Ծերերն ասացին. «Երբ մարդը նոր է գալիս կրոնավորության, Տերը դևերին թույլ չի տալիս, որ ուժգին պատերազմեն նրա դեմ, որպեսզի նրանցից վախեցած` իր ձեռնարկումն իրեն օտար չթվա և չդառնա դեպի աշխարհ: Իսկ երբ հարատևում է նրա մեջ, ուսանում և ուղղվում է, այնժամ վրա են հասնում դևերի պատերազմները, մարմնավոր ցանկությունների եռքը ու ախտերի ալիքները, իսկ երբ դրանցից ակամա վհատվում է, նրան ընդառաջ են գալիս խոնարհությունը, ողբերն ու արտասուքները, միայն ինքն իրեն մեղադրելն ու դատելը: Այս փորձություններից ինքը սովորում է և ուրիշներին էլ է սովորեցնում համբերություն, փորձ և դատաստան, և դրանից մղված դիմում է իր Փրկչին՝ բազում արտասուքներով: Բայց շատերին դժվարին թվաց այս բանը և խռովյալ մտքով ու մթագնած սրտով ինքնասպան եղան՝ սրով, ոմանք էլ այդչափ տրտմությունից գահավեժ լինելով` կորան, և այսպես հայհոյության դևից խոտորվելով` արեցին այդ: Ուրիշներն էլ մարմնի պատերազմի եռքից դրդված` կտրեցին իրենց անդամները, մյուսները դարձյալ պոռնկական ախտի գերառատությունից հիմարացան, և դևերից լլկված` կանանց բերեցին և բնակեցրին իրենց մոտ: Սակայն մենք կարճամիտ չլինենք և չհուսահատվենք, այլ ամրապնդենք մեզ՝ արիաբար դիմակայելու մեզ վրա եկող թշնամու բոլոր պատերազմներին: Մեզ վրա նեղություններ հասնելիս գոհանա՛նք Աստծուց և Նրան հանձնենք մեր բոլոր հոգսերը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016