25 Նոյեմբեր, Բշ
Մշտապես փոփոխվող աշխարհում մարդու կյանքի օրերն ու ժամերն էլ միանման չեն: Փոփոխական այս աշխարհում քրիստոնյան ջանում է հաստատուն մնալ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մեջ, ջանում է իր սիրտը, միտքն ու կամքն ուղղել դեպի իր Արարիչը, իր Փրկիչը՝ հիշելով Տիրոջ այն խոսքերը, որ ասել է Պողոս առաքյալի շուրթերով. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում», «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը» (Հռոմ. 14:8-9, 8:35): Աստծու սիրուց չբաժանվելու վճռականությունը նպաստում է, որ քրիստոնյան հաստատակամ ընթանա դեպի Տերը՝ ժամանակի գանձարանից իրեն շնորհված օրը հարստացնելով բարի գործերով և սխրանքներով:
Հունվարի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, եկեղեցու համայնքի անդամներից մեկի կողմից, որը չցանկացավ իր անունը նշել, Հարությունյան Տաթևին փոխանցեց 100 000 դրամ: Տաթևի եղբայրը՝ Պարույրը (26տ.)՝ որպես կամավոր, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Երկար ժամանակ նա անհայտ կորած է համարվել, իսկ անցյալ տարի՝ օգոստոսի 21-ին է հայտնաբերվել նրա աճյունը: Զոհված հերոսի ընտանիքը՝ քույրը և ծնողները, բնակվում են Շենգավիթ համայնքի Շարուրի 28/1 բն. 14 հասցեում:
Աստծու հանդեպ սեր ունեցողը սիրում է իր հայրենիքն ու իր մերձավորներին և պատրաստ է անգամ իր կյանքը տալու հանուն այդ սիրո: Այդպիսի մեկը, Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու խոսքի համաձայն, միշտ կենդանի է մնում իր ազգի կամ հայրենիքի հետ, իսկ ավելի ճիշտ՝ ազգն է ապրում նրա մեջ, ով ազգի համար իրեն ու իր ունեցվածքը զոհաբերեց:
Կարինե Սուգիկյան