22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Արիության և համբերության մասին

Հայր Պիմենը և իր եղբայր Հոբը ապրում էին Եվրակիա անա­պատում, և նրանց մայրը գնաց նրանց տեսնելու: Երբ որդիներն իմա­ցան, մտան եկեղեցի և փակեցին դուռը, իսկ մայրը ողորմագին ձայնով ու կարոտակեզ խոսքերով լաց էր լինում դրսում, իսկ նրանք լսում էին: Եվ Հոբը, գալով դռան մոտ, ասաց. «Ի՞նչ ես ուզում դու, կի՛ն, ինչո՞ւ ես լալիս»: Եվ մայրն ասաց. «Կեղեքվում եմ կարոտից և խորով­վում եմ գորովից, որով սնուցեցի ձեզ և ծնեցի: Ինչո՞ւ եք փախչում ձեր մորից»: Եվ Հոբն ասաց. «Այստե՞ղ ես կամենում մեզ տեսնել, թե՞ կամենում ես մշտնջենական կյանքը վայելել մեզ հետ»: Եվ մայրն ասաց. «Այստեղ չտեսնե՞մ»: Եվ որդին ասաց. «Եթե կարողանաս համ­բերել այս աշխարհում, այնտեղ միշտ մեզ հետ կլինես»: Եվ մայրն ու­րախացավ ու դարձյալ մխիթարված՝ գնաց խնդությամբ: Եվ եղբայր­ներն ասացին միմյանց. «Մեր մորը չտեսանք, հետևաբար միմյանցով մխիթարվել և միասին ապրել ևս պետք չէ»: Եվ հեռացան իրարից. Պիմենը՝ դեպի արևելք, Հոբը՝ դեպի արևմուտք` ծովեզրի կողմը: Եվ շատ ժամանակ անց, երբ մոտ էր վախճանը, գնաց Հոբը եղբոր մոտ և տեսավ, որ նա արմավ էր ուտում: Հոբն ասաց նրան. «Մորդ անմխի­թար թողեցիր, իսկ դու արմավո՞վ ես մխիթարվում»: Եվ Պիմենն ասաց նրան. «Մեղա Աստծո առաջ, որովհետև հասավ իմ մահվան օրը, բա­րիք խնդրեցի և կերա, այժմ հեռացի՛ր ինձնից, որպեսզի մարմնիս և հոգուս բաժանման ժամին ինձ մխիթարող չլինես»: Եվ Հոբը գնաց, յոթ օր հետո գալով՝ ողբալով ամփոփեց նրա մարմինը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․