«Աշխարհն ողորմությամբ պիտի շինվի»

Փետրվարի 8-ին՝ Մեծ պահքի առաջին օրը, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում այցելեց անապահով մի ընտանիք: Քառանդամ ընտանիքի երիտասարդ ծնողները հաշմանդամներ են, և ընտանիքի հայրը հիվանդությունների սրման պատճառով դարձել է անաշխատունակ: Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց համայնքի կողմից պատրաստված սննդի և հագուստի փաթեթներ ու հիգենիկ պարագաներ:

«Աստծուն հաճելի է այնպիսի պահքը, երբ այն հանդիսանում է նաև որպես անկեղծ զոհաբերություն մերձավորին օգնելու համար, այսինքն՝ ուղեկցվում է մերձավորի համար արվող աղոթքով և արդար գործերով: Յուրաքանչյուրս Քրիստոսի Մարմնի անդամներն ենք, իսկ Քրիստոսի Մարմինը եկեղեցին ինքն է (Ա Կորնթացիներ 12:27): Հիսուս Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում Իր սերն ու գթությունը մշտապես արտահայտեց գործնական կերպով: Եվ եկեղեցին, Քրիստոսի օրինակի համաձայն, փորձում է արթուն և պատրաստ լինել կարիքի մեջ գտնվող անձին օգտակար լինելու համար: Այս կերպ Քրիստոսի Մարմնի անդամները պտղաբեր կյանք են ապրում Քրիստոսով, քանի որ «Մարմինը՝ Քրիստոսի եկեղեցին, իր բոլոր հոդերով և հոդակապերով հաղորդակցված և միացած է գլխին՝ Քրիստոսին և իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է» (Կողոսացիներ 2:19)»,- ասաց Տեր Գրիգորը:

Եկեղեցական համայնքային կյանքում բարի նպատակի շուրջ համախմբված անձինք նպաստում են Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու, սիրո մեջ զորանալուն և արմատական աճին:

«Տիրոջ ողորմածությամբ է լցված երկիրը, Տերը ողորմություն է սիրում և աշխարհն ողորմությամբ պիտի շինվի»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 32:5, 88:3):

 

Կարինե Սուգիկյան

08.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․