Հինգ-վեց տարեկան մի տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի վճիտ առվակ տեսավ: Խմեց սառնորակ ջրից, հետո զվարճանքի համար մի ճյուղ վերցրեց ու սկսեց առվակի ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ վայրկենապես ջրի երեսը ավազ, թափված տերևներ ու տարբեր աղբ բարձրացավ: Երբեմնի վճիտ ջուրն այլևս պիտանի չէր խմելու համար: Տղայի համար տհաճ դարձավ առվակի կեղտոտ ջրին նայելն, ու ձեռքի ճյուղն այնտեղ նետելով՝ վազեց մայրիկի մոտ: Իսկ մեկ այլ տեղ՝ բարձր լեռներում, մեկ ուրիշ տղա նույնպես խաղում էր լեռնային առվակի հետ: Նա նույնպես ցանկացավ ջուրը ճյուղով պղտորել: Բայց առվակի հատակը քարոտ էր, և նա ճյուղը կոտրելով ու այդպես էլ արդյունքի չհասնելով՝ վազելով շարունակեց իր ճանապարհը: Առվակի ջուրը նախկինի պես մաքուր մնաց:
Ճիշտ նույն կերպ որոշ մարդիկ բարյացկամ ու կարեկից են թվում, ինչպես մաքուր առվակը: Սակայն փորձիր պատահաբար վիրավորել նման մարդուն և կտեսնես, թե անտառի առվակի աղբի ու տիղմի պես ինչպես են հոգու հատակից երևան գալիս մեծամտությունը, մանրախնդրությունը, հպարտությունն ու հին վիրավորանքները:
Իսկ երբ մարդ մշտապես սովորում է Աստծո Խոսքից և երկնայինի մասին է մտածում, ապա Քրիստոսի խոնարհության օրինակն առաքինասեր մարդուն աստիճանաբար կոփում է խոնարհության ու համբերության մեջ, որոնց բախվելով՝ կոտրվում է մարդկային ամեն տեսակի չարություն ու անբարյացակամություն, ինչպես եղեգնիկը քարին դիպչելիս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի