Քրիստոս Հարությունից հետո քառասուն օրերի ընթացքում երևաց Իր աշակերտներին, իսկ Համբարձման ժամանակ աշակերտների հետ եկավ Ձեթենյաց լեռը: Ու երբ կամենում էր համբարձվել, Աստվածածին մայրը կանգնեց իր Միածնի առաջ և ասաց. «Ով Տեր իմ և Աստված իմ, Արարիչ իմ և Որդի իմ: Ահա Դու ելնում ես դեպ Քո հայրենի փառքը, իսկ ինձ թողնում ես այս կյանքում տարակուսած: Դու գիտես հրեաների ապերախտությունը, որ Քեզ` բարերարիդ, չարը հատուցեցին, իսկ ինձ ի՞նչ կանեն»: Եվ Տերն ասաց. «Խաղաղություն քեզ, Իմ քաղցրիկ մայր, չեմ թողնի քեզ, Իմ սուրբ տապանակ և խորան: Բայց մնա մի փոքր ժամանակ Իմ ընտրյալ աշակերտների մեջ, որ քեզ տեսնելով մխիթարվեն: Եվ երբ ելնես քո մարմնից, քեզ մոտ չեմ առաքի հրեշտակների և ոչ հրեշտակապետների կամ սերովբեներից որևէ մեկին, այլ հենց Ես գալով հրաշալի փառքով և պատվով` քեզ կտանեմ դեպի իմանալի կյանքը` վերին Երուսաղեմ»:
Ատվածածնի Վերափոխման տոնը բոլոր Եկեղեցիները տոնում են օգոստոսի 15-ին, սակայն տոնական շրջանի տևողությունը տարբեր է:
Այն Եկեղեցիները, որոնք մեկ օր են նշում, տոնախմբում են Ամենասուրբ Կույսի ննջումը: Իսկ ովքեր երեք օր` Կույսի հարությունն են տոնում, քանի որ Սուրբ Մարիամի ննջելուց երեք օր հետո հրեշտակների երգեցողությունը, որ լսվում էր Աստվածամոր գերեզմանից, դադարեց, որով և առաքյալներն իմացան Ամենօրհնյալ Կույսի հարության մասին: Իսկ Վերափոխման տոնը ինն օր տոնողները տոնում են այս մտքով: Նրա Միածին Որդին երկինք համբարձվելուց հետո յուրաքանչյուր օր հրեշտակների ինը դասերից մեկում անցկացրեց: Հրեշտակներն ուրախությամբ տոնախմբում էին Քրիստոսի Համբարձումը մինչև տասներորդ օրը, երբ Քրիտոս հրեշտակների վերին զորություններից` իշխանություններից ու պետություններից վեր անցավ և մտավ խորհրդանշական վարագույրի ներքին կողմը` նստելով Իր Հոր աջ կողմում: Նույնպես և Միածնի մայրը երկրից յոթնաստղ լուսեղեն խորան վերափոխվելիս անցավ հրեշտակների ինը դասերի միջով` ամեն դասում լինելով մեկ օր: Հրեշտակներն օրհնություն և բարեբանություն էին մատուցում և պատվում Բանն Աստծո մորը և ծնողին: Իսկ տասներորդ օրը Աստվածածինը հրեշտակների ինը դասերից վեր անցնելով` մտավ վարագույրի ներքին կողմը և նստեց Միածին Որդու աջ կողմում: Մենք սա սովորեցինք մեր լուսավորչից` Սուրբ Գրիգորից, և սա մեզանում հաստատվեց ավանդությամբ, որով և հայերս Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը տոնում ենք ինը օր:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից