Գրքեր

Աստծո ներկայությունը հիվանդի կյանքում

Հիվանդություն՝ երևույթ, որին անխուսափելիորեն բախվում ենք բոլորս: Ի՞նչ է դա, ինչո՞ւ է առաջանում կամ տրվում, և ու՞մ կողմից, ո՞րն է դրա նշանակությունը: Հարցեր, որոնք մարդկությանը հետաքրքրել են դարեր շարունակ և դեռևս միանշանակ պատասխան չեն ստացել: Ի թիվս շատ փաստարկների և վարկածների՝ հիվանդությունների առաջացման և դրանց ունեցած հնարավոր դերի վերաբերյալ, որոնք տրվել են սկսած հնագույն ժամանակներից մինչև մերօրյա ժամանակակից գիտությունը, մենք՝ որպես ուղղադավան քրիստոնյաներ, այդ հարցում ևս դիմում ենք Սուրբ Գրքին և կատարում  որոշակի եզրահանգումներ: Աստվածաշնչում բավականին շատ են տարբեր հիվանդությունների նկարագրություններ, և խորհրդանշանական է, որ յուրաքանչյուր դեպք ունի իր ուրույն պատճառը, հանգուցալուծումը և նշանակությունը:

Սուրբ Գիրքն ուսումնասիրելով`կարելի է առանձնացնել մի քանի հիմնական պատճառներ, թե ինչու են հիվանդանում մարդիկ`այդ թվում նաև քրիստոնյա հավատացյալները:

Հիվանդությունը`որպես պատիժ գործած մեղքերի:

Ի սկզբանե մարդն անեղծ էր ու անմահ: Երբ կատարվեց առաջին մեղսագործությունը, Եդեմի դռները փակվեցին մեր Նախահոր և Նախամոր առջև, և հիվանդություններն ու մահը մուտք գործեցին մարդու կյանք: Մեղքը հեռացրեց մարդուն Աստծուց և դարձրեց տկար:

Որպես պատիժ Եդեմում գործած մեղքի` Աստված ավելացրեց Եվայի հառաչանքները և դատապարտեց անչափ ցավերով ծննադաբերելու, իսկ Ադամին`տանջանքներով հայթայթելու ուտելիքը կյանքի բոլոր օրերին: 

Հետագայում հանդիպում ենք շատ այլ հատվածների, որոնցում պարզ ասվում է, որ հիվանդությունները կարող են տրվել գործած մեղքերի պատճառով: «Ղևտական» գրքում իսրայելցիներին ուղղված այսպիսի տողեր ենք կարդում. «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք իմ այս բոլոր հրամանները, արհամարհեք դրանք, իմ կարգադրություններից ձանձրանալով չկատարեք իմ պատվիրանները, վերացնեք իմ հաստատած ուխտը, ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք» (Ղևտ. 26:14-16):

Սակայն չի կարելի աչքաթող անել այն հանգամանքը, որ հիվանդությունների միջոցով պատժելով հանդերձ`մեր Տեր Աստված նպատակ չունի վերացնել մեղսավորներին, այլ դրանով հնարավորություն է տալիս ետ կանգնել մեղքից և դարձի գալ: Երուսաղեմի Բեթհեզդա կոչվող վայրում երեսունութ տարուց ի վեր հիվանդ տղամարդուն բուժելով` «Այնուհետև  Հիսուս նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ» (Հովհ. 5:14):

Մեր անձնական կենսափորձը նույնպես հաստատում է, որ մեղքն ունենում է շատ տխուր հետևանքներ: Կա մի հիվանդություն, որով ախտահարվողը երբեք իրեն հարց չի տա, թե ինչո՞ւ ինքը հիվանդացավ, քանի որ հիվանդացողների 99.9 %-ը շատ լավ գիտակցում են դրա առաջացման պատճառը: Դա ՁԻԱՀ-ն է:

