Աստծուն փառաբանելու լավագույն ուղին

Աստծու կողմից արարված յուրաքանչյուր անձ անկրկնելի է և այս աշխարհում որևէ առաքելություն ունի կատարելու: Կյանքի պարգևի դիմաց մարդը նախ և առաջ կոչված է փառաբանելու Աստծուն և փառաբանելու ոչ միայն խոսքով, այլ նաև զոհողությամբ՝ բարի գործերով: Մարդը կոչված է իր հնարավորության չափով իր ծառայությունը բերելու իր մերձավորին: «Մենք՝ հավատի մեջ ուժեղ եղողներս, պետք է համբերությամբ տանենք թույլերի տկարությունները և միայն մեր մասին չմտածենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հետաքրքրվի իր շուրջ եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար» (Հռոմ. 15:1-3):

Կյանքի պարգևը գործածել հանուն մերձավորի՝ լավագույն փառաբանությունն է Աստծուն կյանքի պարգևի դիմաց: Տիրոջը փառաբանելու այս ուղին է ընտրել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Համավարակի այս օրերին նա իր հերթական աջակցությունը ցուցաբերեց՝ Հայաստան ուղարկելով վաթսուն անհպում ջերմաչափ, որոնցից քառասունհինգը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը փոխանցեց հասարակական կազմակերպություններին, ուսումնական ու վերականգնողական հաստատություններին և մանկական բուժհիմնարկներին:

«Քրիստոնեությունը մարդուն կոչում է սրբության, որին հասնելու համար անհրաժեշտ չեն գերբնական ուժեր, այլ պարզ ու մաքուր հավատ է պետք, գործերով ապացուցված հավատ: Սեր է պետք, որ չի սահմանափակվում միայն գեղեցիկ խոսքերով, այլ այդ խոսքերը գործողությամբ է ապացուցում և գործերով կնքում: Մենք չենք ընտրել մեր ազգությունը, ծննդավայրը կամ ծնողներին, բայց եթե Աստծու սուրբ կամոք ծնվել ենք, նշանակում է կարող ենք Նրա կոչին հետևել հենց այն վիճակում, որում գտնվում ենք»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

 

24.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․