Մի երիտասարդ տղամարդ ողջ սրտով ընդունեց ուղղափառ հավատն ու իր հետ կնոջն ու դստերն էլ Եկեղեցի բերեց: Նա ջանասիրությամբ զբաղվում էր հոգևոր կյանքով և սովորում ուղղափառության ճշմարտությունները: Սակայն մի քանի տարվա բարեպաշտ կյանքից հետո նրա հավատն սկսեց նկատելիորեն թուլանալ: Նրա սրտում կասկածներ հայտնվեցին եկեղեցական ավանդությունների և դավանաբանական հարցերի վերաբերյալ: Եվ միևնույն ժամանակ կրկին հետաքրքրություն առաջացավ արևելյան պաշտամունքների նկատմամբ, որոնցով տարված էր մինչ ի Քրիստոս դառնալը:
Ընտանիքի գլխի Եկեղեցուց հեռանալը, սակայն, չազդեց նրա կնոջ ու դստեր վրա և նրանք մնացին Եկեղեցու հավատարիմ զավակները: Նրանք շատ էին մտահոգվում իրենց հարազատի համար, չնայած որ երբեմն ստիպված էին լինում տառապել նրա կողմից իրենց հավատի հասցեին ուղղված կատակներից:
Մի անգամ, երբ նրանք տեղափոխվեցին իրենց նորակառույց տուն՝ մի ծանոթ հոգևորականի հրավիրեցին տնօրհնեքի կարգ կատարելու համար: Քահանան կարդաց սահմանված աղոթքներն ու առաջ անցավ՝ երկհարկանի տունն օրհնված ջրով ցողելու համար: Երբ մոտեցավ երկրորդ հարկ տանող աստիճանին, ապա ընտանիքի գլուխն, անթաքույց հեգնանքով, ասաց.
- Տե՛ր Հայր, աստիճանը մի լավ ցողեք, թե չէ մեկնումեկը կարող է դրա վրայից ցած ընկնել:
Կինն ու դուստրը վիրավորվեցին այս խոսքերից, քանի որ զգացին դրանց տակ թաքնված հեգնանքը, իսկ քահանան, չզգաց ենթատեքստն ու աստիճանը ցողելով՝ վեր բարձրացավ: Երբ երկրորդ հարկն էլ էր օրհնված՝ բոլորը ներքև ուղղվեցին: Վերջինն ընտանիքի հայրն էր գնում: Կինը, դուստրն ու քահանան բարեհաջող ցած իջան, իսկ ամուսինը սայթաքեց ամենավերին աստիճանի վրա ու ցած գլորվեց: Դստեր սիրտը մի պահ կանգ առավ վախից, կարծեց, թե հայրը ողնաշարը կկոտրի: Սակայն ինչ-որ անհավանական կերպով նրան հաջողվեց ճաղաշարից բռնվել ու խուսափել սարսափելի անկումից:
Բոլորը վախից քարացել էին, տղամարդու գունատված դեմքին առանձնանում էին անսովոր կերպով լայն բացված, վախով լի աչքերը:
- Դե հիմա, սիրելի՛ հայրիկ,- ասաց դուստրը,- մտածիր, թե ինչո՞ւ մենք երեքս հանգիստ իջանք աստիճաններով և միայն դու սայթաքեցիր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի