Աստվածաշունչը և հարստությունը թեման հանդիսանում է ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը: Սուրբ Գրքում հանդիպում ենք բազմաթիվ առակների, որոնք վերաբերում են հարստությանը, դրա ծագմանը, բարոյականությանը և օգտագործման խնդիրներին: Շատ դեպքերում հարստությունը դիտվում է որպես Աստծո օրհնություն, բայց միևնույն ժամանակ այն կարող է լինել գայթակղություն և իրենից հոգևոր վտանգ ներկայացնել:
Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոս հաճախ անդրադառնում է հարստության թեմային՝ Իր հետևորդներին հորդորելով իմաստությամբ և արդարությամբ վերաբերվել դրան: Ավետարանում Հիսուս ասում է. «Ավելի հեշտ է, որ ուղտը մտնի ասեղի անցքից, քան մեծահարուստը՝ Աստծու արքայություն» (Մրկ․ 10:25): Այս խոսքերում մեր Տերն ընդգծում է հարուստների համար հոգևոր հարստությունը պահպանելու և Աստծո արքայության վրա կենտրոնանալու դժվարությունը: Այնուամենայնիվ, Նոր Կտակարանը ներկայացնում է նաև մարդկանց օրինակներ, որոնք իրենց հարստությունն օգտագործել են աստվածահաճո գործերի համար: Կարդալով Սուրբ Գիրքը՝ հանդիպում ենք Քրիստոսի կողմից քարոզված բազմաթիվ խրատների, թե ինչպես պետք է կիսել ունեցվածքը կարիքավորների հետ` ցույց տալով առատաձեռնության և համերաշխության սկզբունքը:
Սուրբ Գրքում հարստությունը հաճախ դիտվում է որպես Աստծո օրհնություն, բայց այն կապված է նաև պարտականությունների և մարտահրավերների հետ: Մի կողմից Աստվածաշունչն ընդունում է, որ հարստությունը կարող է օրհնություն լինել և պատմում բազմաթիվ այդպիսի մարդկանց մասին, որոնք հարուստ են եղել, ինչպես Սողոմոն թագավորը և Աբրահամ նահապետը: Շատ կարևոր է նշել, որ հարստությունը ինքնին հանցագործություն կամ մեղք չէ: Մյուս կողմից Աստվածաշունչը զգուշացնում է, որ չափից դուրս կապված չլինենք նյութականին:
Նշեմ, որ Աստվածաշունչը հավասարակշռված տեսակետ է ներկայացնում հարստության թեմայի վերաբերյալ` հորդորելով հավատացյալներին մոտենալ դրան իմաստությամբ, երախտագիտությամբ և ուրիշների հետ կիսվելու պատրաստակամությամբ: Հարստությունն ինքնին չար չէ, բայց կախված նրանից, թե ինչպես ենք մենք այն օգտագործում, որոշում է դրա բարոյական արժեքը Սուրբգրային ուսմունքի լույսի ներքո: Հարստությունը Աստծո պարգևն է` ուղեկցվող պարտավորություններով ու մարտահրավերներով: Այն խրախուսում է համեստությունը, արդարությունը և առատաձեռնությունը, ինչպես նաև միջոցների օգտագործումն ի փառս Աստծո և հօգուտ ուրիշների բարօրության: Կցանկանայի բերել ավետարանական առակների մի քանի օրինակներ, կապված հարստության հետ:
Անիրավ տնտեսի առակում (Ղուկ․ 16:1-8) Քրիստոս գովելի դեպք չի ներկայացնում. տանտիրոջը վատ ծառայելը հանցանք է, տանտիրոջ ունեցվածքի դեմ խարդախելը հանցանք է; մուրհակներ փոխելը հանցանք է: Այստեղ ուշագրավ է օգուտ քաղելու ձևը: Երբ տնտեսը մուրհակները փոխել է տալիս, նա կարող է օգտվել տարբերության գումարից՝ նույն պահին պարտապաններից պատշաճ մաս ստանալով, բայց տնտեսի նպատակն էր շահել միայն պարտապանների երախտապարտությունը, որպեսզի երբ պաշտոնից ազատվի, նրանց տներում ընդունված լինի: Առակի նպատակն է հասկացնել և ուսուցանել, որ մարդ պարտավոր է ձեռքում եղած նյութական բարիքներից ընկերոջը օգուտ հանել, օգնել, նպաստել, ողորմել:
Մնասների առակում (Ղուկ․ 19:11-27) «ազնվական մարդը», որ գնում է հեռու երկիր, Հիսուս Քրիստոսն է: «Կանչեց իր տասը ծառաներին, յուրաքանչյուրին մեկական մնաս տվեց և ասաց. «Շահարկե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկ․ 19:11-27): Ծառաները խորհրդանշում են Աստծո խոսքը լսողներին, Աստծո պատվիրանները պահողներին: Մնասը խորհրդանշում է Աստծո խոսքը, որ ծառաները պետք է տարածեն մարդկանց մեջ: Այս առակի այն ծառան, որ «թաշկինակի մեջ ծրարած պահում» էր մնասը (Ղուկ․ 19:20), նմանվում է իր ճրագը մահճի տակ դնող մարդու՝ համաձայն Քրիստոսի հետևյալ խոսքերի. «Ոչ ոք ճրագ չի վառի և անոթով չի ծածկի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն» (Ղուկ․ 8:16): Առակի հիմնական խորհուրդն այն է, որ պետք է վերցնել Տիրոջ խոսքը և սփռել, բազմացնել այն աշխարհով մեկ: Եվ բնավ Տերը մեզ չի դատելու նրա համար, որ քիչ ենք տարածել, քիչ մարդկանց ենք բերել դեպի ճշմարիտ ուղի, այլ կբարկանա նրա համար, որ ոչ մի գործունեություն չենք ծավալել՝ օժտված լինելով քարոզելու շնորհով:
Զուգահեռներ տանելով «անիրավ տնտեսի» և «տաս մնասների» առակների միջև՝ նորից գալիս ենք այն կետին, որ պետք է քո հարստությամբ` կլինի դա նյութական, թե հոգևոր, կիսվես նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն:
Հարուստ երիտասարդի օրինակում (Մտթ․ 19:16) կարդում ենք. «Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ: Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից» (Մտթ․ 19:16, 21): Այս դասը կքաջալերի մեզ Փրկչից սովորել, թե ինչ է պետք կատարյալ լինելու և Նրան հետևելու համար:
Իմ ուսումնասիրություններում տեղ գտած առակների և Ավետարաններում տեղ գտած այլ առակների վերլուծությամբ գալիս ենք այն լուսավոր, աստվածային կետին, որն է շնորհը, սերը, եղբայրասիրությունը, սեփական ունեցվածքից բաժին հանելու ուժը, լսած Աստծո խոսքը սերմանելու կարողությունը և նմանօրինակ շատ առաքինությունների ամբողջական մի վեհ աստվածային գաղափարի, որի անունն է Քրիստոնեություն:
Արմեն Կսպոյան
«Զորավոր» երիտասարդաց միության անդամ