25 Նոյեմբեր, Բշ
Մարդիկ հաճախ են խոսում հնարավորությունների մասին. հնարավորություններ կրթություն ձեռք բերելու, մասնագիտության մեջ աճելու, ընտանիք կազմելու, մի շարք նպատակներ իրականացնելու համար: Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են հնարավորություններ, որը կարծես մշտական մի ընթացք է: Աշխարհի Արարիչն արարչագործության պսակին՝ մարդուն, դեռևս դրախտից մի շարք հնարավորություններ ընձեռեց: Թեև մարդկության նախածնողները, գայթակղվելով, անտեսեցին այդ հնարավորություններից կարևորագույնը, ինչի հետևանքով արտաքսվեցին դրախտից և մահկանացու դարձան, բայց Արարչի սերը փրկության նոր հնարավորություն ընձեռեց նրանց և ողջ մարդկությանը. Նա Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի, ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:16): Ցավալիորեն, մարդիկ երբեմն չեն նկատում այդ հնարավորությունը, կամ նկատում են, բայց չեն կարևորում:
Աստված մարդուն ազատ կամք է շնորհել, և մարդն ինքը պետք է ցանկանա օգտվել դեպի կատարելություն տանող բոլոր հնարավորություններից: Աստված պատրաստ է օգնելու Իր արարածներին, բայց ոչ նրանց փոխարեն գործելու: Մարդն իր ազատ կամքով կարող է ոչնչացնել կամ տնկել, մահապատժի ենթարկել կամ ողորմել, լինել Աստծու կամ չարի զավակ: Աստվածապարգև ազատությունը մի հզոր միջոց է՝ արարելու կամ ոչնչացնելու: Մարդուց է կախված, թե նա Աստծու կողմից շնորհված հնարավորությունները ի բարի՞ն, թե՞ ի չարս կգործածի: Արարչագործության պսակը համարվող մարդը կարող է հասնել ինչպես չարագործության, այնպես էլ արդարության բարձունքին: Նախածնողների՝ Աստծու պատվիրանի հանդեպ անհնազանդությունն ու դրա հետևանքը կարևոր օրինակ է, որ առանց Աստծու հանդեպ հնազանդության և մեղքերի թողության հնարավոր չէ մուտք գործել Երկնային Արքայություն:
Հաճախ մարդը չի արժևորում աստվածապարգև իր կյանքը և թե ինչ կարող է ձեռք բերել՝ Աստծու կամքի համաձայն ապրելով: Արդյունքում, իր կյանքը «նվիրելով» կուռքերին և հաճույքներին, չի ստանում պատշաճը, ինչի հետևանքով կորցնում է ամենակարևորը՝ հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը: Աստծու խոսքը զգուշացնում է՝ ասելով, որ Աստծուց հեռու ճանապարհը թեև լայն է և դյուրին, բայց դրա ավարտը տխուր է և կործանարար (Մատթ. 7:13-15): Այդ ճանապարհով ընթացողը կարծում է, որ լիարժեք ազատ է, երբ գործում է այն, ինչ կամենում է: Իսկ արդարության ուղին թեև դժվարին է, բայց դեպի կյանք է առաջնորդում, նրանով ընթացողներն առաջնորդվում են աստվածային պատվիրաններով, որոնցով իրենց աստվածահաճո ցանկություններն են կյանքի կոչում: Վերջիններս լիարժեք ազատ են, քանի որ ջանում են մեղքերի գերին չդառնալ:
Ունեցած հնարավորությունների մասին իմացությունը թույլ է տալիս մարդուն իր կյանքը կառուցել գիտակցաբար ու խելամիտ: Հետևյալ պատմությունը ցույց է տալիս, թե ինչ բարի պտուղ կարող է տալ, երբ մարդն ի բարին է գործածում իրեն ընձեռված հնարավորությունը: Մի անգամ մի երիտասարդ անցորդների մեջ ճանաչեց տարրական դասարանի իր ուսուցչին: Նա շրջվեց դեպի ծերունին և հարցրեց. «Դուք ինձ չե՞ք հիշում: Ես ձեր աշակերտն եմ եղել»: «Այո, հիշեցի քեզ, ինչո՞վ ես հիմա զբաղվում»,- հարցրեց ծերունին: Երիտասարդը պատասխանեց, որ ինքը դասավանդում է: Իսկ ծերունու այն հարցին, թե ինչը նպաստեց, որ նա ընտրի մանկավարժությունը, երիտասարդ մանկավարժը պատասխանեց. «Ոչ թե ինչը, այլ ով: Դուք այնպիսի ազդեցություն թողեցիք ինձ վրա, որ ես ցանկացա մանկավարժ դառնալ: Դուք, իրապես, չե՞ք հիշում: Մի օր իմ դասընկերը դասարան մտավ՝ գեղեցիկ ժամացույցը ձեռքին, որ նրան նվիրել էին իր ծնողները: Նա այն հանեց և դրեց իր դպրոցական սեղանի դարակում: Ես միշտ երազել էի այդպիսի ժամացույց ունենալ, չկարողացա ինձ զսպել և որոշեցի այն վերցնել: Շուտով այդ տղան ձեզ մոտեցավ արցունքն աչքերին և պատմեց գողության մասին: Դուք խնդրեցիք, որ նա, ով վերցրել է ժամացույցը, ետ վերադարձնի: Ես շատ ամաչեցի, բայց չցանկացա բաժանվել ժամացույցից, այդ պատճառով չխոստովանեցի: Այնուհետև դասասենյակի դուռը փակեցիք և կարգադրեցիք, որ բոլորը կանգնեն պատի երկարությամբ՝ նախազգուշացնելով, որ ստուգելու եք բոլորի գրպանները մի պայմանով, որպեսզի բոլորը փակեն իրենց աչքերը: Մենք հնազանդվեցինք և ես զգացի, որ դա իմ կարճ կյանքի ամենաամոթալի պահն է: Դուք մի աշակերտից անցնում էիք մյուսին, մի գրպանից մյուսը, երբ իմ գրպանից հանեցիք ժամացույցը, շարունակեցիք ստուգել բոլորին՝ մինչև վերջին աշակերտը: Այնուհետև ասացիք. «Երեխաներ, ամեն ինչ կարգին է, կարող եք բացել ձեր աչքերը և վերադառնալ ձեր տեղերը»: Դուք վերադարձրիք ժամացույցն իր տիրոջը և ոչ մի խոսք չասացիք այդ միջադեպի հետ կապված: Դուք այդ օրը փրկեցիք իմ պատիվն ու հոգին, չարատավորեցիք ինձ՝ որպես գող, ստախոս և անպետք երեխա: Անգամ ինձ հետ չխոսեցիք դրա մասին, ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչու, քանի որ որպես ճշմարիտ ուսուցիչ, չցանկացաք արատավորել դեռ չձևավորված աշակերտի պատիվը: Այդ պատճառով ես դարձա մանկավարժ»: Պատմության ազդեցության տակ երկուսն էլ լռեցին: Այնուհետև երիտասարդ ուսուցիչը հարցրեց՝ մի՞թե այս միջադեպը ձեզ չհիշեցրեց իմ անունը: Ծեր ուսուցիչը պատասխանեց՝ բանն այն է, որ ես նույնպես փակ աչքերով էի ստուգում ձեր գրպանները…»
Եթե մանկավարժի կողմից ընձեռված հնարավորությունն ամբողջովին փոխեց աշակերտի կյանքը, ապա որքան հիմնային փոփոխություններ կարող է ունենալ մարդը, եթե գործածի Աստծու կողմից իրեն շնորհված հնարավորությունները, որ ուղղված են իր փրկությանը: Անչափ կարևոր է նկատել Տիրոջ ընձեռած հնարավորությունները, գործածել և նպաստել, որ մեր շուրջը գտնվողները ևս նկատեն ու գործածեն: «Աստված միշտ էլ առիթ է տալիս, որ նրանք հետ դառնան իրենց սխալից ու ճանաչեն ճշմարտությունը» (Բ Տիմոթ. 2:25):
Մարդու ձեռքում է իր սեփական կյանքը, իր ներկան և ամենակարևորը՝ իր հավիտենական ապագան: Նա է ընտրում, թե ինչպես ապրի և նա է իր ընտրությունների հետևանքների պատասխանատուն: Քրիստոս բռնի ուժով չի գրավում մարդկանց սրտերը: «Աստված քեզ ստեղծեց առանց քո կամքի, բայց առանց քո կամքի քեզ չի փրկի»,- ասել է Օգոստինոս Երանելին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը