վկայակոչումներ է կատարում նաև Սոցիալական հայեցակարգից:

Եկեղեցին հասկանում է ամուսնությունը որպես ի սկզբանե աստվածային սահմանում` արմատավորված մարդկային էության մեջ: Քրիստոնեական ըմբռնմամբ ամուսնությունը տղամարդու և կնոջ հոգևոր-մարմնավոր միությունն է, որը նրանց թույլ է տալիս ամբողջության մեջ իրացնել իրենց մարդկային բնությունը: Եկեղեցին օրհնում է ամուսնությունը` այն նմանեցնելով Քրիստոսի և Նրա Եկեղեցու հոգևոր միությանը (Եփ. 5.22-25, 29-30, 32): Ամուսնական սիրո պտուղն են դառնում երեխաները, որոնց ծնունդն ու դաստիարակությունն ըստ ուղղափառ ուսմունքի` հանդիսանում են ամուսնության կարևորագույն նպատակներից մեկը:

Երեխայի ծնունդը ոչ միայն ամուսնական հարաբերությունների բնական արդյունք է, այլև իր մեջ Արարիչ Աստծո պատկերն ու նմանությունը կրող նոր մարդու աշխարհ գալու մեծ իրադարձություն: Երեխաներին կյանք տալով` տղամարդն ու կինը բացառիկ պատասխանատվություն են հանձն առնում, քանզի կոչված են մեծագույն հոգատարություն ցուցաբերելու միաժամանակ նրանց ֆիզիկական և հոգևոր առողջության` սկսյալ ներարգանդային զարգացման շրջանից և կյանքի առաջին օրերից մինչև չափահասություն:

Երեխաների ծննդյան և դաստիարակության մեջ հատուկ դեր ունի մայրը, ով սերտորեն կապված է իր երեխայի հետ մարմնավոր, հոգեկան և հոգևոր կապերով: Եկեղեցին մայրության մեծ օրինակ է տեսնում Սուրբ Աստվածածնի մեջ, որի կերպարը բացահայտում է կնոջ բարձրագույն արժանիքը, նրա մայրական կոչման բացառիկությունը:

Լուրջ խնդիրներից մեկը, որին ոչ հազվադեպ բախվում են ընտանիքները, ամուսիններից մեկի կամ երկուսի անպտղությունն է: Եկեղեցին կարեկցում է երեխա չունեցող ամուսիններին` օրհնելով նրանց աղոթելու, որ Աստված սերունդ պարգևի, և դիմեն բժիշկներին անպտղության բուժման համար, ինչպես նաև երեխաներ որդեգրեն:

Երեխա չունեցող ամուսիններին բժշկական օգնության թույլատրելի միջոց է Եկեղեցին համարում ամուսնու սերմնաբջիջներով արհեստական բեղմնավորումը, եթե դա չի ուղեկցվում բեղմնավորված ձվաբջիջների ոչնչացմամբ, քանզի դա չի խախտում ամուսնական միության ամբողջականությունը, սկզբունքային ձևով չի տարբերվում բնական բեղմնավորումից և կատարվում է ամուսնական հարաբերությունների շրջանակներում:

Փոխնակ մայրությունը միանշանակորեն դատապարտվում է Եկեղեցու կողմից: «Փոխնակ մայրություն» եզրն ինքը ցույց է տալիս մայրական պարտքի և կոչման բարձր հասկացության աղավաղումը: Այն ստորացում է նաև երեխայի համար, ով լիարժեք մոր փոխարեն կա՛մ ունենում է երկու ոչ լիարժեք մայրեր, կա՛մ ոչ մի մայր չի ունենում, ինչպես միայնակ տղամարդու պարագայում, ով ցանկացել է «կենսաբանական սերունդ» ունենալ:

Փոխնակ մայրության կիրառման հասարակական վտանգը կապված է մարդու բնության մասին պատկերացման արմատական փոփոխության հետ: Տվյալ դեպքում մարդու հասկացությունը` որպես բացառիկ անձի, փոխվում է մարդու պատկերով` որպես կենսաբանական էակի, որը կարելի է ինքնակամորեն կառուցել` շահարկելով «գենետիկական նյութի» տարրերը: Աշխարհում աստիճանաբար մշակվում է վերաբերմունք մարդկային կյանքին` որպես արտադրանքի, որը կարելի է ընտրել` համաձայն սեփական հակումերի, և որը կարելի է տնօրինել նյութական արժեքներին հավասար:

Վերարտադրողական տեխնոլոգիաների գործածումն անպտուղ զույգերին, միայնակ տղամարդկանց կամ կանանց «երեխաներով ապահովելու» նպատակով աստիճանաբար վերածվում է շահութաբեր բիզնեսի, որը միջոց է տալիս գումար աշխատելու սերմնաբջիջների դոնորներին և փոխնակ մայրերին: Դրա հետևանքով մարդու ծնվելու խորհուրդը դառնում է առևտրա-գումարային հարաբերությունների առարկա: Սիրո և հավատարմության վրա հաստատված աստվածապատվեր ամուսնությանը փոխարինելու է գալիս «վերարտադրողական ծառայությունների շուկան», որը պատրաստ է բավարարելու սպառողի` երեխայի արհեստական ծննդի ցանկացած պահանջմունք` տրված ցուցանիշներին համապատասխան:

Եկեղեցին բաց է բոլոր մարդկանց համար, ովքեր ձգտում են փրկության: Մկրտությունը Եկեղեցի մուտք գործելու խորհուրդն է և ենթադրում է մկրտվածների համաձայնությունն իր հավատքի և ուսմունքի հետ, ինչպես և` նրանց հետագա մասնակցությունը եկեղեցական կյանքին: Մկրտության խորհուրդը Եկեղեցում կատարվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Երեխայի մկրտության համաձայնությունը նրա փոխարեն տալիս են մեծահասակները` ծնողները և կնքահայրը: Երեխայի մկրտության պայման է դրվում նաև նրա դաստիարակությունը քրիստոնեական հավատքի մեջ և քրիստոնեական բարոյականության կանոնների համաձայն, ինչը ենթադրում է ծնողների, երեխայի, հոգևոր դաստիարակների կանոնավոր մասնակցությունը եկեղեցական պաշտամունքներին և Խորհուրդներին:

Ինչ վերաբերում է փոխնակ մորից ծնված երեխաների մկրտության հնարավորության հարցին, ապա դրան պատասխանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ գործոնները: Մի կողմից` ցանկացած ծնված երեխա կարող է մկրտված լինել ըստ նրանց հավատքի, ովքեր նպատակադրվում են նրան մկրտել: Երեխան չի կարող պատասխան տալ իր ծնողների արարքների համար և մեղավոր չէ, որ իր լույս աշխարհ գալը կապված է Եկեղեցու կողմից դատապարտվող վերարտադրողական տեխնոլոգիայի հետ: Մյուս կողմից` երեխայի քրիստոնեական դաստիարակության համար պատասխանատվություն են կրում ծնողներն ու կնքահայրերը: Եթե ծնողները գործածի համար ակնհայտ չեն ապաշխարում, իսկ կնքահայրը փաստացիորեն համաձայնություն է արտահայտում կատարված մեղավոր գործին, ապա քրիստոնեական դաստիարակության մասին խոսքն ավելորդ է: Նման դեպքում երեխաների մկրտության մերժումը կհամապատասխանի ուղղափառ ավանդությանը, որը ենթադրում է մկրտվողի համաձայնությունը, իսկ երեխաների մկրտության պարագայում` նրա ծնողների և կնքահոր համաձայնությունը Եկեղեցու ուսմունքի հետ: Այդպիսի մերժումը նաև հովվական նշանակություն կունենա, քանի որ դրանով հասարակությունը Եկեղեցուց հստակ ազդանշան կստանա, որ փոխնակ մայրության կիրառումը քրիստոնեական տեսակետից անհանդուրժելի է:

Փոխնակ մայրության օգնությամբ ծնված երեխան կարող է մկրտվել նրան դաստիարակող անձանց ցանկությամբ, եթե այդպիսիք հանդիսանում են կա՛մ նրա «կենսաբանական ծնողները», կա՛մ` «փոխնակ մայրը», միայն այն բանից հետո, երբ նրանք գիտակցեն, որ քրիստոնեական տեսակետից նման վերարտադրողական տեխնոլոգիան բարոյապես դատապարտելի է, և եկեղեցական ապաշխարություն կբերեն` անկախ նրանից գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար են անտեսել Եկեղեցու դիրքորոշումը: Միայն այդ դեպքում Եկեղեցին կարող է ակնկալել, որ մկրտված երեխան կդաստիարակվի ուղղափառ հավատքի մեջ, և նրան կհաղորդեն քրիստոնեական բարոյական պատկերացումները: Եթե այդպիսի գիտակցում չի լինում, ապա մկրտության որոշման հարցը հետաձգվում է մինչև երեխայի գիտակից, անձնական ընտրությունը: Վերջին դեպքում «փոխնակ ծննդյան» փաստն ինքնըստինքյան արգելք չի հանդիսանում մարդու մկրտության համար, քանի որ նա պատասխանատվություն չի կրում իր ծնողների վարմունքի համար:

Այն դեպքում, երբ փոխնակ մորից ծնված երեխա են բերում եկեղեցի, նրա մկրտության հարցը կարող է վճռվել թեմական եպիսկոպոսի ցուցման համապատասխան, ով պարտավոր է առաջնորդվել եկեղեցական փաստաթղթի դրույթներով:

Մահացու վտանգի դեպքում թույլատրվում է երեխաների մկրտությունը` անկախ նրանց ծննդյան հանգամանքներից:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական տեսակետները բավականին հստակեցում են տալիս փոխնակ մորից ծնված երեխաներին մկրտելու հարցում: Ռուս Եկեղեցու փաստաթղթի մեջ, սակայն, մի հանգամանք նկատի չի առնվել: Երբ փոխնակ ճանապարհով ծնված երեխային ծնողները բերում են եկեղեցի մկրտության և հայտնում են իրենց երեխայի ծնվելու հանգամանքի մասին, դա արդեն իսկ ապաշխարության կամ զղջման նշաններից մեկը կարող է լինել, որովհետև Եկեղեցին, ինչքան էլ պաշտոնական տեսակետներ բարձրաձայնի այս հարցի վերաբերյալ, ինչպե՞ս պիտի իրականացնի իր դիրքորոշման համաձայն գործողությունները, եթե ծնողները չհայտարարեն երեխայի ծննդյան կերպի մասին: Երբեմն կարող են լինել հասարակության մեջ հնչեղություն ստացած դեպքեր, որոնցով հայտնի կլինի ոմանց հանգամանքը, բայց չէ՞ որ բոլորի ծննդյան պատմությունը Եկեղեցին իմանալ չի կարող:

Հայ իրականության մեջ վերջին տարիներին բազմաթիվ երեխաներ են ծնվել այս ճանապարհով, ինչպես վկայում են համապատասխան մասնագետները, բժիշկները: Սակայն չափազանց հազվադեպ է լինում, երբ ծնողները եկեղեցում քահանային հայտնում են իրենց երեխայի ծնվելու ձևի մասին: Չէ՞ որ փոխնակ մայրության ճանապարհով երեխաներ ունեցած շատ ծնողներ բավականին հանգիստ կարող են այդ մասին չհայտարարել, քանզի եկեղեցում ոչ ոք չի հարցնում. «Ինչպե՞ս է ծնվել ձեր երեխան` բնակա՞ն, արտամարմնայի՞ն բեղմնավորումից, թե՞ փոխնակ մորից»: Եվ եթե ծնողները եկեղեցում հատուկ կերպով հայտնում են այդ մասին, նշանակում է, որ զղջման ինչ-որ զգացում, սխալ գործած լինելու մտատանջություն ունեն: Այդպիսի ծնողներին անմիջապես չպետք է հանդիմանել, այլ նրանց հայտնածը զղջման սկիզբ համարել, հովվական հոգատարությամբ խոսել ու բացատրել, ապաշխարություն նշանակել, նաև հորդորել առաջիկա ուրախության` զավակի մկրտության հետ կապված: Այն իրողությունը, որ եկեղեցում հայտնի չի լինում երեխաների ծնվելու կերպը, ներկա պայմաններում առկա խնդիրների նկատառումով արդեն առավել ուշադիր գործելակերպի անհրաժեշտությունն է բերում` կասկածի դեպքում իմանալու երեխայի ծննդյան հանգամանքները և համապատախան հովվական հորդոր ու վերաբերմունք ցուցաբերելու:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

16.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․