12 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոնյայի համար յուրաքանչյուր օր, առավել ևս Տերունի օրը, պարգև է իր Արարչից: Քրիստոնյան հոգևոր մեծ ուրախություն է ապրում, երբ Աստծու պարգևած օրն ապրում է Աստծու ներկայությամբ՝ իմաստավորելով այն աղոթքով, պահքով և բարի գործերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 3-ին, որ ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ Մեծ պահքի Տնտեսի կիրակին էր, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Սուրբ Նշան վանք (7-րդ դար):
Մինչև ուխտի ճանապարհ անցնելը, «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Պատարագի: Ուխտի ճանապարհին երիտասարդներն անդրադարձան օրվա խորհրդին և զրուցեցին քրիստոնյայի կոչման ու առաքելության և աստվածատուր շնորհներն ի փառս Աստծու գործածելու մասին: Երիտասարդներն այն եզրակացության եկան, որ մարդու կոչումն է լինել այնպիսին, որ նրան նայելիս նրա մեջ տեսնեն Աստծու պատկերն ու նմանությունը:
Հասնելով վաղ միջնադարյան սրբավայր՝ երիտասարդները, վանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Տերտերյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին և հայցեցին Տիրոջը, որ Իր փրկարար Խաչով և սրբերի բարեխոսությամբ պահապան ու ապավեն լինի Հայոց աշխարհին, եկեղեցուն և բանակին: Տեր Հայրը օրհնեց երիտասարդներին և մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը: Հնագույն սրբավայրում ուխտավորները նաև սաղմոսներ ընթերցեցին, «Տեր ողորմեա»-ն և այլ շարականներ երգեցին: Այնուհետև վանքի սպասավոր Կարեն ուրարակիր Համբարձումյանը երիտասարդ ուխտավորներին ներկայացրեց վանքի բազմադարյան պատմությունը: «Զորավոր» երիտասարդաց միությունն իր աղոթքի ուղին եզրափակեց սիրո ճաշով և հոգեպես նորոգված ու զորացած վերադարձավ Երևան:
«Եթե կամենում ես աղոթել, հավատա՛, որ Աստված կատարում է ուխտավորի ուխտը, և ասա՛ Նրան. «Սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայությո՛ւնը թող գա» (Մատթ. 6:9-10), այսինքն՝ թող գա Սուրբ Հոգիդ և Միածին Որդիդ, որ հոգով և ճշմարտությամբ (Հովհ. 4:24) սրբեն մեզ»,- ասել է եկեղեցու հայրերից սբ. Նեղոս Սինայեցին:
Կարինե Սուգիկյան