Մարդկանց, որոնք վարում են մեղսավոր կենսակերպ, Աստված ուղարկում է հիվանդություններ`որպես այրող, բայց և ազդու բալասան, քանի որ մեղքերով թաթախված մարդուն դարձի բերելու համար՝ երբեմն դա դառնում է միակ հնարավոր միջոցը:

Հիվանդությունը`որպես դաստիարակելու միջոց:

Որպես սիրող և հոգատար Հայր`Աստված հաճախ կարող է իր որդիներին ենթարկել փոքր կամ մեծ զրկանքների և չարչարանքների, ինչպիսիք են տարբեր հիվանդությունները, նպատակ ունենալով դաստիարակել նրանց: «Բ Մնացորդաց»-ում կարդում ենք. «Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղեմ և ընծաներ՝ Հուդայի երկրի արքա Եզեկիասին։ Եզեկիասը բարձրացավ բոլոր ազգերի աչքին։ Դրանից հետո այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց, բայց Եզեկիասն իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի երկրի ու Երուսաղեմի վրա։ Եզեկիասը հրաժարվեց իր մեծամտությունից, նույնպես և Երուսաղեմի բնակիչները. և այլևս Եզեկիասի թագավորության օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա» (Բ.Մն 32:23-26):

Երբ մարդը հիվանդանում է, շատ բաներ նրա կյանքում վերաիմաստավորվում են: Մարդը միառժամանակ կտրվում է իր աշխատանքից, հասարակությունից, բայց հենց այդ ժամանակ նա հնարավորություն է ստանում նայելու իր ներսը, (եթե իհարկե ունենում է այդքան խիզախություն), մտածելու իր կյանքի և կենսակերպի մասին, վերագտնելու ինքն իրեն և Աստծուն, վերականգնելու Նրա հետ կապը: Այդպիսի փոփոխությունների մասին փաստում են շատ ու շատ հիվանդներ: Հաճախ հիվանդությունները մեր սխալ ապրելակերպի արդյունք են, երբ օրգանիզմը պարզապես ի վիճակի չի լինում շարունակել գոյատևել նույն պայմաններում: Այդ դեպքում չենք կարող միանշանակ պնդել, որ դա Աստծո պատիժն է, այլ նախազգուշացում է, որ այլևս այդ կերպ շարունակել չի կարելի: Չի կարելի շարունակել ծխել, հարբեցողությամբ զբաղվել, տրվել որկրամոլության, օրգանիզմը ենթարկել մշտական սթրեսների և այլն: Հիվանդությունը արթնացնում է պատասխանատվության զգացում՝ սեփական մարմնի և կյանքի նկատմամբ, քանի որ մեր մարմինները հանդիսանում են Աստծո տաճարները և մեր պարտքն է հոգ տանել և սուրբ պահել դրանք: Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոս Առաքյալը գրում է. «Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ՝ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբր 12:10):

Ֆիզիկապես տկարացումը շատ հաճախ առիթ է հանդիսանում հիշելու և մտածելու հոգու և նրա փրկության մասին, և մարդը սկում է դիմել Աստծուն`աղոթելով:

Հիվանդությունը` առիթ աղոթելու:

Հենց որ մարդն իրեն սկսում է վատ զգալ, միանգամից հիշում է Աստծու գոյության մասին: Պատահական չի ասված. խրամատներում աթեիստներ չեն լինում: Եվ այդ ժամանակ մարդը դիմում է աղոթքի օգնությանը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկխոսություն՝ մարդու և Աստծո միջև:

Աստվածաշնչում բազմաթիվ են նման օրինակները: Դրանցից է «Ա Թագավորաց» առաջին գլխում նկարագրված Աննայի պատմությունը, ում արգանդը Տերը փակել էր, և նա չէր կարողանում հղիանալ: Սակայն Աննան թախանձագին աղոթքներով դիմում է Աստծուն, և Տերը պարգևում է կնոջը՝ մայրանալու բերկրանքը: Եթե Աննան հիվանդություն չունենար, ծնկի չէր գա տաճարում, չէր աղոթի և չէր ծնվի Իսրայելի հայտնի մարգարե և դատավոր Սամուելը:

Ծանր հիվանդության ժամանակ մարդու մոտ հաճախ առաջ է գալիս զայրույթի, խռովքի, անհանդուրժողականության, խորը ընկճվածության, ճնշվածության  զգացում: Եվ դա շատ բնական է: Երբ մարդ հիվանդանում է, նա իրեն վատ է զգում թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես: Սակայն վտանգավոր է, երբ այդ հոգեվիճակը կրում է տևական բնույթ: Հիվանդ մարդը հաճախ ահավոր վախ է ապրում, մանավանդ երբ բավական հավատ չի ունենում, և փոխարեն դիմելու Աստծուն և այդպիսով հանգստություն գտնելու, չարանում է Նրա հանդեպ, բողոքում: Այդ պարագայում ամենակարևորն է առաջին հերթին անկեղծ և ճշմարտացի լինել սեփական անձի նկատմամաբ, անկեղծ լինել նաև Աստծու հետ, չվախենալ արտահայտել զգացմունքները, թեկուզ բացասական, աստիճանաբար վերականգնել Աստծո հետ խաթարված կապը և վերջապես անվերապահորեն վստահել: Անկեղծությունը ամենակարևոր հանգամանքն է: Աղոթքը պետք է սրտից բխի, ոչ թե լինի անգիր արած բառերի շարան: Աղոթքի իմաստը Աստծո առաջ բաց լինելն է, որպեսզի հնարավորություն ստեղծվի Նրա հետ   հանդիպման և երկխոսության: Մարդը կարող է լուռ պառկած մնալ իր անկողնում, ոչինչ չասել, բայց բացել Հիսուսի առաջ սիրտն ու հոգին: Փորձել հասկացնել Նրան, թե ինչ է կատարվում հոգում, աստիճանաբար ազատվել զայրույթից, վիրավորանքից, չարությունից, որպեսզի տեղ բացվի Քրիստոսի համար, քանի որ, երբ սիրտը լցված է խռովքով և ատելությամբ, սովորաբար, հանդիպում տեղի չի ունենում:

Երբ հոգին դառնացած է և դատարկված, մարմնի վիճակը նույնպես ծանրանում է, և այդ ժամանակ կարելի է դիմել Աստծուն ու պարզապես ասել. « Տե՛ր Աստված, ողորմի՛ր ինձ՝ բազմամեղիս, և միայնակ մի՛ թող ինձ»: Այս խոսքերը ամեն ոք կարող է ասել, անգամ եթե սաստիկ թույլ է զգում և ուժասպառ: Իսկ հավատով արտասանված ոչ մի խոսք անպատասխան չի մնա:

Հակոբոս Առաքյալը հորդորում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եւ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եւ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5:14-15):

Հավատի մեջ ոչ այնքան ամուր մարդկանց համար հիվանդությունը կարող է առիթ հանդիսանալ «ծանոթանալու» Աստծո հետ և զգալ Նրա զորավոր ազդեցությունը: Հայտնի է Ավետարանում նկարագրված այս դեպքը. «Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ և հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել, ետևից մոտեցավ և դիպավ նրա (Հիսուսի) զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց» (Ղուկ 8:43-44): Երբ Հիսուսը շրջվում է, որպեսզի տեսնի նրան, ով դիպել էր Իրեն, այլևս չկարողանալով թաքնվել`կինը խոստովանում է, որ ինքն է եղել: Այդժամ Հիսուսը նրան ասում է. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ 8:48):

Քրիստոնեական հավատը ենթադրում է Աստծո օգնությամբ հիվանդություններից բուժումը: Քրիստոսը, իր երկրային կյանքի ընթացքում, հիվանդների ապաքինման բազմաթիվ հրաշքներ է գործել: Երբ Հովհաննես Մկրտչի աշակերտները եկան Հիսուսի մոտ՝ պարզելու՝ Նա է Փրկիչը, թե` սպասեն ուրիշին, Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռելները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում (Ղուկ 7:22): Մաղաքիա մարգարեն կանխագուշակել է.  «Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության արեգակը պիտի ծագի, և բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ և դուք պիտի ելնեք ու խայտաք ինչպես կապից արձակված հորթեր» (Մաղ. 4:2): Ավելին` «նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53:5):

Հիսուսը ոչ միայն Ինքն էր բուժում հիվանդներին, այլև` «իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):

Բժշկությունը աստվածատուր շնորհ է, շատ սրբեր են օժտված եղել բժշկելու կարողությամբ, և դիմելով բժիշկներին`միաժամանակ չմոռանանք սրտաբուխ աղոթքի անհերքելի զորության և կարևորության մասին:

Քրիստոնյայի կյանքում ամենակարևոր բանը հոգու փրկությունն է, և եթե հիվանդությունից ապաքինումը այդպես էլ չի կատարվում, դա չի նշանակում, որ Աստված անտեսել է հիվանդի և նրա մերձավորների աղոթքները:

Հիվանդությունը միջոց` նախապատրաստվելու մահվանը:

Շատ հաճախ մարդն իր երկրային կյանքն ավարտում է հիվանդանալով: Շատերը միայն հիվանդանալով են սկսում գիտակցել, որ իրենք հավերժ չեն, սկսում են լրջորեն մտածել Աստծո մասին, այն մասին, թե որտեղ են իրենք անցկացնելու հավերժությունը: Այդպիսի հիվանդությունը հնարավորություն է տալիս մահից առաջ ավելի լավ ճանաչել Աստծուն, Նրա զորությունը, կամքը, անսահման սերը:

Սակայն ամեն մեղսավորի չէ, որ տրվում են հիվանդություններ: Աստված գիտի, թե ինչ կա ամեն մեկի սրտում: Շատերն անգամ ծանր փորձություններից և հիվանդություններից հետո ընդունակ չեն լինում սթափվելու, և իրենց ունեցած մեղքերին կարող են անմտորեն ավելացնել բազում այլք`տրտմություն, հուսահատություն, զայրույթ, և այլն, այդպիսով էլ ավելի բարդացնելով իրենց վիճակը: Բայց Աստված նպատակ չունի կորստյան մատնելու, և կարող ենք ասել, որ Տերը այդպիսի մարդկանց հանդեպ ևս դրսևորում է Իր աստվածային անսահման սերն ու բարեգթությունը:

Սակայն ոչ բոլոր հիվանդություններն են հանդիսանում մեղքի արդյունք:  Ավետարանում կարդում ենք. «Եւ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ.  իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թէ՞ հորն ու մորը»։ Հիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն » (Հովհ. 9:1-3): Պատճառը ոչ նրա մեջ էր, ոչ էլ ծնողների, այլ Տերը նրա հետ կապված Իր հատուկ նպատակներն ուներ:

Հիվանդություն`Աստծո Սուրբ անունը փառաբանելու համար:

Անքննելի են Աստծո ուղիները, և հաճախ առաջին հայացքից անտեղի թվացող չարչարանքները իրենց մեջ ունենում են համամարդկային նշանակություն: Բազմաթիվ են նման օրինակները Սուրբ Գրքում:  Երբ Հիսուսի սիրելի և մտերիմ մարդկանցից մեկը`Ղազարոսը, հիվանդանում է նրա քույրերը մարդ են ուղարկում և ասում. «Տե՛ր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի» (Հովհ. 11:3, 4): Մեկ այլ օրինակի հանդիպում ենք Մարկոսի Ավետարանում, երբ Հիսուսի մոտ են բերում մի անդամալույծի, և հավաքված հոծ բազմության պատճառով այլ ելք չգտնելով`իջեցնում են երթիկից: Հիսուսը տեսնելով նրանց հավատը, ներում է շնորհում: Սակայն այդտեղ ներկա գտնվող փարիսեցիները դա աստվածհայհոյություն են համարում: Այդ իմանալով` Հիսուսը ասում է. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ եք խորհում. ո՞րն է ավելի դյուրին. անդամալույծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներված են, թե՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալույծին, - քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տունը»:   Եւ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել» (Մատթ. 2:8-12):

Տեղին է առանձնահատուկ նշել հիվանդությունների այն դեպքերի մասին, երբ դրանք Աստված հաճախ թույլ է տալիս ճշմարիտ և անձնվեր հավատացյալների նկատմամբ: Այդպիսով արտահայտվում է Աստծու հոգածությունը նրանց հոգևոր աճի, կոփման և ամրապնդման նկատմամբ:

Միանգամից մտաբերում ենք Աստվածաշնչյան տառապյալ Հոբին, ով ոչ մի անգամ չընկրկեց իր անասելի չարչարանքների ժամանակ, այլ մինչև վերջ մնաց հավատարիմ և անսասան իր հավատի մեջ`խոնարհաբար վստահելով Աստծու կամքին: Անգամ երբ նրա կինը հորդորում է դեմ խոսել Աստծուն և այդպիսով մահանալ ու ազատվել տառապանքներից, Հոբը նրան պատասխանում է. «Խոսեցիր ինչպես մի անզգամ կին. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եւ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ» (Հոբ 2:10): Հոբի կերպարը դարեր շարունակ սփոփանք է հանդիսանում վտանգի և փորձանքերի մեջ ընկած հավատացյալների համար, ներշնչում հավատ, որ ամեն ինչ անցողիկ է, և անշեղ հավատը, վստահությունն ու հավատարմությունը Աստծո հանդեպ երբեք անվարձահատույց չեն մնում:

Հայտնի է, որ Պողոս Առաքյալը ևս տառապել է հիվանդությամբ: Ահա թե ինչ է նա գրում այդ մասին Կորնթացիներին ուղղված երկրորդ թղթում: «Եւ որպեսզի այդ հայտնությունների առատությամբ չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզամտանամ։ Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։ Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։ Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղություններին՝ Քրիստոսի համար. որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ.Կորնթ. 12:7-10):

***

Մարդու համար շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր հիվանդության ունի իմաստ: Դրա համար երբ մենք հանդիպում ենք հիվանդ մարդու, կամ ինքներս ենք հիվանդանում պետք է փորձենք գտնել այդ իմաստը, հակառակ դեպքում շատ հեշտ է ընկնել ընկճախտի մեջ և վիճակն էլ ավելի ծանրացնել: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ինքնամոռաց սկսենք փնտրել, թե կոնկրետ որ մեղքի պատճառով ենք ախտահարվել այս կամ այն հիվանդությամբ: Դա նախ`կարող է տանել սխալ եզրահանգումների, և հետո`անօգուտ է: Ամենակարևորն է կարողանալ վերանայել ողջ կյանքը, կարողանալ դաստիարակել ինքդ քո մեջ քրիստոնեական մոտեցում՝ հիվանդությունների, վշտերի, մահվան նկատմամբ, քանի որ այդ ամենը անխուսափելի են այս կյանքում: Իսկ քրիստոնեական մոտեցումը ենթադրում է անվերապահ հավատ և վստահություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, գիտակցում, որ Նա ամենազոր է և անսահման բարի, որ ինչ էլ որ անում է, անում է հանուն մեր փրկության, որ թեկուզ ամենածանր հիվանդությունը Նրա ձեռքում դառնում է ոչ թե դատավճիռ, այլ փրկարար բալասան, և կարողանանք շնորհակալ լինել Նրան:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասել է. «Ով կարողանում է շնորհակալ լինել Աստծուն հիվանդությունների ժամանակ, նա հեռու չէ կանգնած սրբանալուց»:

 

Գևորգ սրկ. Համբարձումյան

27.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․