25 Նոյեմբեր, Բշ
Հայր Դանիելը մեզ պատմում էր թե մի կրոնավոր կար, որի անունը Դուլաս էր, և նա մեծ հայրերից էր համարվում: Այդ Դուլասը միաբանների հետ ապրեց քառասուն տարի և ասում էր. «Կենցաղավարության բազում տեսակներ եմ փորձել և գտա, որ բազում եղբայրների մեջ հեշտությամբ են կատարվում առաքինության գործերը, եթե ի սրտե գալիս են բնակվելու այնտեղ: Որովհետև մի եղբայր կար` տեսակով խոնարհ և արհամարհված, իսկ գործերով՝ բարձր և Աստծուց պատվված: Բնակվում էր միաբան եղբայրների հետ: Սա բոլորի կողմից անարգված էր, քանզի բոլոր եղբայրները չար նախանձով նեղում էին նրան. մեկը խփում էր, իսկ ոմանք՝ թքում, ոմանք էլ նախատում և անարգում էին նրան: Քսան տարի այսպես շարունակվելուց հետո, այլևս չհամբերեց դևը` տեսնելով նրա հոգու մեծությունը, նրա մտքի արիությունն ու սրտի համբերատարությունը, այլ հնար գտավ նրան վհատեցնելու. դրդեց եղբայրներից մեկին, և նա գիշերը, երբ եղբայրները քնած էին, մտնելով եկեղեցի՝ գողացավ քահանայական բոլոր անոթները և վանքից դուրս գալով` գնաց: Իսկ երբ աղոթքի ժամը եկավ, սարկավագը մտավ խնկելու և տեսավ՝ ամենը կողոպտված, և դուրս գալով՝ պատմեց վանահորը: Եվ զանգերը հնչեցնելուց հետո հավաքվեցին եղբայրները և սկսեցին վրդովվել, մեծ աղմուկ բարձրացավ, և բոլորն ասում էին, թե ոչ այլ ոք է արել այս բանը, եթե ոչ՝ այսինչ եղբայրը, դրա համար էլ այսօր եկեղեցի չի եկել: Եթե ինքը արած չլիներ այս բանը, ինչպես որ միշտ սովոր էր մեզանից առաջ գալ, նույնպես և հիմա արդեն եկած կլիներ: Մարդ ուղարկեցին նրա մոտ և նրան գտան աղոթք անելիս, կոտրեցին դուռը և ներխուժելով՝ նրան դուրս քաշեցին: Իսկ նա աղաչում էր նրանց և հարցնում. «Ի՞նչ եմ արել, ի՞նչ»: Իսկ նրանք անարգանքով ասում էին. «Արի՛ գնանք մեզ հետ, դո՛ւ, եկեղեցակողոպտի՛չ, արժանի չես ապրելու, արի՛ մեզ հետ: Բավական չէ, որ այսքան ժամանակ նեղեցիր ու վրդովեցրիր մեզ, հիմա էլ ձեռնարկել ես մեր հոգիների կորուստը»: Իսկ նա ասում էր. «Մեղա՜, թողությո՛ւն տվեք ինձ»: Եվ նրան բերելով առաջնորդի մոտ` ասացին. «Սա՛ է, հա՛յր, առաջուց իսկ մեր վանքն ավերողը»: Եվ նրանցից յուրաքանչյուրն սկսեց ամբաստանել. մեկն ասում էր. «Ես սրան տեսա գաղտնի բանջար ուտելիս», մեկ ուրիշն ասում էր. «Գողացված հաց էր դուրս հանում», իսկ մեկ այլն ասում էր. «Ես դրան տեսա, որ եկեղեցում գինի էր խմում»: Ահա այսպիսի սուտ բաներ էին վկայում այն արդարի դեմ: Իսկ նա ճշմարիտն էր ասում, թե. «Ես դրանց մասին, ինչ ասում եք, ոչինչ չգիտեմ»: Բայց նրանք ամենևին չէին հավատում նրան: Այնժամ առաջնորդը մերկացրեց նրան կրոնավորի հանդերձներից և ասաց. «Քո այդ գործերը քրիստոնյայի գործեր չեն»: Շղթայեցին նրա ձեռքերն ու ոտքերը և հանձնեցին վանքի տնտեսին` տանջանքների ենթարկելու համար: Նա գանահարեց նրան արջառաջիլ մտրակով, ապա հարցրեց նրան ու ասաց. «Ճշմարի՞տ է` ինչ ասում են քո մասին»: Իսկ նա ժպտալով պատասխանեց. «Ների՛ր ինձ, որովհետև հանցավոր եմ և չգիտեմ»: Դրա վրա զայրանալով` տնտեսը բավական տանջեց նրան, ապա բանտ գցեց, ոտքերը պնդեց կոճղի մեջ և նրա մասին գրեց դուքսին: Դուքսի սպասավորները եկան և շղթայակապ տարան նրան: Երբ կանգնեցին նրա առաջ, դուքսը հարցրեց. «Որտեղի՞ց ես դու, մա՛րդ, ո՞ր աշխարհից, կամ ինչո՞ւ դարձար կրոնավոր»: Իսկ նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն այս ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ»: Բարկացավ իշխանը և հրամայեց մերկացնել արդարին, արջառաջիլ մտրակով ծեծել և թիկունքի մաշկը հերձել: Եվ երբ սկսեցին խփել, նա ժպտալով ասաց իշխանին. «Ծեծելով ես կոփում իմ արծաթը, որ առավել ևս պայծառանա»: Իսկ դուքսն ասաց. «Եվ ես իբրև ճերմակ ձյուն կդարձնեմ քո հիմարությունը»: Եվ հրամայեց կրակ լցնել նրա որովայնի վրա, հրից խոցված տեղերի վրա քացախ և աղ ցանել: Եվ ովքեր կատարում էին այդ հրամանը, զարմանում էին նրա արիության ու համբերության վրա և ասում էին. «Ասա՛ մեզ, ո՞ւր են եկեղեցու անոթները, և մենք կարձակենք քեզ»: Իսկ նա պատասխանում էր. «Ինչ որ չգիտեմ՝ ինչպե՞ս ասեմ. մի բան, որ իմ արածը չէ»: Եվ դուքսը մեծ դժկամությամբ հրամայեց դադարեցնել սրբին ծեծելը և բանտ գցեց: Հաջորդ առավոտյան նա կանչեց իր մոտ վանահորն ու եղբայրներին, և երբ եկան նրա մոտ, ասաց նրանց. «Խիստ ու սաստիկ տանջեցի նրան, բայց ոչ մի բան չիմացա»: Եղբայրներն ասացին. «Ամենապատի՛վ իշխան, շատ ուրիշ չարիքներ էլ է գործել այդ մարդը, բայց մենք համբերելով սպասել ենք նրա դարձին, իսկ նա ամենաստոր չարիքը գործեց»: Եվ դուքսն ասաց. «Եվ ի՞նչ եք կամենում, որ անեմ նրան»: Ասացին նրան. «Ինչ որ օրենքն է ասում»: Դուքսն ասաց. «Օրենքն ասում է, որ եկեղեցու կողոպտիչը պետք է մեռնի»: Եվ նրանք ասացին. «Թո՛ղ մեռնի դա»: Այնժամ դուքսը արձակեց նրանց, իսկ եղբորը հանձնեց դահճին, որպեսզի սպանի նրան: Բռնելով սրբին և արդարին` տարան սպանության վայրը: Այդ ժամանակ անոթները գողացող եղբայրը, տեսնելով, որ վճիռ կայացվեց, զղջաց և ասաց. «Գող եղա, մարդասպան էլ կդառնամ: Սա անմեղ կմեռնի և հոգով կապրի, իսկ ես մեղավոր կմնամ և կկորչեմ: Ո ՜վ եղկելի անձ իմ, եթե անոթներն այժմ թաքցված են, ապա հետագայում թաքցված չեն մնա, իսկ եթե բացահայտվեց՝ մեռնելու ես: Եթե այստեղ անգամ թաքուն մնա, Աստծուց ծածուկ չի մնա, և ի՞նչ պա տասխան պիտի տաս դատաստանի օրը»: Հապճեպ գնաց առաջնորդի մոտ և ասաց. «Օգնի՛ր, հա՛յր, որպեսզի չմեռնի արդարը: Ես գիտեմ, թե որտեղ են անոթները»: Այնժամ վանահայրը լուր ուղարկեց իշխանին և պատմեց նրան այդ ամենը, իսկ իշխանը գնաց դահճի մոտ և տեսավ եղբորը կապված, սուրը՝ մերկացված, և սուրբը` պատրաստ մեռնելու: Արձակեց նրա կապանքները և դնելով պատգարակի վրա` ուղարկեց վանք: Իսկ եղբայրներն սկսեցին ընկնել նրա առաջ և ասել. «Մեղանչեցինք քո առաջ, թողությո՛ւն շնորհիր մեզ»: Իսկ նա սկսեց ողբալ և ասել. «Թողությո՛ւն տվեք ինձ, եղբայրնե՛ր, որովհետև ես ինձ շնորհապարտ եմ համարում ձեզ, քանզի այս փոքրինչ ցավերի ու չարչարանքների շնորհիվ մնում եմ Աստծո մեծ ողորմության մեջ: Դրա համար էլ ուրախ էի ինձ չարախոսելու համար և ժպտալով էի խոսում, քանզի այս նվազագույն արհամարհանքների դիմաց մեծամեծ վարձք ստացա: Այլ ձեզ համար էի տրտմում, քանզի չէի կամենում, որ ձեր հանցանքների գնով ես արդարանայի»: Եվս երեք օր ապրեց եղբայրն այն մահճում և գնաց Տիրոջ մոտ, Ում կարոտում էր միշտ: Եղբայրներից մեկը գնաց տեսնելու, թե ինչպես է նա, և նրան գտավ ծնկերի վրա աղոթելիս՝ հոգին ավանդած, և դեռևս այդ դիրքում էր մնում: Վերադառնալով՝ պատմեց մեծ վանքի վանահորը, իսկ վանահայրը հրահանգեց նրա մարմինը բերել եկեղեցի: Նրա մարմինը դրին սարկավագանոցում, և դուռը կնքելով՝ սպասում էին վանահորը, որ նա գա, և ապա մեծ պատվով թաղեն նրան՝ որպես Քրիստոսի վկայի: Եվ երբ եկան մեծ վանքի հայրերն ու եղբայրները, և երգիչները կատարեցին թաղման կարգը, մեծ վանքի վանահայրն ասաց տեղի առաջնորդին. «Բացե՛ք սարկավագանոցի դուռը և հանե՛ք սրբի մարմինը, որպեսզի թաղենք, որովհետև արդեն ժամը ինն է»: Եվ երբ բացեցին, ոչինչ չգտան, այլ միայն նրա սանդալները, քանզի Աստված փոխադրել էր նրան կենդանյաց երկիր: Եվ զարմանալով ամենքը հիացան այդ մեծ սքանչելիքի վրա, փառավորեցին Աստծուն և արտասվելով ասացին. «Տեսե՛ք, թե ինչ շնորհներ է մեզ պարգևում երկայնամտությունը և համբերատարությունը, խոնարհությունն ու չարչարանակրությունը»: Եվ մենք, տեսնելով համբերության այս սքանչելի պատիվը, նախանձախնդիր լինելով համբերության և խոնարհության գեղեցիկ շնորհներին` գնա՛նք ճգնելու և համբերելով ամոթի և արհա մարհանքների` քաջալերվելով մխիթարվենք փորձության ժամին, որը մեզ կարժանացնի Երկնքի Արքայության` շնորհներով մեր Քրիստոս Աստծո:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016