Ծերն ասաց. «Կրոնավորը, որ աշխարհից ելնելով՝ իր անձը գցում է խռովքների ու եղկելի կենցաղային հոգսերի և նրա տուրևառության մեջ, նման է մուրացիկ աղքատի, որ շրջում է, և բնավ չեն պակասում նրա կենսական կարիքները, և բազում հոգսերից ընդարմացած՝ ընկնում ու քնում է, և երազում իրեն տեսնում է հարուստ և թանկարժեք զգեստներով, ապա ուրախությունից զարթնում է և իրեն տեսնում հետին աղքատության և տառապանքների մեջ: Այդպես կլինի նաև կրոնավորի հետ՝ եթե չզգուշանա, այլ ընդունայն և զուր վատնի իր օրերը խռովքների ու հոգսերի մեջ, գերի դառնա խորհուրդներին և ծաղրուծանակ` դևերին, որոնք պատերազմում են նրա հետ, որովհետև հավատացնում են, թե իրենց անհանգստությունը, հոգսն ու խռովքները հանուն Աստծո է: Եվ այն ահավոր ժամին, երբ մարմնից բաժանվի հոգին, իրեն կտեսնի եղկելի, աղքատ և բոլոր առաքինություններից՝ պակասած, և այնժամ կհասկանա, թե որքա՜ն բարիքների պատճառ են խոնարհությունը, հանդարտությունը և ճգնավորական զգուշավորությունը, և թե որքա՜ն տանջանքների պատճառ են խռովքները, հոգսերն ու աշխարհիկ հարստության պատրանքները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016