Մի բարեպաշտ թագավոր իր պալատականներից մի քանիսի ուղեկցությամբ գնում էր իր կառքով: Ճանապարհին երկու հյուծված, ցնցոտիավոր մարդու հանդիպեցին, որ ուժասպառ էին եղել խիստ պահքերից: Նրանց տեսնելով՝ արքան ցած իջավ կառքից, խոնարհվեց նրանց առջև, այնուհետև գրկախառնվեց սիրով: Պալատականները վրդովմունքով ընդունեցին արքայի տարօրինակ արարքը և նրա եղբորը համոզեցին թագավորին ասել, որպեսզի այլևս նման քամահրանքով չվերաբերվի իր արքայական մեծությանը:
Հաջորդ օրը թագավորը հրամայեց երկու արկղ բերել, մեկը ոսկեջրել, իսկ մյուսը ձյութապատել: Ոսկեջրած արկղի մեջ գարշահոտ ոսկորներ դրեցին, իսկ ձյութապատի մեջ՝ նախապես անուշահոտ յուղերով պատված թանկարժեք զարդեր: Այնուհետև իր պալատականներին առաջարկեց ընտրել և բոլորը ոսկեզօծն ընտրեցին: Այդպես թագավորն ապացուցեց, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել և սովորեցրեց տեսանելիով չխաբվել, այլ սովորել ներքինը տեսնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի