Նոյն առաքինություններով զարդարված անձ էր: Աստվածաշունչը վկայում է, որ Նոյ նահապետն արդար և կատարյալ էր. «Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ ..․. » (Ծննդ. 6:9): Նոյի արդարությունն ու կատարելությունը չպետք է մեկնաբանվի ու հասկացվի որպես բացարձակ, որովհետև միայն Աստված բացարձակ արդար ու կատարյալ է: Նոյը համեմատաբար արդար ու կատարյալ էր իր ցեղի մարդկանցից, որոնք երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով, և որոնց պատճառով երկիրը ապականվեց, լցվեց անիրավությամբ (Ծննդ. 6:11-12):
Նոյն ընտանիքի հայր էր: Նոյն ամուսնացած անձ էր, ուներ մի կին և երեք արու զավակ՝ Սեմը, Քամը և Հաբեթը, որոնցից յուրաքանչյուրը ուներ մի կին. «Նա (Նոյը) երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին (Ծննդ. 6:10): Բազմակնությունը Աստծո կամքը չէ, որովհետև սկզբից Աստված տվեց մեր նախահայր Ադամին մի կին՝ Եվային (Ծննդ. 2:18-24):
Նոյը պատգամաբեր անձ էր: Կարդում ենք Ծննդոց գրքի 6 – 7 գլուխներում, որ Ամենագետ Աստված տարբեր բնույթի պատգամներ փոխանցեց Նոյ նահապետին՝
Նոյը հնազանդ անձ էր: Գրված է Աստվածաշնչում. «Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց» (Ծննդ. 6:22): Նոյն ամբողջական հնազանդություն ցուցաբերեց Բարձրյալին, նա գործադրեց Աստծո բոլոր հրահանգներն ամենայն աշխատասիրությամբ, ճշգրտությամբ և համբերությամբ, առանց զայրույթի կամ հակաճառության:
Նոյը համբերատար անձ էր: Նոյը համբերատար անձ էր՝ 1. համբերությամբ շինեց հսկա փայտե տապանը, 2. համբերությամբ Տապանի մեջ հավաքեց իր օրհնյալ ընտանիքը, կենդանիներն ու ուտելիքները, 3. ամիսներով համբերություն ցուցաբերեց Տապանի մեջ ահավոր ջրհեղեղի ժամանակ, 4. համբերությամբ երեք անգամ արձակեց աղավնուն տեսնելու, թե արդյոք ջուրը նահանջել է երկրի վրա (Ծննդ. 8:8–12):
Նոյն աստվածապաշտ անձ էր: Կան մարդիկ, որոնք միայն փորձության ժամանակ կամ նեղության ընթացքում է, որ կմոտենան Աստծուն, իսկ երբ այդ դժվար ժամանակահատվածը անցնի, այլևս Աստված այդ նույն մարդկանց մտքում, սրտում և հոգում տեղ չունի, ինչը ցավալի երևույթ է: Նոյն այսպիսին չէր, նա ջրհեղեղից հետո զոհասեղան շինեց Բարձրյալ Աստծո համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա (Ծննդ. 8:20):
Նոյն օրհնյալ անձ էր: Ինչքա՜ն սքանչելի է, որ մարդ արարածը օրհնվի Ստեղծիչի կողմից: Աստված օրհնեց Նոյին ու նրա ընտանիքին. «Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին .․.. » (Ծննդ. 9:1):
Նոյը մսակերության արտոնությունը լսեց Ստեղծիչից: Մարդու մեղանչումից առաջ Աստված պատվիրեց մարդուն, որ ուտի բույսեր և մրգեր. «Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը» (Ծննդ. 1:29): Ջրհեղեղից հետո Աստված արտոնեց Նոյին, նրա ընտանիքին և նրանց հաջորդող սերունդներին, որ ուտեն կենդանիներ. «Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։ Սակայն միսն իր արյունով չուտեք» (Ծննդ. 9:3-4), պայմանով, որ միսն իր արյունով չուտեն:
Նոյն ուխտի նշանը տեսնող անձ էր: Աստված Նոյի, նրա ընտանիքի, գալիք սերունդների, ինչպես նաև շնչավոր բոլոր էակների հետ հաստատեց հավիտենական ուխտ: Ուխտը ցույց էր տալիս, որ այլևս երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինելու. «Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս» (Ծննդ. 9:11): Ուխտի նշանը երկնքում էր՝ ծիածանն է. «Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև» (Ծննդ. 9:13):
Նոյը հողագործ և գինեգործ անձ էր: Նոյը մշակեց ջրհեղեղի պատճառով երկրի տուժած հողը: Նա տնկեց սիրուն խաղողի այգի, պատրաստեց այդ հասուն խաղողներից համեղ գինի, անչափավոր խմեց այդ գինուց՝ հարբեց ու մերկացավ իր տան մեջ. «Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։ Նա խմեց գինուց, հարբեց ու իր տան մեջ մերկացավ» (Ծննդ. 9:20-21): Աստվածաշունչը չի քննադատում չափավոր գինի խմելը, այլ քննադատում է հարբեցողությունը: Տե՛ս «Արդյո՞ք ես գինեմոլ եմ» հոդվածը, որ հրապարակվեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կայքէջում 8 հունիսի 2022-ին:
Նոյն օրհնող և անիծող անձ էր: Երբ Նոյը սթափվեց իր հարբեցողությունից, օրհնեց իր անդրանիկ և բենիամին զավակներին՝ Սեմին և Հաբեթին, որովհետև իրենց թիկունքներին հագուստներ դնելով հետ-հետ գնացին ու ծածկեցին իր մերկությունը (Ծննդ. 9:23), մինչդեռ անիծեց իր միջնեկ տղայի՝ Քամի որդուն՝ Քանանին, որովհետև նրանք պատմեցին իր մերկությունը. «Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին», «Նոյը, սթափվելով գինովությունից, իմացավ, թե իր նկատմամբ ի՛նչ է արել կրտսեր որդին (Քանանը)» (Ծննդ. 9:22, 24)։
Նոյ նահապետի կյանքից հոգեմտավոր դասեր․
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր