Աշխարհիկ դատողությունը խեղում է հոգևոր ընկալման օրգանը

Սուրբ հայրերը ամեն ինչին հոգևոր, աստվածային աչքով էին նայում: Հայրաբանական գրքերը Աստծու Հոգուց են գրվել և նույն Հոգու առաջնորդությամբ էլ սուրբ հայրերը մեկնել են Սուրբ Գիրքը: Այժմ հաճախ չես հանդիպի այդ Հոգուն, և այդ պատճառով էլ մարդիկ չեն հասկանում հայրաբանական գրվածքները: Նրանք ամեն ինչին աշխարհիկ աչքով են նայում, ավելի հեռուն չեն տեսնում, նրանք չունեն այն տարածականությունը, որը հավատն ու սերն են տալիս: Երանելի Արսեն Մեծը* չէր փոխում այն ջուրը, որում արմավենու ճյուղերն էր թրջում, և դրանից վատ հոտ էր գալիս: Բայց որտեղի՞ց հասկանանք, թե ի՜նչ զարմանահրաշ աղբյուր էր բխում նեխած ջրով լի այն տաշտից: «Ես դա հասկանալ չեմ կարող»,- կասի ինչ որ մեկը: Այդպես ասողը չի ուզում համբերել ու ավելի լավ նայել այդ ջրի մեջ, որպեսզի տեսնի՝ արդյո՞ք որևէ այլ բան չկա այնտեղ, այլ մերժում է, որովհետև չի հասկանում:

Եթե գործին դատողությունն է խառնվում, ապա մարդը ո՛չ Ավետարանն է հասկանում, ո՛չ սուրբ հայրերին: Հոգևոր ընկալման օրգանը խեղվում է, և մարդն իր դատողականությամբ արժեզրկելով և՛ Ավետարանը, և՛ սուրբ հայրերին՝ ասում է. «Քանի՜-քանի՜ տարի է մարդիկ իզուր տանջում են իրենց ճգնակեցությամբ, պահքով և այլ զրկանքներով»: Բայց այդպես ասելը հայհոյանք է: ․․․․Միշտ իմացեք, որ եթե մարդ չմաքրվի, եթե աստվածային լույսը չլուսավորի նրան, ապա նրա մեկնությունները կատարյալ մշուշ կլինեն:

Մի անգամ ինձ հարցրին. «Աստվածամայրն ինչո՞ւ հրաշք չգործեց Թինոս կղզում, և իտալացիները Վերափոխման տոնի օրը պայթեցրեցին «Էլլի» հածանավը**: Բայց այդ չարագործությունը թույլ տալով՝ Աստվածամայրն ավելի մեծ հրաշք գործեց: «Էլլի»-ի պայթյունը վրդովվեցրեց հույներին: Նրանք հասկացան, որ իտալացիները ոչ մի սրբություն չունեն և այդ պատճառով էլ «հուռա՜» բացականչելով, քշեցին նրանց իրենց հողից: Իսկ եթե իտալացիներն այդ չարագործությունը չանեին, ապա նրանց անօրենությանն անտեղյակ լինելով՝ հույները կարող էին ասել. «Նրանք նույնպես հավատացյալ ազգ են, նրանք մեր բարեկամն են»: Իսկ այժմ մարդիկ են գալիս իրենց դատողական մտածելակերպով և ասում. «Իսկ Աստվածամայրն ինչո՞ւ հրաշք չգործեց, հը՞»: Դե նրանց ի՞նչ պատասխանես: Իսկ ուրիշները հարցնում են. «Ինչո՞ւ է Աստվածաշնչում գրված, որ բաբելոնյան հնոցի կրակի բոցը, ուր երեք պատանիներին նետեցին, քառասունիննը կանգուն էր բարձրանում: Ի՞նչ է, քանոնով չափե՞լ էին»: Բայց նախ՝ բոցի բարձրությունը յոթ կանգուն էր, ապա՝ անդադար վառելիք էին լցնում հնոցի մեջ, որպեսզի այն յոթնապատիկ թեժանա: Յոթն անգամ յոթ հավասար է քառասունիննի, այնպես չէ՞: Իսկ եթե նման հարց տվողներին հնոցի մեջ նետեի՞ն: Այդ մարդկանց մեջ ռացիոնալիզմն է խոսում, դատողականությունը, որ զուրկ են իմաստից և իրականությունից բոլորովին դուրս են գտնվում: Այժմյան աստվածաբաններից ոմանք իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ պատահեց այն դևերին, որ խոզերի երամակը մտան և նետվեցին ծովը (Մտթ. 8:32): Ո՞ղջ մնացին, թե՞ խեղդվեցին»: Բայց նշանակություն ունի միայն այն փաստը, որ այդ դևերը մարդու միջից դուրս եկան: Քո ի՞նչ գործն է, թե նրանց ինչ պատահեց հետո: Ավելի լավ է հետևիր, որ ինքդ չդիվահարվես, և գլուխ մի՛ կոտրիր՝ մտածելով, թե այդ դևերն այժմ որտեղ են:

- Իսկ որոշ մարդիկ փորձում են Ավետարանը մարդկային առողջ դատողության հետ կապել, հա՛յր: Այդ դատողության միջոցով են Ավետարանը ուսումնասիրում և ոչ մի կերպ գլուխ չեն հանում:

- Անհնար է Ավետարանը կապել մարդկային առողջ դատողությանը: Ավետարանի հիմքում սերն է, առողջ դատողության հիմքում՝ շահը: Ավետարանում գրված է. «Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու էլ գնա» (Մտթ. 5:41): Մի՞թե դրանում առողջ դատողություն է նշմարվում: Դրանում ավելի շուտ խելացնորություն է նշմարվում: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր ուզում են Ավետարանը առողջ դատողության հետ կապել, փակուղու առջև են հայտնվում: Օրինակ՝ բարեգործությամբ զբաղվող զանազան կազմակերպություններ կան: Երբ նրանք իմանում են, որ ինչ-որ մեկը սնանկացել է, աղքատացել և փողի կարիք ունի, ասում են. «Մենք կօգնենք այդ մարդուն, բայց նախ կհամոզվենք, որ նա իսկապես կարիքավոր է»: Եվ ահա այդ կազմակերպության երկու-երեք ներկայացուցիչ գնում են սնանկացած մարդու տուն, որպեսզի տեսնեն, որ նա իսկապես կարիքավոր է: Գալիս են և, օրինակ, տեսնում շքեղ կահավորված հյուրասենյակ: Այդժամ ասում են. «Դե, դե, ինչպիսի՜ բազկաթոռներ, ինչպիսի՜ կահավորանք: Եթե նա այսպիսի կահույք ունի, ուրեմն ոչնչի կարիք էլ չունի»: Եվ մարդուն առանց օգնության են թողնում: Սակայն չեն հասկանում, որ խեղճն ուտելու ոչինչ չունի: Չեն հասկանում, որ եթե որևէ մեկն աղքատացել է, ապա չի նշանակում, որ նույն վայրկյանին իր հագուստը աղքատի ցնցոտիներով պիտի փոխարինի: Եվ ի՞նչ իմանանք, միգուցե այդ կահույքը նրա տանը դեռևս անհիշելի ժամանակներից է մնացել, և նա դեռ չի հասցրել այն վաճառել: Կամ էլ, միգուցե, ինչ-որ մեկն իմանալով, թե այդ ընտանիքն ինչպիսի կարիքի մեջ է, նվիրե՞լ է այդ բազկաթոռներն ու աթոռները: Մարդիկ կարծիք են կազմում դատողականությամբ, այդ պատճառով էլ խճճվում են, և Ավետարանը նրանց կյանքերից ներս չի մտնում: Մարդիկ մակերեսորեն են նայում իրերի դրությանը, ուստի և ամեն ինչ իրենց ձևով են մեկնաբանում:

 

* Ծերերն Աբբա Արսենին հարցնում էին. «Ճյուղերի ջուրն ինչո՞ւ չես փոխում, դրանից վատ հոտ է գալիս»: Նա պատասխանում էր. «Ես պետք է դիմանամ այս գարշահոտությանը՝ այն անուշ բույրերի և գույների դիմաց, որոնցից հաճույք էի ստանում աշխարհում»: Древний Патерик, М., 1899, С. 45.

** 1940թ. օգոստոսի 15-ին (Նոր տոմարով Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը) հունական Թինոս կղզու նավահանգստում խարսխված հունական ռազմա-ծովային ուժերին պատկանող «էլլի» հածանավը խորտակվեց իտալական սուզանավի հարվածից: Իտալացիները «Էլլի»-ն տորպեդահարեցին, երբ հույն ծովայինները ափ էին ելնում Սուրբ Աստվածածնին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար (Թինոսում է գտնվում Աստվածամոր՝ Հունաստանում առավել պաշտված հրաշագործ սրբապատկերներից մեկը): Ուխտադրուժ գործողությունը կատարվեց Իտալիայի կողմից Հունաստանին պատերազմ հայտարարելուց երկուս ու կես ամիս առաջ: «Էլլի»-ի խորտակումից հետո հասկանալով, որ Իտալիայի հետ պատերազմն անխուսափելի է, հույները սկսեցին մեծ թափով պատրաստվել հայրենիքի պաշտպանությանը:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

08.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․