Աստծու մասին հիշողությունը հենց այն առաքինությունն էր, որը Հովսեփին հետ պահեց մեղքից, երբ նա դեռ տակավին երիտասարդ էր ու միայնակ, հայտնվեց Եգիպտոսում՝ մի երկրում, որը հայտնի էր իր անբարո և կռապաշտ ընթացքով (Ծննդ. 39:1-20):
Իսկ ի՞նչ է Աստծու մասին հիշողությունը: Այն է, ինչի մասին սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Աստծուն հիշելն ավելի կարևոր է, քան շնչելը»: Քանի որ մինչ ողջ ենք, չենք դադարում շնչելուց, նույն կերպ էլ պետք է մշտապես պահպանեք Աստծու մասին հիշողությունը:
Կհարցնեք՝ դա ինչպե՞ս է հնարավոր: Իրական աշխարհում մենք պետք է ամեն օր աշխատենք, դպրոց գնանց, ուսում ստանանք, մշտապես բազմաթիվ զանազան խնդիրներ լուծենք՝ խոսել, լսել, շարժվել, մեքենա վարել և ուշադրություն ցուցաբերել մեր ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Այդ ամենի հետ մեկտեղ ինչպե՞ս կարող ենք անդադար հիշել Աստծուն:
Բանն այն է, որ Աստծու մասին հիշողությունը պետք է շատ խորը պահպանվի մեր հոգու ամենախորքում՝ ենթագիտակցության մեջ: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է մշտապես խոսել ու կարդալ Աստծու մասին: Մենք կարող ենք մեր առօրյա գործերով զբաղվել՝ չկորցնելով Նրա ներկայության զգացումը:
Մենք նմանատիպ բաներ ենք անում նաև մեր կյանքի այլ ոլորտներում: Ենթադրենք, որ ձեր հայրը քնած է տան սենյակներից մեկում, և դուք պետք է զգույշ լինեք՝ նրան չարթնացնելու համար: Այդժամ կնկատեք, որ հարազատների ու ընկերների հետ խոսելիս շշուկի եք անցել: Դուք կարիք չունեք ամեն վայրկյան ինքներդ ձեզ հիշեցնելու, որ ձեր հայրը քնած է, ուղղակի ձեր հոգու խորքում պահում եք այդ հիշողությունը:
Մեկ այլ օրինակ. ենթադրենք՝ ճամբարում քնած եք երկհարկանի մահճակալի վերևի հարկում: Եթե ձեր սովորական մահճակալի վրա անփութորեն պտտվում եք ու մի կողքից մյուսը շրջվում, ապա այստեղ ձեզ զգույշ եք պահում: Ինչ-որ բան հսկում է ձեր ներսում: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ձեր մարմինը քնած է, ենթագիտակցության մեջ հիշում եք, որ պառկած եք բարձր վայրում և չեք կարող ազատորեն շարժվել: Հենց այդ հիշողությունն է ձեզ պահում բարձրությունից վայր ընկնելուց:
Ճիշտ այդպես էլ Աստծու մասին հիշողությունն այնպիսի բան չէ, որի մասին պետք է սևեռուն կերպով մտածել: Դա զգացում է, որը մշտապես պահպանվում է հոգում: Սակայն պետք է սովորել այդպես պահպանել:
Այո՛, սիրելինե՛րս, պետք է սովորել մշտապես պահպանել Աստծու մասին հիշողությունը: Դա չափազանց կարևոր է՝ զգալ, որ Տերը միշտ ձեր կողքին է, հետևում է ձեզ, գալիս է ձեր ետևից, պաշտպանում է ձեզ, յուրաքանչյուր պահի պատրաստ է օգնել: Աստծու մասին այդ հիշողությունը հավատացյալի համար վահան է դառնում, պաշտպանություն և ամրոց: Այն հավատացյալին պաշտպանում է ամեն տեսակի վնասից, կռապաշտությունից և մեղքից:
Երբ Հովսեփը փորձության էր մատնվում, երբ նրան գայթակղում էին ամենապրովոկացիոն կերպով, նա իրեն պաշտպանեց Ամենագո Աստծու ներկայության հիշողությամբ: Նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ այդ չարիքը գործել իմ Աստծու ներկայությամբ»: Այդպիսով Հովսեփը փրկվեց ծանր մեղքից՝ առօրյա կյանքում պահպանելով Աստծու մասին հիշողությունը:
Իսկ երբ մենք մոռանում ենք Աստծուն, դա շատ լուրջ մեղք է: Այն սկիզբ է առնում յոթ մահացու վտանգավոր կրքերից մեկից: Այդ կիրքը հոգևոր ծուլությունն է: Այն ծնում է մոռացկոտություն և տգիտություն: Աստծուն մոռանալը կարող է շատ ու շատ մեղավոր զանցանքների պատճառ դառնալ, իսկ Աստծու մասին մշտապես հիշելը որպես հոգևոր կողմնացույց է ծառայում դեպի դրախտ ճամփորդության համար: Աստծուն հիշելն ավելացնում է մեր բարեպաշտությունը, մեր հոգևոր վիճակն ու սերն առ Աստված:
Եթե պահպանեք Աստծու մասին հիշողությունը, ապա կսովորենք գնահատել մեզ շրջապատող աշխարհն ու յուրաքանչյուր օր ուրախանալ: Երբ մի հիասքանչ ծաղիկ տեսնենք, միանգամից կմտածենք. «Ի՜նչ սքանչելի շուշան է Աստված ստեղծել»: Երբ հրաշալի եղանակ լինի, և մենք հիանանք լազուր երկնքով ու կամացուկ իջնող ձյան փաթիլներով, կփառաբանենք Արարչի իմաստությունը, որ արարել է այդ գեղեցկությունը:
Բացի այդ, Աստծուն հիշելը մեր մեջ Նրա երեսը տեսնելու ցանկություն է առաջացնում (Հայտ. 22:4), և մեր ցանկությունները երկրայինից տեղափոխում է երկնայինին: Մենք դադարում ենք կապվել երկրայինին, ապականացու բաներին: Մատերիալիզմը խղճուկ ու անկենդան փոխարինող է, որը մարդիկ սկսում են գնահատել Աստծու հետ շփման բացակայության պատճառով, և հիվանդություն է, որը գրավել է ժամանակակից քաղաքակրթությունների և մշակույթների ճնշող մեծամասնությունը:
Սակայն մարդը, ում սիրտը լի է Աստծու հիշողությամբ, ազատագրվում է իրերի պաշտամունքից: Նման մարդը դադարում է երկրային հաճույքների և զիզի-պիզի բաների կարիք զգալ: Նրա մարմինը երկրի վրա է գտնվում, իսկ միտքը մտահոգվում է կորուսյալ դրախտ վերադառնալու մասին: Աստծու մասին հիշողություն ձեռք բերած մարդը չի հայտնվում հարմարավետության, իրերի և տեխնոլոգիաների ժամանակակից ծուղակներում:
Շատ ավելի կարևոր է այն, որ Աստծու մասին հիշելը մեր օրերում հակաթույն է դառնում միայնության, օտարացման և մարդկանցից մեկուսացման համաճարակի դեմ: Աթեիզմը պատասխանատվություն է կրում այժմ մեծ տարածում ունեցող հոգեբանական-էմոցիոնալ հիվանդությունների համար: Ես կարող եմ վկայել, որ եթե Աստծու մասին հիշողություն չունենայի, եթե չճանաչեի Նրան, ապա իմ կյանքը միանգամայն անիմաստ կլիներ: Իմ կյանքի իմաստը ծնվում է Աստծու մասին հիշողությունից:
Եթե մենք չենք հավատում Աստծու Արքայությանը, ապա ինչի՞ն պիտի հուսանք: Առանց այդ երանելի հույսի (Տիտոս 2:13), սուրբ Պողոսի պես հարց եմ տալիս ինձ՝ ի՞նչ է կյանքը: Մենք ինչո՞ւ գոյություն ունենք: Միգուցե բոլորս ուղղակի քամու բերանն ընկած փոշի՞ ենք, ինչպես երգում է ասվում: Միայնությունն ու մեկուսացումը մեծ ժանտախտ է, մարդու կյանքը անձրևի կաթիլի կյանքի հետ համեմատող էքզիստենցիալիզմի և նիհիլիզմի վարակ, որն ընկնում է հավիտենության հսկայական օվկիանոսն ու ընդմիշտ անհետանում: Հավատի և Աստծու մասին հիշողության բացակայությունն, անկասկած, ընկճախտի, վհատության, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման, ինքնասպանության փորձերի և բազմաթիվ այլ դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն է:
Եթե մենք սովորենք պահպանել Աստծու մասին հիշողությունը, ապա մեր Երկնավոր Հոր սերն ու հոգատարությունը կզգանք, Որը հույսի, ուրախության ու երանության Աղբյուրն է:
Աստծու մասին հիշողություն ունենալով, նաև Նրա նախախնամությունն ենք զգում մեր կյանքում: Դժվարության պահին, երբ գործերն այնպես չեն ընթանում, ինչպես հարկն է և մռայլ են թվում, մենք կարող ենք դիմանալ՝ մտածելով. «Մի՞թե Աստված մահացել է: Ո՛չ, Աստված միշտ կողքիս է: Ուրեմն ինչո՞ւ ենք հաճախ այնպես վարվում, ասես Նա մահացել է»: Միայն թե մարդիկ իմանային, թե այդ միտքը որքան է օգնում հուսահատության պահին:
Մի պատմություն պատմեմ ձեզ: Մի երիտասարդ կին ու նրա հնգամյա որդին կորցրին ամուսնուն ու ընտանիքի հորը: Այդ կինը մի քանի շաբաթ լալիս էր ու անդադար կրկնում. «Ի՞նչ պիտի անենք»: Նա բոլորովին հուսալքվել էր: Եվ մի օր տղան շրջվեց նրա կողմն ու հարցրեց. «Մայրի՛կ, իսկ Աստված նույնպես մահացե՞լ է: Հայրիկը մահացել է, բայց Աստված էլ է մահացե՞լ»: Եվ մայրն այդ պահին հանկարծակի ուշքի եկավ, սթափվեց և ապրելու ուժ գտավ իր մեջ: Այսպիսով՝ Աստծու մասին հիշողությունն ամրապնդում է մեր հավատը Նրա նախախնամության և առաջնորդության հանդեպ: Աստված մեր անսխալական ուղեկցորդն է կյանքում:
Եվ վերջ ի վերջո, Աստծու մասին հիշողությունը մեզ ճշմարիտ հոգևոր ուրախությամբ է լցնում, ուրախությամբ, որ այս աշխարհից չէ: Դավիթը գրում է՝ Հիշեցի Աստծուն և ուրախացա (Սղմ. 76:4): Սուրբ Պողոս առաքյալը Սուրբ Հոգու պտուղներից առաջիններից մեկը ուրախությունն է կոչում: Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22-23): Ուրախությունն Աստծու պարգևն է Իր զավակներին, որոնք աղոթում են Իրեն: Եվ այդ ուրախությունը ոչ մի առնչություն չունի երկրային կարճատև վայելքների ու վաղանցիկ հաճույքների հետ, որ մարդիկ ստանում են նոր մեքենա, նոր ժամացույց ձեռք բերելուց կամ նույնիսկ նոր պաշտոն կամ նոր դիպլոմ ստանալուց:
Դա ուրիշ ուրախություն է, Սուրբ Հոգու ուրախությունն է, որ ուղեկցում է բոլորին, որոնք մշտապես հիշում են Աստծուն: Եկեք աղոթենք, որպեսզի բոլորս՝ ահել, թե ջահել, կարողանանք ուրախանալ այն անանց ուրախությամբ, որն Աստծու մասին հիշողությունն է ծնում:
Եվ բոլոր նրանց, ովքեր հիշում են Աստծուն, Աստված նույնպես հիշում է, ինչպես որ չի ճանաչում նրանց, ովքեր իրենց կյանքն ապրել են՝ առանց Նրան հիշելու: Սարսափելի է քրիստոնյա լինել, բայց չհիշել Աստծու մասին և ժամանակների ավարտին Քրիստոսից լսել. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ» (Ղուկ. 13:27): Գործք Առաքելոցում կարդում ենք, թե ինչպես հրեշտակը Կոռնելիոսին ասաց. «Քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ» (10:31): Այսպիսով, Կոռնելիոսն ամեն օր հիշում էր Աստծուն իր աղոթքներում և այդ պատճառով Աստված նույնպես հիշում էր նրան: Նա Պետրոս առաքյալին ուղարկեց՝ Կոռնելիոսին և նրա ընտանիքին մկրտելու, և նրանց Իր Եկեղեցու անդամները դարձրեց:
Ծայրագույն վարդապետ Աթանասիոս (Միտիլինեոս)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը