Աստվածամոր վերափոխման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Քրիստոնյաներիս համար սիրված տոներից մեկն է, որ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան, Հարության, Պայծառակերպության տոների հետ միասին կրկին անգամ փրկության և հավիտենական կյանքի ավետիսն է բերում բոլորիս:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, արարողության ավարտին Տեր Հայրը կատարեց խաղողօրհնեքի արարողություն, ապա արարողության մասնակիցներին բաշխվեց օրհնված խաղողի ողկույզներ: Այնուհետև ներկաները եկեղեցու բակում մասնակից դարձան տոնին նվիրված ազգային տոնախմբությանը՝ կազմակերպված Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ: Ելույթ ունեցավ «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը, որի կատարմամբ տոնախմբության մասնակիցները դիտեցին Աստվածամոր տոնին նվիրված «Աստվածածնա պար»-ը և այլ պարերգեր: Ապա ներկաները, միանալով «Գյովնդ» շուրջպարին, դարձան տոնախմբության անմիջական մասնակիցները: Ազգային երգ ու պարով համեմված տոնախմբության ավարտին խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ: «Ս. Կույսի տոնը սիրելի տոն է մեզ համար, քանի որ Տիրամոր բարեխոսությանը դիմում ենք այն հավատքով և վստահությամբ, ինչպես կդիմեինք մեր մայրերին, վստահաբար, այն գիտակցումն ունենալով, որ Տիրամայրը միշտ ունկնդիր է մեր խնդրանքներին և բարեխոս իր միածին Որդու առջև: Թող Տիրամոր բարեխոսությամբ Տերը պահպանի բոլորին իրենց ընտանիքների հետ միասին»,- ասաց Տեր Հայրը և իր շնորհակալությունը հայտնեց տոնախմբության կազմակերպչին՝ Կենտրոն վարչական շրջանին, որ եկեղեցական տոնին ազգայինը միախառնելով, ներկաներին հաղորդ դարձրեց ազգային արժեքներին:

Տոնախմբության մասնակիցներին պարուրել էր հոգևոր ուրախությունը, քանի որ Ս. Գրիգոր Տաթևացու խոսքի համաձայն. «Այսօր Աստվածածինը վերափոխվեց՝ մշտապես կենդանի մնալով, քանզի ճաշակեց անմահության բաժակը և մշտապես մեզ համար բարեխոս է իր միածին Որդու մոտ»:

 

 

Կարինե Սուգիկյան

13.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․