17 Ապրիլ, Եշ, պահք
Աստուծո արարչության սկզբունքից բղխում է և նորա նախախնամությունը կամ տեսչությունը (Իմաստ., ԺԴ 3. ԺԷ 2), որ ստեղծագործության անմիջապես հետևում է: Ինչպես որ առանց Աստուծո ստեղծագործության չէր կարող ոչինչ գոյություն ստանալ, նույնպես և ոչ մի արարած չի կարող առանց Աստուծո նախախնամության կենսունակ լինել ու հարատևել: «Որ ոչ այնու միայն զարմանալի, զի ածն ի չգոյէ ի գոյ զչգոյսն, եւ եցոյց յոչնչէ յինչ զչէսն, այլ զի եւ անարատ եւ անխախուտ պահէ զլեալսն. որոց եւ յառաջնումն իսկ աննախանձ ետ զկենդանութիւնն, առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեան հանդէս» (Եզնիկ, 7):
Աստվածային այս նախախնամությունը գեղեցկապես բացատրված է Քրիստոսի քարոզությամբ (Մատթ., Զ 25-34. Ղուկ., ԺԲ 22-30). ըստ որում` մենք ամենայն ժամ պետք է ուշադիր լինինք այն դիպող խոսքին, որ նա ասաց Աստուծո նախախնամությունից դուրս ամեն ինչ հոգալ կամեցողներին. «Ո՞ ի ձէնջ առ հոգալ իւրում` յաւելուել կարիցէ ի հասակ իւր կանգուն մի»: Ինչպես որ Արարչի գործունեությունն անհրաժեշտ էր ստեղծագործության համար, այնպես և անհրաժեշտ է աշխարհի կառավարության ու պահպանության համար (Իմաստ., Զ 7. Մատ., Ժ 29-31. Ղուկ., ԻԱ. Գործք, ԻԷ 34): Եվ Աստուծո նախախնամության անհամեմատ մեծությունն իրականանում է մեր մտառության սահմանից ընդարձակ ծավալով նաև մեր վերաբերմամբ, զի ոչ միայն այն է տալիս ու տնօրինում, ինչ որ մենք ենք արդարապես կամենում ստանալ ու խնդրում, այլև հաճախ այն, ինչ որ մենք մինչև անգամ չենք էլ մտածում նորանից խնդրելու. «Գիտէ Հայրն ձեր` զինչ պիտոյ է ձեզ, մինչեւ ձեր խնդրեալ ինչ իցէ ի նմանէ» (Մատթ., Զ 7-8. Ա Պետ., Ե 7): «Աստուած գիտելութեամբ բաշխէ զիւրաքանչիւր օգուտ եւ ոչ, զլացութեամբ խափանեալ, արգելու յումեքէ զարժանն» (Ս. Սահակ): Եվ մենք էլ այնքան անձնիշխանություն ունինք, որ կարողանում ենք, ճշմարիտ կյանք վարելով, նույնիսկ Աստուծուն կատարել տալ մեր կամքը. «Տե՛ս, որչափ իշխան է մարդն, զի եւ զԱստուած ի կամս իւր ածէ յառնելն զբարին» (Հաճախ., Է 243, 265, Ի 495):
Աստուծո նախախնամության էությունն այս է, որ նա, ստեղծելով աշխարհը, կամենում է կառավարել ու հասցնել յուր բարի նպատակին: Բայց որովհետև այդ բարի նպատակին հասուցումը միայն ազատությամբ, ազատության սկզբունքի վրա, ազատության շրջանում պետք է լինի, ուստի Աստուծո նախախնամությունը հայտնվում է մարդկային պատմության մեջ: Պատմության մեջ էլ դեր են խաղում մարդիկ իբրև անձինք, իբրև անհատներ, որոնք պետք է բարին յուրացնեն, իբրև էական անդամներ հառաջադիմեն և Աստուծո արքայության իրականացումը հառաջ բերեն: Սակայն բարվո յուրացումն էլ հիմնված է մարդու ազատ կամքի վրա (Հաճ., Ի 490), և կամքն էլ ազատ է այն ժամանակ, երբ կարողանում է ունենալ ուղիղ ընթացքն ու շեղումը: Հետևաբար դեպի Աստուծո արքայության իրականացումը դիմող մարմնի բաղկացուցիչ անդամների մեջ կարող են լինել թե՛ նպատակին առանձնապես ձգտող գործիչներ և թե՛ շեղվողներ: Պարզ է, ուրեմն, որ Աստուծո նախախնամությունը պետք է տանե մարդկանց դեպի այդ արքայության իրականացումը` ոչ թե լոկ պահպանությամբ ու կառավարությամբ, այլև` տնօրինական փրկագործությամբ:
Աստուծո նախախնամությունն ունի և մի հատուկ ուղղություն: Կամքի ազատության պատճառով աշխարհի ընթացքում բազմաթիվ ինքնուրույն ներգործություններ են լինում և անթիվ շարժառիթներ ու պատճառներ են իրար հանդիպում: Այդ բազմատեսակության ու բազմազանության մեջ մեկ նախախնամություն է գործում, մեկ արարչական կամքի մեկ հայտնություն, սակայն այդ կամքը, թե՛ իբրև կենդանի կամք, ունի յուր անթիվ արտահայտությունք և թե՛ ազատ կամքի աշխարհում գործելով` անհամար ու բազմակողմանի կերպով է հայտնվում: Ըստ որում` Աստուծո «բազմապատիկ իմաստությունը» (Եփ., Գ 10. Հռովմ., ԺԱ 33) այնպես է նախախնամում, որ մարդկային ազատ կամքն յուր բազմազան գործերով դիմում է դեպի նպատակի մի կետ: Այլ խոսքով ասած` մարդու կամքը կատարելապես ազատ է, սակայն այդ ազատության կոչումն Աստուծո նախախնամությունն է, այնպես որ մարդ յուր ազատ կամքով կարող է կամ ընկնել, կամ բարձրանալ, միայն թե երկու դեպքերումն էլ նա ծառայում է այդ տնօրինության իրագործման (Հռովմ., Գ. Մատթ., ԻԶ 24. Հաճ., Զ. Է 214. Ագաթ., էջ 325): Ընդսմին` մասնավորապես ևս մարդու ազատ կամքի շեղումն, գայթակղությունն ու հակառակությունը ծառայում են ճշմարտության ու սրբերի զորացման և արիացման (Ղուկ., ԺԷ 1. Հայտ., ԺԳ 10):
Նախախնամության այս նշանավոր ուղղությունը կարող է մակերևութապես նայողին թերևս հակասական երևալ, սակայն իրոք պարզ է և ճշմարիտ: Ամբողջ արարածական աշխարհը բնականապես կախված է Աստուծուց, զի Աստված է բոլորի կենսատուն ու զորացուցիչն, օրինադրող ու կարգադրիչը, գոյության հիմքը, բաշխողն ու կերակրողը (Գործք, ԺԷ 25. Սաղմ., ՃԳ 29, 30): Այդ բնական կախումից հետո մարդ բարոյական ու կրոնական կախումն էլ ունի Աստուծուց, որի համեմատ նա պարտավոր է յուր կոչումն իրագործել, այսինքն` Աստուծո պատվիրանից ու ճշմարտությունից դուրս չգալ, ինչպես համապատասխան է մարդու էության իսկ: Սակայն այս երկու կախման հետ միասին Աստված շնորհել է մարդկանց և ազատություն` ըստ յուրյանց կամաց գործելու, որոնց հայտնում է յուր կամքը թե՛ յուրյանց խղճմտանքով ու թե՛ արտաքին միջոցներով` որպես են մարգարեք ու քարոզիչներն. այլև ավետիքն ու սպառնալիքը, հորդորն ու պատիժը, լույսն ու խավարը, հաջողությունն ու հակառակությունը, բախտն ու դժբախտությունը, բարիքն ու հարված, հաղթությունն ու փորձությունը: «Յորդորէ զամենայն միտս ի գործակցութիւն բարերար կամացն» (Հաճ., Ե 219. Ս. Հովհ. Մանդ., 154-164.), քանի որ նա Աստված է, և ուրեմն նորա կամքն է մարդու կոչման կատարելատիպը: Սակայն այս բոլոր միջոցների հիմքն էլ ավետիքն է, սպառնալիքը և հատուցումը. ավետիքը մխիթարող ու քաջալերիչ է, սպառնալիքը զարթուցիչ և զգուշացուցիչ, իսկ հատուցումը Աստուծո արդարության և արդար օրինաց խրատող արտահայտությունն է (Հաճ., ԺԷ 11): «Այլ որ ասի զԱստուծոյ ցասումն կամ բարկութիւն կամ սպառնալիք, զօրինացն զիրաւունս ասէ»...: «Եթէ զընդ դէմսն գործեմք, է նա մեր Տէր, դատի, խրատէ եւ ածէ յուղղութիւն»: Իսկ «Յորժամ անօրէնութիւնք մեր առաւելուն, յայնժամ պատուհասքն զեղուն ի մեզ»` ըստ աստվածային արդար եւ անշեղ օրինաց (Հաճ., Է 183-215. Ը 204-250. Եղիշե, 306. Եզնիկ, 78-84. Ընդհ., 410, 406-409):
Բայց մարդիկ յուրյանց ինքնակամությամբ բոլորովին այլ ճանապարհներ են բռնում թե՛ յուրյանց խորհուրդներով, թե՛ գործերով ու թե՛ լոկ աշխարհային ոգով (Ես., ԾԵ 8. Սաղմ., Բ 1-3. Հռովմ., Ա 18. Եփ., Զ 16.), որոնք և ոմանց իսկական և անհրաժեշտապես բնական են երևում: Մինչդեռ Աստված այնպես է տնօրինել յուր սուրբ կամքն, որ աշխարհն անշեղապես ընթանում է դեպի յուր նպատակն առանց մարդու կամքի ազատությունը խախտելու ու խափանելու: Հետևաբար մարդ յուր ազատ կամքով կարող է բոլորովին հակառակ և՛ աստվածային, և՛ աշխարհի ճշմարիտ ընթացքին անհամապատասխան գործ կատարել, սակայն Աստված յուր իմաստուն կամքով ոչ թե կարգելե նորան, այլ ընդհակառակն` այնպե՛ս մարդկային կանխատեսությունից դուրս զարգացումն հառաջ կբերե բնական կարգով, որ ի վերջո նույնիսկ այդ հակառակատենչ մարդկանց արածները հարմարապես կծառայեն աշխարհի ուղիղ ընթացքին (Հաճ., Դ 44. Եզնիկ, 54-58, 147-149. Ղուկ., ԺԵ. Հռովմ., ԺԱ 32-36):
Ըստ այսմ` բանական արարածներն, որոնք ազատ կամքով են օժտված, ազատապես աշխատում են աշխարհի վրա. մեկը կաշխատի դրականապես, մյուսը բացասականապես, բայց երկուսն էլ մի ընթացքի կծառայեն: Այդպես և Աստուծո քաջալերական ու պատժական վարձատրությունը դեպի մի նպատակ է տանում: Իսկ գործերի ու երևույթների բոլոր ճյուղավորությունք միանում են միմիայն Աստուծո արքայության մեջ, որտեղ Աստուծո որդիք գիտակից ու գործակից են Աստուծո (Հովհ., ԺԵ 15. Ա Կոր., Գ 9. Հաճ., Ե 219, 47) և փառավորապես դասակցում են հրեշտակներին, զի «Երկոքին կողմանքն միոյ բարերար կամացն արբանեակք են և աշակերտք, վերին զօրք և մարդիկ», և երկուսն էլ ստեղծվել են աշխարհի հառաջադիմության ծառայելու համար (Հաճ., Գ 116. Դ 220, 44, 90):
Եվ որովհետև ամենայն ինչ ծառայում է Աստուծո կամաց իրագործման և աշխարհի ուղիղ ընթացքին, նույնիսկ այդով ճշտապես իրագործվում է Աստուծո նախատնօրինությունը և հաստատվում է նորա կանխատեսությունը: Աստուծո նախատնօրինությունը հասկանալի է, քանի որ նա, մի որոշ նպատակի համար ստեղծած լինելով աշխարհը, յուր իմաստուն նախախնամությամբ ևս տանում է դեպի այդ, մարդու ազատ կամքի միջոցով: Իսկ կանխատեսությունը բնավ չէ հակասում մարդկային կամքի ազատության, քանի որ Աստված բնականաբար կանխագետ է յուր նախատնօրինածին, բայց միևնույն ժամանակ իբրև ամենուրեք և ամենակալ զորություն` կանխագետ է մարդու կամեցողությանց բոլոր կարելիություններին յուր ամենագիտությամբ: Նա չի կարող կանխագետ չլինել, զի դրսից վարող չէ, այլ ամենուրեք է և աշխարհի բոլոր հառաջադիմությունն ու եղելությանց հարաբերությունները վարում է դեպի մի նպատակ: Նորա այդ կանխագիտությամբ չէ վերանում և մարդու կամքի ազատությունը, քանի որ Աստուծո համար ոչ մի նորություն չի կարող լինել, և մեր ազատ ընտրությունն ու կամեցողությունը բնավ կախված չեն ինքնըստինքյան Աստուծո գիտությունից, ինչպես, զորօրինակ, մի մարդու գուշակումն ուրիշի անելիքի վերաբերմամբ տակավին արգելք չէ լինում նորա գործառնության այդպես կամ այլապես իրագործելուն: Այս առավել ևս ասելի է Աստուծո նկատմամբ, զի Աստված ամենից առաջ է, ամենքի մեջ է և ամենքի հետ է` ըստ ամենայնի: «Զի նովաւ կեամք եւ շարժիմք, եւ նովաւ յառաջիկայիսս ի բարիսն ընթանամք միշտ յաղագս աւետեացն եւ անսուտ խոստմանցն» (Հաճ., Ի 456, 473. Եզնիկ, 163-175. Սաղմ., ՃԼԹ):
Այս ամենի վրա լավ ուշադրություն դարձնելով` կնկատենք, որ Աստուծո նախախնամությունը մեկ ընդհանուր է և մեկ հատուկ: Աստված ընդհանուր նախախնամությամբ պահպանում է բոլոր աշխարհը, պահպանում է նյութերն ու իրերը, ուժերն ու բնական օրենքներն յուրյանց գոյության և ընթացքի մեջ (Հաճ., ԻԲ 41), որոնց կարգով տալիս է ամենքի պետքերը, ամենքին կյանք է բաշխում, ամենքին ապրելու միջոցներ է մատակարարում[1] և խնամում է ոչ միայն արդարներին, այլև` մեղավորներին և անաստվածներին[2]: Ուրիշ է հատուկ նախախնամությունը: Հատուկ նախախնամությամբ ոչ թե Աստուծո պահպանությունն է հայտնվում, այլ` նորա արարչական ղեկավարությունը: Աստված հատուկ նախախնամությամբ մեզ հասկանալի կամ երբեմն անհասկանալի կերպով այնպես դասավորում է և հարակցում հանգամանքներն ու գործերը, որ աշխարհի ընդհանուր ընթացքը հրաշապես յուր ուղիղ հառաջադիմությունն է ունենում` կա՛մ անցյալ շեղման մի վերջ տալով և կա՛մ մի նոր դարագլուխ կազմելով: Այստեղ արդեն հայտնվում է Աստուծո առանձին ներգործությունը կամ ազդեցությունն, որ երևում է մանավանդ իբրև պատմական կամ բնական հրաշք և կամ միաժամանակ թե՛ պատմական և թե՛ բնական հրաշք, ինչպես եղավ Աստուծո փրկագործական տնօրինության իրագործման մեջ: Եվ այս հրաշքի նպատակն է ցույց տալ, որ Աստված տեր է թե՛ պատմական և թե՛ բնական կյանքի վրա և ամենայն ինչ տանում է դեպի յուր անփոփոխ նպատակը:
Հատուկ նախախնամության այս հայտնությունն է Քրիստոս, որ անցյալին վերջ է տալիս, նոր սկիզբ ու միջնակետ է դնում և աշխարհի վերջը պարզապես ներկայացնում յուր հավատացելոց: Իսկ չհավատացող մարդկությունը չի կարող ո՛չ հետև նայել, ո՛չ հառաջ, ո՛չ նոր սկիզբ ունի և ո՛չ պատմական կյանքի ամբողջություն: Հատուկ նախախնամությամբ Աստված վերջացնում է անցյալը և նոր սկիզբ դնում, շնորհներ բաշխում, մարդկությունը կրթում և անդամներ պատրաստում յուր արքայության համար` թե՛ զարկ տալով և թե՛ զարգացնելով յուր խոսքի, շնորհաց և իրագործությանց ազդեցությամբ: Քրիստոսով է աստվածային հատուկ նախախնամությունը գործում թե՛ մարդկության և թե՛ յուրաքանչյուր անհատի մեջ, և այդպիսով մարդը իրապես ճանաչում է յուր ազատությունը, կոչումն ու բարձր նշանակությունն ու յուր գործակցությունն Աստուծո հետ, ըստ որում` դիմում է ճշմարիտ ճանապարհով դեպի տնօրինական նպատակը և Աստուծով աշխատում: Աստուծով աշխատանք կամ աշխատանք և աղոթք` այս է մարդու ճշմարիտ ճանապարհը: Աստված էլ «զամենայն տարերս ի գործ արկցէ արուեստիւ հանճարոյն մարդոյ առ ի շինութիւն աշխարհի» (Հաճ.), և մարդու կոչումն է յուր ճանապարհի վրա ծառայել` այդ շինության կամ անձամբն կատարելով Աստուծո պատվիրանները և բաղկացուցիչ անդամ դառնալով Աստուծո արքայության և կամ նաև ըստ կարի խոսքով ու գործով այլոց և ընդհանուր ընթացքի վրա ներգործելով (Մատթ., ԻԸ 20): Յուրաքանչյուրը պետք է յուր քանքարը շահեցնե (Մատթ., ԻԷ 14), որպեսզի ոչ թե ընկնի յուր մարդկային արժանիքից ու կոչումից, այլ օրըստօրե առատանա հոգևոր զարգացմամբ և գիտակցաբար գործակցե Աստուծուն (Հաճ.): Ամենքիս Աստված յուր գործակիցներն է դարձրել, և մենք պետք է ծառայենք մեր գործունեությամբ նրա սքանչելի նախախնամության, որ ամենայն ինչ մեր կամքովն իսկ դիմե դեպի կատարումն, և մենք հառաջադիմենք. «Զոր ինչ Աստուած քեզ շնորհ տայ, ի պէտս կարօտելոցն սպասաւորեա՛, զի շնորհքն աղբիւրասցին, եւ դու փառաւորեսցիս»78* (Եզնիկ): Ըստ որում` ինչպես որ շնորհն ի վերուստ է բաշխվում, այնպես էլ երկիրս մեր վարժարանն է, որի մեջ օրըստօրե վարժվում ու կրթվում ենք և աստվածային գործ կատարում Աստուծո նախախնամության տակ. «Զի կարգեաց Աստուած զաշխարհս որպէս դպրոց, զի ուսցին արարածք զխնամս Արարչին յառնելն եւ կազմելն. եւ միշտ նախախնամութեամբն նորա դարմանեալք, որ երեւին եւ որ ոչն երեւին» (Հաճ., Է 23):
Հետևաբար Քրիստոսով բացվում է յուրաքանչյուր անձի ուղիղ ճանապարհը, և Քրիստոսով որոշվում է նորա նախընթաց և հետընթաց ժամանակը յուր սկզբով, ընթացքով և վերջով, ըստ որում` նախընթացը կոչվում է նախապատրաստություն, իսկ հետընթացը` կատարումն: Նախապատրաստության մեջ ապրող մարդիկ ակնկալողներ են, իսկ կատարման միջինը` ժառանգողներ Աստուծո արքայության:
Ահա այժմ պետք է խոսենք նախապատրաստության սկզբնավորության, ընթացքի ու լրման մասին և ապա մտնելու ենք կատարման լույսի մեջ:
[1] «Ո՞չ ապաքէն մեծատանց եւ աղքատաց միապէս բարժանեաց իբրեւ եղբարց` աչս ամենեցուն զնոյն, ձեռս ու ոտս զնոյն, յարեգակնէ եւ յօդոյն եւ յանձրեւաց առհասարակ վայելեմք. ամենեքեան յերկրէ եւ յԱդամայ. ամենեցուն` մի մկրտութիւն եւ մի շնորհք եւ մի մարմին եւ մի արիւն Քրիստոսի. ամենեցուն` մի երկիր եւ մի երկինք եւ մի հիւթ ամենայն: Ահա այս են աստուածոյքն... այլ ոմանց յագահութենէ եւ յափշտակութենէ է մեծութիւն, եւ ոմանց յանդոյլ վաստակոց, եւ ոմանց ի հայրենի ժառանգութենէն»: Հովհ. Մանդ., 71:
[2] «Առնէ այցելութիւն եւ անարժանիցն, թէպէտ եւ ոչ զգան, զի խաւարեալ է առաջնորդական միտքն, եւ ոչ տեսանեն զլոյսն իւրեանց»: (Հաճ., ԻԱ 24, Իմաստ., ԺԱ 21. Հովբ, ԼԸ 5, ԻԸ 25. Ա Կոր., ԺԴ 33. Սաղմ., ՃԽԸ 6. ՃԺԸ 89. Եր., ԼԳ 20. հմմտ. Սարկ. Վ., Աղոթք, էջ 16, 90):
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից