Գրքեր

Աստվածահաճո, հոգևոր տրտմության փրկաբեր նշանակության և աշխարհի կորստաբեր տրտմության կործանարար հետևանքների մասին

Աստվածապարգև մարդ էակի կյանքում լինում են ճգնաժամային, հուսահատության պահեր, երբ փորձությունների ու դժվարությունների բովում մարդը հայտնվում է խոր տրտմության, հուսահատության ու տագնապի մեջ: Տրտմությունն ու հուսահատությունը մեծագույն մեղքեր են համարվում. ներքուստ կրծելով մարդու սիրտը՝ նրան կորստյան են մատնում: «Ինչպես ցեցը վնասում է հագուստին, և որդը՝ փայտին, այնպես էլ տրտմությունն է վնասակար մարդու սրտին»,- ասվում է Առակաց գրքում (Առակ. 25:20): Կյանքում ինչ-ինչ  փորձություններ, դժվարություններ և նեղություններ կրած մարդը, ով չի ապավինում Աստծուն, չի հուսում և հավատում Նրան իր կյանքի դժվարին օրերին, ակամա հայտնվում է տրտմության մեջ՝ կորցնելով կենսուրախությունը, հույսն առ Աստված: Սուրբ Գիրքը փաստում է, որ «աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10), քանի որ տրտմությունը խոտորում է մարդուն աստվածային տեսությունից՝ դատապարտելով հոգևոր մահվան: Մինչդեռ չկա մի դժվարություն, փորձություն, որն Աստծու օգնությամբ մարդը չկարողանա հաղթահարել: Չկա մի մեղք, որն անկեղծ խոստովանության և ապաշխարության դեպքում Աստված թողության չարժանացնի: Հայրերն ասում են, որ մեր ամենասոսկալի մեղքն իսկ` որպես փոշեհատիկ, կորչում է Աստծու սիրո օվկիանոսում, եթե սրտանց զղջում ու վստահությամբ դիմում ենք Աստծուն: Ուրեմն կյանքում չկա մի իրավիճակ, որից ելք չլինի, որովհետև Տեր Աստված փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս մեզ, որպեսզի կարողանանք համբերել (տե՛ս Ա Կորնթ. 10:13): Ճշմարիտ աստվածճանաչողություն ունեցող քրիստոնյայի համար ավելի դյուրին է տրտմության դեմ պայքարելը, քանի որ նա գիտակցում է, որ նեղություններն ու դժվարությունները քրիստոնյայի կյանքի անբաժան ուղեկիցներն են, որոնց դեմ պետք է պայքարել զորեղ հավատով և համբերությամբ: Ավելին. Սբ Գիրքն ուսուցանում է բոլոր դժվարությունների մեջ լցված լինել ուրախությամբ և գոհանալ Աստծուց ամեն ժամ՝ ամեն ինչի համար (տե՛ս Եփես. 5:20): Սբ. Պողոս  առաքյալն իր իսկ օրինակով է ուսուցանում՝ ասելով. «Ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլ. 4:11): Նաև՝ «Մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ...» (Բ Կորնթ. 7:4): Նա պատմում է առաքելական պաշտոնի տառապանքի մասին, գանակոծությունների, քարկոծումների և սաստիկ նեղությունների մասին, որոնք կրում էր անտրտունջ, քաջությամբ և ուրախությամբ՝ որպես Քրիստոսի քաջարի զինվոր և կենդանի նահատակ (տե՛ս Բ Կորնթ. 11:16-33): Եվ այսպես բոլոր սրբերն ու մարտիրոսներն իրենց հավատի Զորագլխի՝ Հիսուս Քրիստոսի օրինակով հաղթեցին նենգ թշնամուն՝ խնդությամբ և զվարթությամբ գնալով նահատակության: Այդ խնդությունն ու զվարթությունը՝ հոգևոր ուրախությունը, որևէ ընդհանրություն չունի ժամանակավոր, անցողիկ ուրախության հետ, որը միաժամանակ կարող է պարուրել մարդուն, իսկ կորստի դեպքում՝ ցավ ու դառնություն պարգևել: «Աշխարհում չկա որևէ ուրախություն, որ կարողանա անմասն լինել տրտմությունից» (Պողոս Ադրիանուպոլսեցի): Իսկ հոգևոր ուրախությունը, որի մասին խոսում է Սբ Գիրքը, վերերկրային է և անսահման տարբեր՝ սովորական երկրային զվարթությունից:

Այն անբաղդատելիորեն  բարձր է ցանկացած աշխարհիկ ուրախությունից ու վայելքից: Այն արգասիքն է աստվածահաճո, փրկաբեր տրտմության, որի մասին առաքյալը գրում է. «Տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում...»: Առաքյալը պատգամում է ապաշխարությա՛ն համար տրտմել, այսինքն՝ տրտմել մեր գործած մեղքերի, սխալների համար, սրտի ցավով ու կսկիծով ապաշխարել դրանց համար, ջերմեռանդորեն, անկեղծ սրտով և արտասվախառն աղոթել՝ հայցելով ողորմած Աստծուց քավություն և թողություն մեր մեղքերին: Հոգևոր բերկրանք և մխիթարություն է ապրում ի խորոց սրտի դարձ և ապաշխարություն ապրած մարդը, ով մերկանալով հին մարդուց՝ մեղքից և մեղանչական կենցաղից, հագնում է նոր մարդը, այսինքն՝ Քրիստոսով նոր կյանք է սկսում՝ ճաշակելով աստվածհայտնության քաղցրությունը (տե՛ս Եփես. 4:22-24): Ահա այս փրկաբեր տրտմությունն է, որ առաջ է բերում հոգևոր անճառելի խնդություն և բերկրանք, մարդուն համակում է ներված լինելու զգացումը: Այս երանական պահի ուրախության հետ աշխարհի ոչ մի ուրախություն չի կարող համեմատվել: Եվ որքան մեծ են զղջումն ու սեփական անձի անարժանության զգացումը, այնքան մեծ են լինում զղջման տրտմությանը զարմանալիորեն ընդխառնված հոգևոր անճառելի ուրախությունն ու խնդությունը: Ահա թե ինչու հայրերը պատգամում են նաև այդ զղջական տրտմությունն այլևս չկորցնել, հարատևել դրանում: Ա՛յս է ուրախությունը, որին զղջում բնավ չի տիրում, և տրտմությունը, որ անպատմելի ցնծություն է բխեցնում: Այս ուրախության մասին է խոսում առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլ. 4:4), որին զուգորդվում են նաև մարմնավոր խաղաղությունն ու խնդությունը՝ քրիստոնյային պահելով ներդաշնակ, հավասարակշիռ վիճակում: Ուրեմն եթե «աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում՚, ապա ՙտրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար...»: Ահա տարբերությունն աշխարհի կորստաբեր տրտմության և աստվածահաճո, հոգևոր փրկաբեր տրտմության միջև, որը քրիստոնյային մշտարթուն և զգոն վիճակում է պահում: Ահա թե ինչու Քրիստոսով նոր կյանք սկսած և հոգևոր ուրախության քաղցրությունն ապրած մարդը հնարավորինս զերծ է մնում կորստաբեր տրտմությունից և հուսահատությունից՝ կարողանալով դաժան կյանքի ամենաողբերգական պահերին անգամ ժպտալ, ժպտալ դժվարությունների և նեղությունների մեջ, փորձության բովում՝ երբեք չկորցնելով հոգու աստվածային խաղաղությունն ու ուրախությունը, որն ըստ Տիրոջ անսուտ խոստման՝ ոչ ոք մեզնից չպիտի խլի. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22):

Ուրեմն չտրտմենք աշխարհի պես-պես ձախորդություններից ու ընկճվելով հուսալքվենք, այլ խնդամիտ բերկրանքով հրճվենք ու զորանանք հոգով, վշտակից լինենք Քրիստոս Հիսուսի տառապանքներին՝ որպես Նրա բարի զինվորները (հմմտ. Բ Տիմ. 2:3), որովհետև աներկբա հույս ունենք Տիրոջից ստանալու մեր տառապանքների ու չարչարանքների վարձը հավիտենական կյանքում:

 

Անժելա Խաչատրյան   

29.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․