25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպեսզի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գալով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայրը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը երրորդ անգամ բախեց, և հայրը դուրս ելավ և հարցրեց նրան. «Ի՞նչ ես խնդրում»: Նա ասաց. «Քո զամբյուղները, հա՛յր»: Այնժամ նրան ներս տարավ և ասաց. «Եթե զամբյուղներն ես խնդրում, վերցրո՛ւ դրանք և գնա՛»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016