«Աստվածածնի յոթ վերքը» պատկերագրությունը

Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով Աստվածամոր պատկերները, ուր նա ներկայացվում է կամ յոթ սրերով խոցված, կամ էլ առանց սրերի և կրծքի վրա բոցավառվող սրտի պատկերով: Վերջին տարբերակն առաջացել է ֆլանդրիական եղբայրության ազդեցության ոլորտում:

Պատկերագրության գրական հիմքը Ավետարանն է և եկեղեցական մատենագրությունը: Ղուկասի ավետարանում կարդում ենք, որ Սիմեոն ծերունին, Մանուկ Հիսուսին իր գիրկն առնելով, դիմում է Մարիամին՝ ասելով. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկաս 2:35): Քրիստոսի երկրային կյանքի ճանապարհին Նրան հասցված չարչարանքները խորհրդաբանորեն փոխանցվում են Աստվածամորը՝ խոր վերք թողնելով նրա սրտում: Աստվածամոր սիրտը խոցած յոթ վերքերն են՝

Ա. Սիմեոն ծերունու մարգարեությունը, երբ քառասնօրյա Մանկանը բերեցին տաճար:

Բ. Փախուստը Եգիպտոս՝ խուսափելու Հերովդեսի հալածանքներից:

Գ. Երբ Տիրամայրը տաճարում կորցնում է 12-ամյա Քրիստոսին:

Դ. Երբ Հիսուսին դատապարտեցին խաչելության:

Ե. Հիսուսին մահվան դատապարտեցին՝ գամելով Նրան խաչափայտի վրա:

Զ. Հիսուսի հոգին ավանդելը,Նրա կողը խոցելն ու Խաչից իջեցնելը:

Է. Երբ Հիսուսին թաղեցին:

Աբել քահանա Մանուկյանը հետևյալ կերպ է խմբավորում Աստվածամոր վերքերի պատճառները՝ «Մարգարեացումը, հայրենազրկությունը, կորուստը, խաչելությունը, մահը, ցավատանջը, թաղումը» (Ա. քհն. Մանուկեան, Գիւմրիի «Եօթ վէրք»-ը, Երեւան, 2006):

«Տիրամոր յոթ վերքը» կտավը ստեղծագործելիս հայ հեղինակի համար նախօրինակ է հանդիսացել իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելոյի (1475-1564) հանրահայտ «Պիետա» (իտալերեն - pjeˈta - «ողբ») մարմարե քանդակը, որը գտնվում է Հռոմի Ս. Պետրոս տաճարում: Նկարը քանդակի հայելային պատկերն է: Միայն թե, ի տարբերություն քանդակի, նկարն ունի գեղանկարչությանը հատուկ որոշ հավելումներ. մասնավորապես ողբի տեսարան են ներմուծված դեռատի մոր սիրտը խոցող և հոգու վերքերը ցույց տվող յոթ սրերը: Վերին մասում, բռնակների մոտ, կլոր շրջանակների մեջ պատկերված են դրանցից յուրաքանչյուրի իմաստային մոտիվները: Նկարի ցածի մասում ներկայացված են Հիսուսի չարչարանքները խորհրդանշող փշե պսակը, մեխերը, խաչափայտը, որոնք ավելի ազդեցիկ են դարձնում մահացած Աստվածորդու վրա ողբացող մոր պատկերի դրամատիկ ներգործությունը: Տպավորիչ է Տիրամոր հողաշագանակագույն զգեստի վրա դեղնավարդագույնով մեկնաբանված Հիսուսի մարմինը, որն ավելի է սրում թեմայի ողբերգական բնույթը: Այս ամենի շնորհիվ նկարը բավականին տարբերվում է մարմարե բնօրինակից:

Հայկական սրբանկարչության մեջ մեզ հայտնի են հինգ պատկեր, որոնցից երկուսը գտնվում են Գյումրիի Ս. Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում (1837թ.) և մեկական սրբապատկերներ՝ Ախալքալակի Ս. Նշան եկեղեցում (1865թ.), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (թիվ 29), Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ, Գ-853): Դրանք անհայտ հեղինակների գործեր են, որոնցից չորսը թվագրվում են 19-րդ դարի առաջին կես, մեկը՝ 17-րդ դարի վերջ-18-ի սկիզբ: Այս նկարներն ունեն պատկերագրական զանազան հորինվածքներ: Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցու գործերից մեկում յոթ սրերով խոցված Ս. Կույսը պատկերված է մինչև գոտկատեղ, ձեռքերն աղոթելու դիրքով կրծքի վրա բռնած: Մյուս սրբապատկերներում նրա գոգին պատկերված է խաչից իջեցված Քրիստոս:

Ազգային պատկերասրահում ցուցադրվող «Աստվածածնի յոթ վերքը» նկարն առաջին անգամ հիշատակվում է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Դավթարում», ըստ որի՝ կախված է եղել Ս. Հակոբի խորանում: Պատկերի ներքևի հիշատակային գրությունը փաստում է, որ այն Աստապատցի Հովսեփ վարդապետի նվերն է Էջմիածնի վանքին:

Կտավի կենտրոնում պատկերված է Աստվածածինը, գոգին՝ մեռյալ Քրիստոս, իսկ վերնամասում՝ կապտականաչավուն երկնքի խորքին բոլորաձև տեղադրված յոթ սրերը ուղղված են նրա կրծքին, որոնց բռնակների մոտ թեմատիկ պատկերով մեկական շրջանակ է: Աստվածածնի թիկունքի կողմից բարձրանում է մեծ խաչափայտ, իսկ ոտքերի առջև՝ գետնին, Քրիստոսի մատնության ու չարչարանքի գործիքներն են՝ գամեր, աքցան, փշե պսակ, մտրակ, զառ, «գիր վնասուն» թուղթը: Դրանք նման են «Սևանի Աստվածամայրը» սրբապատկերի՝ նույն իմաստն արտահայտող առարկաներին: Շրջանակների մեջ պատկերված տեսարաններն անվերծանելի են՝ ներկաշերտը մաշված ու թափված լինելու պատճառով: Սակայն նկարի բովանդակությունը հուշում է, որ դրանք կապված են յոթ ցավերի հետ:

«Աստվածածնի յոթ վերքը» պատկերը իր հորինվածքային կառուցվածքով բաժանվում է բովանդակությամբ իրար լրացնող և շարունակություն կազմող մի շարք առանձին հատվածների: Կտավի հորիզոնական առանցքին տեղադրված Աստվածածնի գոգին Քրիստոսի մարմինն է, ուղղահայաց առանցքին՝ խաչափայտը, որն ավարտվում է չորրորդ սրի վերևի տիրագունդ հիշեցնող շրջանակով: Խաչից սկիզբ առնող երկու թեք գծերը (կենտրոնում պատկերված է Մարիամի գլուխը) բացվելով իջնում են մինչև Աստվածածնի ձեռքերը և հատվում հորիզոնական առանցքին պատկերված Քրիստոսի մարմնի ու Աստվածամոր՝ իրարից հեռու դրված ոտքերի գծով կազմված ուղղանկյան հետ: Եռամասն այս հատվածների ուրվագիծը ներառում է եկեղեցու գմբեթի մի պատկեր: Քրիստոնեական խորհրդաբանության համաձայն՝ Աստվածածինը խորհրդանշում է եկեղեցին, և այս գաղափարը գեղանկարչական իր ուրույն արտահայտությունն է գտել այս կտավում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող սրբապատկերում Հիսուսի անկենդան մարմինը Աստվածածնի դիմացն է՝ սպիտակ սավանի վրա, որի ծայրերից բռնած երկու ծնկաչոք հրեշտակներ դնում են քարեհատակին: Խաչից իջեցված Քրիստոս գոգին և յոթ սրերով խոցված Աստվածամոր երկու կողմերում կանգնած են մեկական հրեշտակ և վերևի անկյուններում՝ ամպերի մեջ, հրեշտակների գլուխներ: Նրանց տխուր հայացքներն ուղղված են Ս. Կույսին ու Քրիստոսին: Տիրամայրը պատկերված է գլուխն ուսին հենված, մատներն իրար մեջ անցկացված ձեռքերը կրծքին, անթարթ հայացքն ուղղած Հիսուսին:

Գյումրիի սրբապատկերում Մարիամի լուսաշող դեմքին, հեռուն հառած հայացքում ամփոփված է ոչ այնքան ցավի ու տառապանքի ապրումներ, որքան, Ա. Մանուկյանի ձևակերպմամբ՝ «յաւիտենական խաղաղութիւն մը, հոգեւոր անասել անդորրութիւն մը, անհունը յոյսին ու զօրութիւն յաղթանակող կեանքին»: Նկարի գունային լուծումը նպաստում է տեսարանի ընդհանուր տրամադրությանը:

Ախալքալակի Ս. Նշան եկեղեցու սրբապատկերը տեղադրված է փայտյա, քանդակազարդ երկփեղկ պահարանի մեջ, ինչպես Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցում: Հեղինակը ջանացել է Աստվածածնի ու հրեշտակների ապրումները մարմնավորել սառը կապտամոխրագույն գունաշարի միջոցով:

Քանդակագործության մեջ «Աստվածածնի յոթ վերքի» մեզ հայտնի միակ գործը գտնվում է Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան պատի վրա: Սպիտակ քարից կերտած հարթաքանդակի ներքևում տեղ գտած արձանագրության մեջ արժեքավոր տեղեկություններ կան այս քանդակի և ավանդատանը գտնվող Աստվածածնի սրբապատկերի ծագման մասին: Ըստ այդմ՝ պատկերները Հասանկալայի վանքից 1830թ-ին Պողոս վարդապետը տարել է Հառիճավանք, այնտեղից էլ 1852թ-ին Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի (1843-1857) հրամանով տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճար, իսկ 1856թ-ին՝ հանգրվանել Գյումրիում: Սա փաստում է սրբապատկերների նկատմամբ դարեր շարունակ հայ իրականության մեջ գոյություն ունեցող հատուկ վերաբերմունքը:

«Յոթ վերքը» պատկերաքանդակի պատկերագրության մեջ ուշադրություն է գրավում Աստվածամոր թիկունքի կողմում քարքարոտ լեռնալանջի վրա բարձրացող մեկական փարթամ արմավենին: Այս դրվագը նորություն է «Յոթ վերքի» պատկերագրության մեջ: Լեռը կապվում է Քրիստոսի խաչելության վայրի՝ Գողգոթայի հետ: Իսկ արմավենին քրիստոնեական արվեստում խորհրդանշում է դրախտը, հաճախ նաև՝ կենաց ծառը, ինչպես նաև՝ Պաղեստինն ու Երուսաղեմը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

27.07.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․