22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ադամը հողեղեն արարած էր: Աստվածաշունչը փաստում է, որ երկրի վրա մարդու գոյության պատճառը ոչ թե Մեծ պայթյունը (Big Bang) կամ Դարվինի տեսությունն է, այլ՝ Աստված: Աստված երկրի հողից ստեղծեց մարդուն՝ Ադամին. «Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին՝ քթում կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ՝ հոգի կենդանի» (Ծննդ. 2:7): Այդ հողեղեն արարածը՝ Ադամը, իր մեջ ուներ մարդկային հոգի, որ պատկանում է Երկնքին և ոչ երկրին:
Ադամը ստեղծվեց Աստծո պատկերով և նմանությամբ: Ադամը չստեղծվեց անասունների նման, այլ ստեղծվեց Աստծո պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության» (Ծննդ. 1:26): Աստծո պատկեր և նմանություն հասկացությունը բացատրվում է, որ Աստված մարդուն շնորհեց որոշ չափի՝ ոչ անսահման բանականություն, իմաստություն, կամք, ազատ կամեցողություն, արդարություն, սրբություն, իշխանություն, ուժ, կատարելություն, ճանաչողություն, գեղեցկություն:
Մարդը զարգացած անասուն չէ, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, որովհետև անասունները չեն ճանաչում, սիրում և պաշտում Աստծուն, չունեն անմահ հոգի, չունեն հավիտենական կյանքի ձգտում, մինչդեռ մարդն ունի այդ բոլորը:
Ադամը անվանեց անասուններին: Աստված, երբ ստեղծեց բոլոր գազաններին, թռչուններին, դրանց բերեց Ադամի մոտ, որպեսզի նա անուններ դնի դրանց. «Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու» (Ծննդ. 2:19):
Նախ Ադամն ուսումնասիրեց անասուններին, այսինքն՝ իմացավ, որ անասունների սեռը երկուսն են՝ արու և էգ, ընտանիքների տեսակները, բնազդը, չափերը, շարժման արագությունը, և վերջում անվանեց՝ անուն տվեց անասուններին:
Ադամը չգտավ իրեն նման օգնական: Ադամը անուններ տվեց բոլոր անասուններին, բայց չգտավ այդ բոլոր անասունների մեջ իրեն հարմար օգնական՝ մարդ. «Բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց» (Ծննդ. 2:20): Ադամը գիտակցեց, որ ինքը տարբեր է բոլոր անասուններից, գերադաս է նրանցից:
Ադամը վկայեց իր կնոջ մասին: Երբ Ադամը թմրությունից՝ անզգայացումից՝ խոր քնից դուրս եկավ՝ արթնացավ․ «Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց․...» (Ծնդն. 2:21, Նոր Արարատ թարգմանություն), իմացավ Արարչից, թե ինչպես Նա արարեց կնոջը․ «Ապա (Աստված) հանեց նրա (Ադամի) կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց» (Ծննդ. 2:21-22), և վկայեց, որ իր կինը իր կողակիցն է, օգնականն է՝ ասելով. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց» (Ծննդ. 2:23):
Ադամը մեղանչեց և թաքնվեց Աստծուց: Վախը մեղքի հետևանքն է: Ադամը՝ 1. մեղանչեց, երբ Դրախտում բարու ու չարի գիտության ծառի՝ իր կնոջ՝ Եվայի կողմից հրամցված պտուղից կերավ . «Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան: Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են» (Ծննդ. 3:6-7), 2. վախեցավ, երբ երեկոյան լսեց Աստծու քայլելու ձայնը, 3. Թաքնվեց դրախտի ծառերի մեջ. «Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ» (Ծննդ. 3:8):
Ադամը փորձեց արդարացնել իրեն: Աստված հարց տվեց դրախտի ծառերի մեջ թաքնված մերկ Ադամին՝ ասելով. «Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել» (Ծննդ. 3:11): Ադամը փորձեց մի կողմից՝ ինքնաարդարանալ և մյուս կողմից՝ մեղադրանքը գցել իր կնոջ և Աստծու վրա՝ ասելով. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա» (Ծննդ. 3:12):
Ադամը չարդարացավ Տիրոջ առջև, այլ ընդհակառակը, նա դատապարտվեց՝ 1. տանջանքով ստանալու երկրի բերքը, 2. վաստակելու վայրի բանջար, 3. երեսի քրտինքով ուտելու իր հացը, 4. հող դառնալու. «Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա (երկրի) բերքը, փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ. 3:17-19):
Ադամը վտարվեց Եդեմի պարտեզից: Երբ Ադամը և իր կինը՝ Եվան, անհնազանդ գտնվեցին Տիրոջ պատվիրանին՝ մեղանչեցին, Աստված նրանց վտարեց Դրախտից․ «Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3:23-24):
Ադամը բազմազավակ հայր դարձավ: Ոմանք մինչև օրս կարծում են, թե Ադամն ուներ միայն երեք զավակ, Կայեն, Աբել և Սեթ: Սակայն Ծննդոց գրքի հինգերորդ գլխի 1-5 համարները ցույց են տալիս, որ Ադամն ապրեց երկար կյանք՝ 930 տարի, և ունեցավ շատ զավակներ՝ տղաներ և աղջիկներ․ «Այս է Ադամի սերունդների գիրքը։ ...․Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ» (Ծննդ. 5:1-5, Նոր Արարատ թարգմանություն):
Դասեր: Մեր նախահոր՝ Ադամի կյանքից քաղում ենք հետևյալ հոգեմտավոր դասերը՝ 1. միշտ վերհիշենք, միշտ մեր մտքում ունենանք, որ մենք հողեղեն արարածներ ենք, ինչքան էլ երկար և առողջ ապրենք, գալու է այն օրը, երբ մեր մարմինը պիտի իջնի խավար գերեզմանի մեջ և պիտի վերադառնանք հողին, 2. աշխատենք և պայքարենք մաքուր պահել մեր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը, 3. արժևորենք կնոջ տեղն ու դերը մեր կյանքում, ընդունենք, որ նա ստեղծվեց Արարչի կողմից, որպեսզի տղամարդուն լինի օգնական, կողակից, 4. երբ մեղանչենք, չփորձենք փախչել Աստծուց, որովհետև Նա ամենուրեք է. «Ո՞ւր գնամ ես քո շնչից, կամ քո երեսից ես ո՞ւր փախչեմ։ Եթե ելնեմ երկինք, դու այնտեղ ես, եթե իջնեմ դժոխք, դարձյալ մոտ ես դու։ Եթե առավոտյան թևեր առնեմ և բնակվեմ ծովի եզերքում, սակայն այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և քո աջն ինձ կընդունի» (Սաղ. 138:7-10), 5. ինքներս մեզ չինքնաարդարացնենք, մեր մեղքը և հանցանքը չփորձենք գցել մարդկանց վրա, այլ հաստատ որոշմամբ, մեղավոր կնոջ նման գնանք Նոր ուխտի քահանայապետի՝ Քրիստոսի մոտ, լաց լինենք, ծնկաչոք խոստովանենք մեր մեղքերն ու հանցանքները Աստծո փոխանորդին՝ քահանային, ներկա լինենք Սուրբ և Անմահ Պատարագին, այն Սուրբ Խորհուրդին, որ հաստատվեց Քրիստոսի կողմից Ավագ հինգշաբթի օրը, և ավարտին հաղորդվենք Քրիստոսի սուրբ Մարմնով և Արյամբ, 6. վկայենք, որ յուրաքանչյուր զավակ մեծ պարգև է Պարգևատուի՝ Աստծո կողմից:
ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ վասն վեցերորդի աւուր արարչութեանն, եւ վասն վեցերորդի դարուն, եւ ի խաչելութիւնն Քրիստոսի.
«Չհանդուրժեալ բնութեամբ բարւոյն,
Ունել միայն զանճառ բարին,
Այլ ստեղծեալ զմարդ յիւր պատկերին
Ի վեցերորդն առաւօտին,
Եւ ի յերրորդ ժամ զկողածինն՝
Ի յօգնութիւն ետ հողածնին,
Զորս ի դրախտին եդ վայելել,
Բայց ի պտղոյն մահու արգել:
Պապանձեալ առ դատողին
Յետ յանցանաց Ադամն հին,
Զկինն պատճառ եդեալ խաբմանն
Եւ կինն զօձն դաւաճան,
Որով երկիրս այս անիծաւ,
Փուշ եւ տատասկ ի սմա բուսաւ,
Վճիռ մահու մարդոյն տուաւ
Դառնալ ի հող, ուստի ստեղծաւ...»:
(Առաւօտեան ժամերգութիւն)
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր