Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ կլիներ, ոչ՝ աղքատ: Մերկ դուրս չես եկե՞լ քո մոր որովայնից և նորից մերկ չես վերադառնալո՞ւ հողին»,- հորդորում է Ս. Բարսեղ Մեծը:
Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում վարձակալությամբ բնակվող կարիքավոր ընտանիքին: 81-ամյա Մելոյան Ամալյան իր դստեր և երեք անչափահաս թոռնիկների հետ բնակվում է առանց պատուհանների, փայտի վառարանով ջեռուցվող և անմխիթար վիճակում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում: «Սոցիալական խնդիրներից բացի մայրս և տղաս՝ Խաչատրյան Մարտիկը (13 տ.), առողջական խնդիրներ ունեն: Մայրս ինսուլտ է տարել, իսկ տղաս հինգ տարեկանից տառապում է գլխուղեղի քրոնիկ հիվանդությամբ՝ էպիլեպսիայով, երեք տարի առաջ էլ Մարտիկի մոտ հայտնաբերեցին գլխի ուռուցք, որի պատճառով աստիճանաբար նվազում է նրա տեսողությունը»,- ասաց Ամալյայի դուստրը՝ Ղուկասյան Գայանեն (37 տ.): Բոլոր խնդիրների առկայությամբ ընտանիքն ի վիճակի չէ լուծել երեխայի առողջական խնդիրները: Ծայրահեղ վատ վիճակում հայտնված ընտանիքը գոյատևում է ծեր կնոջ թոշակի և ընտանեկան նպաստի գումարներով:
Ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Գոհար Ամիրջանյանը: Ղուկասյան Գայանեն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
Մարդ էակի կարևոր առաքելությունն է աստվածնմանությամբ բարին արարելը, այս մասին Ս. Գրիգոր Աստվածաբանն ասում է. «Կենդանի մարդիկ մեռածներից տարբերվում են ոչ միայն նրանով, որ շնչում են և արևը տեսնում, այլ նրանով, որ բարի գործեր են կատարում: Եթե մարդիկ բարի չեն գործում, ապա ոչնչով լավը չեն, քան մեռածները»:
Կարինե Սուգիկյան