Գրքեր

Աստված ողորմի աշխարհն ու անձրև ուղարկի մեզ

Որքա՜ն իմաստություն կա Աստծո գործերի մեջ: Ձյունը հալվում է՝ աղբյուրները լցվում են: Բայց այժմ(1) ո՛չ ձյուն կա, ո՛չ՝ անձրև: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Մարդիկ ի՞նչ են խմելու: Աստված ողորմի աշխարհը, գթա մեզ ու անձրև ուղարկի: Քանի որ, եթե երաշտը շարունակվի՝ ծառերի տերևներն էլ կչորանան: Ձիթենիների վրա ոչ միայն կանաչ պտուղ, այլև կանաչ տերև էլ չի երևա: Մարդն ինչ էլ, որ ցանի, եթե Աստված վերևից սուրբ ջրով, այսինքն անձրևով չցողի՝ ողջ ցանքսը կչորանա: Անձրևը սուրբ ջուր է:

Ջրի առատությանը սովոր մարդիկ ի՞նչ պիտի անեն դրա պակասի դեպքում: Մեղքերի պատճառով է, որ Աստված ջուր չի տալիս, բայց եթե նույնիսկ ուղղակի մարդկային տեսանկյունից էլ նայես, ապա ջուրն ինչպե՞ս պետք է բավականացնի, եթե մարդիկ այն այդպես վատնում են: Պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու քաղաքներում: Միայն զուգարանակոնքի համար որքա՜ն ջուր է ծախսվում: Քաղաքները միկրոբներով կլցվեն, խոլերա կսկսվի: Մարդիկ կմահանան, կմնան առանց թաղվելու ու ախտահանելու համար դիակների վրա ինչ-որ փոշի կցանեն: Սակայն, բարեբախտաբար, Աստված դեռ լիովին չի թողել մեր աշխարհն ու հոգ է տանում դրա մասին:

Վերջին ժամանակներում ենք ապրում: Ձեր կարծիքով տարեցտարի կրկնվող այս երաշտներն ի՞նչ են նշանակում: Մի՞թե առաջ նման երաշտներ էին լինում: Այստեղ էլ՝ Խալկիդիկիում, գետը չորացել է, ձկները սատկել են ու ողջ շրջակայքը գարշահոտությամբ լցրել: Սալոնիկիում էլ է ջրի հարցը շատ լուրջ: Մարաթոնյան լճում(2) ջրի մակարդակը շատ է իջել և արդեն կղզյակներ են երևում: Պինեոսի(3) ջրի մակարդակն էլ է իջել: Առաջ գոնե մի քիչ ջուր կար Էվրոսում(4), բայց հոսանքի վերևի մասում բուլղարացիներն ամբարտակ կառուցեցին ու դրա ջուրն էլ ցամաքեց: Եթե ինչ-որ իրարանցում սկսվի, ապա տանկերը հեշտությամբ կանցնեն դրա միջով: Եթե այս տարի էլ Կիպրոսում անձրև չգա, ապա այնտեղ էլ ջրի հարցը շատ կսրվի: Եվ մի՞թե միայն այս հարցն է: Դեռ այնքա՜ն բան կա… Ծառերի մի մասը չորանում է, մյուսը՝ հիվանդանում… Մարդի՛կ են հիվանդանում ու մահանում: Եթե մարդիկ չեն ապաշխարում, ապա ի՞նչ անձրև պիտի գա, մի՞թե Աստված անձրև կտա: Բայց գիտե՞ք, թե որքան է ամեն ինչ փոխվում, երբ վստահում ենք Աստծուն: Կատա՞կ բան է Աստծուն որպես դաշնակից ունենալ: Աստծո համար դժվարին կացություն գոյություն չունի: Յուրաքանչյուր իրավիճակից ելք գտնելը դժվար չէ Նրա համար: Ամեն ինչ հեշտ է Աստծո համար: Նա կարիք չունի մեծ ուժ գործադրել գերբնականի համար ու փոքր՝ բնականի: Նա ամեն տեղ միևնույն ուժն է կիրառում: Միայն թե, մարդն Իրենից կառչի, ահա՛ թե որն է ամենակարևորը:

Իսկ դուք աղոթո՞ւմ եք անձրևի համար, թե այդ հարցը ձեզ չի հուզում: Այժմ վար ու ցանքի իսկական ժամանակն է: Արտերն արդեն ցանված պետք է լինեին, բայց մարդիկ նույնիսկ հերկման գործը չեն կարողանում գլուխ բերել(5): Այս երաշտն Աստծո փորձությունն է: Եվ նման փորձությունների ժամանակ աղոթելը վանականի գործն է: Չեմ թաքցնի, որ դժգոհ եմ ձեզանից: Անցյալ երաշտի ժամանակ, երբ մարդիկ ստիպված էին ցորենը խոտի տեղ հնձել, դուք ոչ մի քայլ չարեցիք աղոթքի առումով: Իսկ ինչո՞ւ: Որովհետև ինքներդ խողովակի՞ց եք բանջարանոցը ջրում: Սա վերջին անգամը լինի: Մյուս անգամ պիտի ցավեք մարդկանց համար: Երբ ինչ-որ բանի մասին եք իմանում՝ աղոթեք դրա համար: Ինձ էլ գրեք, թե ինչ է կատարվում: Քննություն պիտի հանձնեք: Եթե լավ հանձնեք, այսինքն անձրև գա, ապա ես ձեզ ինձ գործընկեր կդարձնեմ աղոթքի հարցում: Իսկ Աստծո նախախնամության տվածն էլ միմյանց միջև կբաժանենք:

Թեկուզ նույնիսկ անձրև չգա՝ ես փառաբանում եմ Աստծուն՝ Նրա ուղարկածի համար, երբ անձրևի համար աղոթելիս տեսնում եմ, որ մի ամպիկ է հայտնվում երկնքում: Իսկ խիղճս ինձ է հանդիմանում այն հոգևոր ամպերի համար, որ ունեմ, և որոնք հեռացնում են Աստծո ամպերը: Եթե խոնարհությամբ Աստծո ողորմությունը խնդրենք՝ Աստված կօգնի: Խոնարհ մարդու աղոթքն անձրևաբեր ամպեր է հավաքում երաշտի ժամանակ: Միշտ աղոթենք, որ Աստծո ուղարկած անձրևը հոգևոր ներգործությամբ էլ օժտված լինի, որպեսզի մարի այն հոգևոր հրդեհը, որ սատանայական չարության պատճառով մոլեգնում է աշխարհում ու այրում մարդկանց հոգիները:

Ուրախացա՝ լսելով, որ ոմանք ասում են. «Մենք արժանի չենք, բայց Աստված կրկին խղճաց մեզ ու մի քիչ անձրև ու ձյուն ուղարկեց»: Աստված շատ ավելի կտա, եթե նման խոնարհ մտքեր ունենանք: Համենայն դեպս սեփական անարժանության ընդունումն արդեն իսկ ապաշխարություն է: Բարեբախտաբար դեռ թթխմոր է մնացել: Խնդրեք Աստծուն, որ պտուտակահանը վերցնի ու մարդկանց գլուխների պտուտակները ձգի: Տեսնում եմ, որ բարձր պաշտոնյաներից ոմանք հակված են դեպ բարին: Նրանք հասկանում են, թե ուր ենք գնում:

 

1) Արտասանվել է 1990թ. նոյեմբերին, ուժեղ երաշտի ժամանակ:

2) Լիճ Հունաստանի հարավ-արևմտյան հատվածում, Աթենքը ջրով մատակարարելու աղբյուրը:

3) Գետ Թեսալիայում:

4) Գետ Հունաստանի հյուսիսում (Բուլղարիայում Մարիցա է կոչվում):

5) Հողի չափազանց չորության պատճառով:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․