26 Նոյեմբեր, Գշ
Բոլոր դարաշրջանների և ազգերի համար մեծագույն մեղք է համարվել անգթությունը: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ այն հարուստներն ու հագեցածները, ովքեր անտարբերությամբ են նայում աղքատին ու քաղցածին և չեն օգնում նրանց, համահավասար են հանցագործներին: Գթասիրտ անձը մասնակից է դառնում աստվածային սիրուն: Ճշմարիտ գթասրտությունը միավորում է երկինքն ու երկիրը: Այսօր աշխարհն առավել քան կարիք ունի գթասրտության, որ պատրաստ է հանուն սիրո՝ ամեն տեսակ փորձություններ հաղթահարելու: Այս առաքինությունն ուներ բարի սամարացին, որի մասին ողջ աշխարհին պատմեց Քրիստոս: Սամարացու հոգատարությունը վիրավոր հրեայի հանդեպ ցույց է տալիս նրա գթասրտության խորությունը: Նա, խնամելով վիրավորի վերքերը, տարավ նրան պանդոկ: Դրանից հետո գթասիրտ սամարացին կարող էր հանգիստ խղճով հեռանալ, բայց մեկնելուց առաջ պանդոկի տիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկ. 10:29-37):
Ամիսներ առաջ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելել էր Ռ․ Յոլյանի անվան Արյունաբական կենտրոն՝ երեխաներին տեսակցելու: Այնտեղ Տեր Հորը մի երեխա էր մոտեցել և ի զարմանս իրեն՝ ողջունել՝ օրհնեցեք Տեր Հայր ասելով: Փոքրիկը 10-ամյա Ռոմիկն էր, որ շատ շուտ ընկերանում է Տեր Գրիգորի հետ և հունվարի 31-ին իր մայրիկի հետ հյուր գալիս սիրելի ընկերոջը՝ Տեր Գրիգորին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Հայրը Ռոմիկի համար բժշկության աղոթք կարդաց: Փոքրիկը իր ծնողների և փոքր եղբոր հետ բնակվում է Ապարան քաղաքի Բաղրամյան փ. 43շ. 25 բն. հասցեում: Մինչ այդ ընտանիքն ապրել է վարձակալությամբ: Ֆինանսական դժվար դրությունից ելնելով՝ բարեկամներից մեկը օգնության ձեռք է մեկնել նրանց՝ բնակարան տրամադրելով: Ռոմիկի մայրը՝ Արշակյան Արփինեն (29 տ.), պատմեց, որ մի քանի ամիս է, ինչ Ռոմիկը հաղթահարել է լեյկոզ հիվանդությունը և այժմ, ողնաշարի ողի կոտրվածք ունենալու պատճառով, բուժումներ է ստանում: «Ռոմիկը կալցիումի պակաս ունի և անընդհատ նոր կոտրվածքներ է ստանում: Փոքր տղաս էլ լսողության և խոսքի հետ կապված խնդիրներ ունի, ինչը մեզ համար մնում է անլուծելի՝ Ապարանում համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Միայն ամուսինս է աշխատում, ստանում ենք ընտանեկան նպաստ և երեխաներին տրամադրվող թոշակները, բայց զավակներիս բուժման հետ կապված ֆինանսական մեծ խնդիրներ ունենք»,- ասաց Արփինեն: Տեր Գրիգորը Ռոմիկի մայրիկին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանակացավ իր անունը նշել: Արփինեն շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար: Արշակյան ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել Ռոմիկի մայրիկին՝ Արփինեին, հետևյալ հեռախոսհամարով՝ 077062231:
Կարինե Սուգիկյան