Գրքեր

«Աստծո նկատմամբ մեր ունեցած հավատով ավելի հեշտ ենք հաղթահարում կյանքում եղած դժվարությունները»: Ջավահիր Եղիկյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ Ջավահիր Եղիկյանը: 

Ինչպե՞ս ծնվեց «Ես կամ» հաղորդաշարի գաղափարը: Ինչո՞ւ այն կոչվեց «Ես կամ»: 
Հեռուստատեսության ոլորտում լինելով՝ միշտ մտածում էի սեփական հեղինակային հաղորդում ունենալ, որն իր ասելիքով, նպատակով պիտի տարբերվեր եղած հաղորդաշարերից:
Ի սկզբանե կար միտք, որ այն երազանքների իրականացման հետ կապված լիներ, որովհետև դա հենց այն իմաստն է, որի համար ապրում ենք: Մտածում էի, թե ում շուրջ կառուցեմ, ովքեր լինեն հերոսներս: Մի առիթով ընկերներով հավաքվել ու հիշում էինք մեր մանկությունը: Ես պատմեցի իմ ծնողների մասին, ովքեր երկար ժամանակ Հայաստանում չէին՝ հորս բուժման նպատակով, տատս էր մեզ խնամում՝ ինձ ու երկու փոքր եղբայրներիս: 
Երկրաշարժի ժամանակ տատս կորցրել էր իր երկու որդիներին: Նա ծանր էր տանում այդ կորուստը, բայց իր մեջ ուժ գտնելով՝ խնամում էր մեզ, հոգ տանում մեր մասին: Երբ ես հիվանդության պատճառով հայտնվեցի հիվանդանոցում, չգիտեմ ինչու սպասում էի, որ կհայտնվի մի բարի փերի և ուրախություն կբերի բոլորիս: Բայց բարի փերին չհայտնվեց. հայրս մահացավ, տատիս ցավը կրկնապատկվեց: Իմ մանկության տարիներին ես յուրաքանչյուր իրավիճակից ելք էի տեսնում բարի փերիով ու սպասում նրան: 
Եվ հենց այդ օրը գտա իմ հերոսներին: Նրանք հենց այն երեխաներն էին, ովքեր չունեին անհոգ մանկություն և փնտրում էին իրենց բարի փերիին: Ինքս ինձ որոշեցի, որ ես կլինեմ նրանց բարի փերին և կաշխատեմ իրականացնել նրանց երազանքները:
Հաղորդաշարը կոչվում է «Ես կամ», որովհետև հաղորդման հերոսները դժվար ճակատագրեր, սուղ պայմաններ ունեցող, անօթևան երեխաներն են: Նրանցից յուրաքանչյուրը այս հաղորդման միջոցով նկատելի կդարձնի իր գոյությունը և կկարողանա ասել. «Ես կամ»:

Հաղորդաշարի կայացման հարցում իր կարևոր ներդրումն ունի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար  Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Ինչո՞վ էր պայմանավորված քահանայի դերը:
«Ես կամ» հաղորդումը պետք է վարեր օրինակելի մարդ, ով իր բարոյական սկզբունքներով ու մաքուր կենսակերպով, ազդեցիկ ու դիպուկ խոսքով կկարողանար ազդել հեռուստադիտողի վրա, կարդարացներ հաղորդման ուղղությունը: Չէ՞ որ նույն հեռուստադիտողների մեջ են այն ծնողները, ովքեր երեխաներին թողել են մանկատներում, լքել են ընտանիքները: «Ես կամ»-ի հաղորդավարը թե իր խոսքով, թե իր հայացքով պետք է մտածելու առիթ տար այդօրինակ ծնողներին: Տ. Շահեն հենց այն տեսակն ու որակն է, ով ունի բոլոր ունակությունները երեխաներին հասկանալու և նրանց կողքին լինելու:

Ընտանեկան, սոցիալական, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքում շատ բան է փոխում Ձեր հեղինակած հաղորդաշարը: Իսկ ի՞նչ փոխեց այն Ձեր կյանքում:
Երանելի  զգացողություն է,  երբ  կարողանում  ես  իրականացնել որևէ  մեկի      երազանքը: Անբացատրելի հոգեվիճակում  ես  լինում, երբ ամեն  նկարահանումից  հետո տեսնում  ես  երեխաների  շնորհակալ հայացքները, երջանկությունից  փայլող  աչքերը, որ այսօր ևս մեկ երեխա հավատաց, որ «Ես կամ»-ի միջոցով երազանքներն իսկապես իրականանում են:

Ե՞րբ առաջին անգամ լսեցիք Աստծո մասին: Ի՞նչ տեղի ունեցավ Ձեզ հետ:
Աստծո ներկայությունը ավելի նկատելի էր ինձ համար իմ մկրտության օրը: Հավատն առ Աստված սկսվեց այդ օրվանից մինչ օրս: Աստծո նկատմամբ մեր ունեցած հավատով ավելի հեշտ ենք հաղթահարում կյանքում եղած դժվարությունները: 

Առօրյա հոգսերից ելնելով՝ այսօր մարդիկ մի քիչ հեռացել են Աստծուց: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց:
Ինչպիսի  դժվարին պայմաններում էլ  մենք   հարկադրված  լինենք  ապրել,  հոգով չպետք է   ընկճվենք, այլ  հիշենք,  որ բոլոր  դժվարությունները կարող ենք հաղթահարել Աստծո  նկատմամբ ունեցած մեր   հավատով:

Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Ցանկանում եմ, որ մարդիկ չլինեն  անտարբեր, ոչ  մի  դեպքում չկոտրվեն ու  չհուսալքվեն և  հավատան,  որ բարի ցանկությունները միշտ  էլ  իրականություն  են  դառնում:

Արևիկ Համբարյան

07.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․