Աստվածածնի օգնության մասին

- Հա՛յր, անվանակոչությանս տոնին «քաղցրավենիք» չստացա, իսկ քույրերը «հյուրասիրության» էին սպասում (1):

- Այո, ճիշտ ես, ես քեզ «քաղցրավենիք» չուղարկեցի և քույրերին հյուրասիրելու ոչինչ չունեիր, սակայն մեկ այլ նվեր եմ պատրաստել քեզ համար: Մի քանի օրից մենք ևս կնշենք մեր Մոր տոնը (2), և ես կրկին կխնդրեմ նրան, որպեսզի իր քաղցրանուշ սիրով սնի քեզ ու բազում սրբազան շնորհներ պարգևի:

- Հա՛յր, երբ ժամանակ առ ժամանակ անկում եմ ունենում, թախիծը պատում է ինձ:

- Աստվածածնին նվիրված շարականներից երգիր («Մայր և կույս», «Խնկի ծառին նման ես»…- թրգմ.): Թող դա որպես կանոն լինի քեզ համար, և Աստվածամայրը քեզ կօգնի: Աստվածածինը մեզ երբեք չի լքում, այլ իր ուսերին դրած տանում է, և կարևորն այն է, որ ինքներս դա ուզենք ու անկարգ երեխաների պես ոտքներս չթափահարենք:

- Հա՛յր, կուզեի, որ Աստվածածինն ինձ էլ գրկեր, ինչպես Քրիստոսին է գրկում:

- Մի՞թե նա քեզ երբեք իր գիրկը չի առել: Երբևէ քեզ նորածին չե՞ս զգացել նրա գրկում: Ես նրան զգում եմ կողքիս և ինձ էլ մանուկ եմ զգում: Նա իմ Մայրն է: Հաճախ մոտենում եմ նրա սրբապատկերին ու ասում. «Աստվածածի՛ն, հիմա շնորհի կաթն եմ խմելու»: Նրա մեծ սերն ու անպատմելի քնքշությունը զգալով՝ ինձ մոր գրկում անհոգ պառկած կրծքի մանուկ եմ զգում և այդկերպ շնորհով սնվում:

- Հա՛յր, Աստվածածինն ինչո՞ւ է խնդրածս երբեմն միանգամից տալիս, իսկ երբեմն ոչ:

- Երբ կարիքի մեջ ենք, Աստվածածինը միանգամից պատասխանում է մեր աղոթքին, իսկ երբ ոչ՝ թողնում է, որ կամաց-կամաց քաջություն ու տոկունություն ձեռք բերենք: Երբ ես Ֆիլոթեու մենաստանում էի ապրում (3), մի անգամ Աստվածամոր տոնի գիշերային հսկումից անմիջապես հետո ավագ վանականներից մեկն ինձ ուղարկեց Իվերոն՝ նամակ հանձնելու: Հետո պետք է մենաստանի նավամատույց գնայի՝ մի ծերի դիմավորելու և մենաստան ուղեկցելու, որը մեկուկես ժամվա ոտքի ճանապարհ էր: Այն ժամանակ Ննջման տոնի պահքը երկու մասի էի բաժանում. Պայծառակերպությունից առաջ ոչինչ չէի ուտում, Պայծառակերպությանն ուտում էի, իսկ հետո մինչ Ննջումը կրկին ոչինչ չէի ուտում: Մենաստանից դուրս եկա հսկումից անմիջապես հետո և նույնիսկ մի քանի չորահաց չվերցրի հետս: Հասա Իվերոն, նամակը տվեցի ու նավամատույց գնացի՝ նավին սպասելու: Կեսօրից հետո ժամը չորսի կողմերը պիտի ժամաներ, սակայն ուշանում էր: Հանկարձ ինձ վատ զգացի: Մի կողմում դարսված հեռագրասյուների պես սյուներ կային և դրանց նայելով՝ մտածեցի. «Գնամ այնտեղ նստեմ, որպեսզի ոչ մեկն ինձ չտեսնի ու չհարցնի, թե ինչ է ինձ հետ կատարվում»: Երբ նստեցի մտքովս անցավ Աստվածածնին աղոթել, որպեսզի նա ինչ-որ կերպ հոգ տանի իմ մասին: Բայց նույն պահին էլ մտածեցի. «Դժբախտի մեկը, և նման չնչին բաներով պիտի անհանգստացնե՞ս Աստվածածնին»: Եվ հանկարծ դիմացս կանգնած մի վանականի տեսա: Նրա ձեռքում մի կլոր հաց կար, երկու թուզ ու խաղողի մի մեծ ողկույզ: «Վերցրո՛ւ ի փառս Աստվածածնի»,- ասաց նա ու անհետացավ: Հուզմունքից այլևս չկարողացա արցունքներս զսպել՝ ուտելու մասին իսպառ մոռանալով… Այո, այո: Ահա թե ինչպիսի Մայր է: Նույնիսկ մանրուքների մասին է հոգ տանում: Հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում:

- Աստվածամոր օգնության ու պաշտպանության մասին մի քանի խոսք ասացեք մեզ, հա՛յր:

- Մի դեպք պատմեմ ձեզ, որ Ռուսաստանում է տեղի ունեցել: Ռուսաստանի մարզերից մեկում հարևանությամբ գտնվող երկու մենաստան կար, որոնք միմյանցից բաժանվում էին երկաթգծով: Տոներից մեկի ժամանակ մի մենաստանի վանականները մյուս մենաստան են գնում ու այնտեղ հարբում: Երբ հարբած վերադառնում են, պառկում են հենց ռելսերի վրա ու քնում: Այնժամ Աստվածածինը հայտնվում է կայարանի պետին ու ասում. «Գնացքը խոճկորներիս կմորթի»: «Ի՞նչ խոճկոր, ի՞նչ անհեթեթություն է»,- ասում է պետը: Աստվածածինը երկրորդ անգամ է հայտնվում նրան ու կրկնում. «Խոճկորներս գնացքի տակ կմնան»: «Ախր ի՞նչ խոճկոր»,- զարմանում է կայարանապետը: Գնում է ստուգելու և տեսնում քնած վանականներին. հասցնում է արթնացնել: Այլապես անցնող գնացքը ճզմելու էր նրանց: Տեսնո՞ւմ եք, թե Աստվածածինը՝ որպես բարի Մայր, ինչպես է հոգ տանում նույնիսկ իր անհնազանդ զավակներին:

Հնարավորինս ամո՛ւր կառչեք մեր մեծ Տիրուհու զգեստներից, որպեսզի նա օգնի ձեզ: Թող որ Աստվածածինը՝ համայն աշխարհի այդ քնքուշ ու հոգատար Մայրը, պահպանի ձեզ ու ողջ աշխարհը. ամեն:

 

1. Նկատի ունի շնորհավորանքներով նամակը, որը, սովորաբար, նաև հոգևոր խրատներ էր պարունակում:

2. Ծերը նկատի ունի, որ Աթոսում Աստվածածնի Ննջման տոնը հին տոմարով են նշելու:

3. 1955-1958 թթ.:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

10.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․